Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ որոշումը վերջնական չի կարող լինել». Համո Սահյանի որդին` հոր անտիպ արխիվը չվաճառելու որոշման մասին

Հունվար 05,2016 21:17

Բանաստեղծ Համո Սահյանի որդին` «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրի Սահյանը, թեև հետ է կանգնել հոր անտիպ արխիվը վաճառքի հանելու մտադրությունից, բայց վստահեցնում է, որ որոշումը վերջնական չէ:

Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նաիրի Սահյանը:

Նա տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունը խոստացել է լուծել իրեն մտահոգող խնդիրները, որոնց պատճառով ստիպված է եղել վաճառքի հանել հոր արխիվը. «Մշակույթի նախարարության հետ պայմանավորվածություն ունենք:

Նախարարն անձամբ ինձ խնդրեց, որ չվաճառեմ արխիվը, ասաց, որ իրենք ինձ կօգնեն, ես էլ համաձայնեցի: Բայց ես չեմ կարող համոզված լինել, ուղղակի դեռ հավատում եմ մարդկանց, հավատում եմ, որ եթե ասել են, ուրեմն կանեն: Բայց եթե հանկարծ չարվի, ես ստիպված եմ հանել վաճառքի, որպեսզի ինքս կարողանամ այդ գործերից մի քանիսն անել: Այնպես որ, այդ որոշումը վերջնական չի կարող լինել: Դա կախված է նրանից, թե ինձ ինչքանով կօգնեն»,- ասաց բանաստեղծի որդին:

 

Պարոն Սահյանի փոխանցմամբ` նախարարության հետ որոշել են, որ մինչև գարուն վերականգնված կլինի Համո Սահյանի հուշաքարը Երևանի Կասյան փողոցում և պատրաստ կլինի տուն-թանգարանը` Լոր գյուղում. «Երկու ամիս հետո գարուն է, էլի: Տեսնեմ` եթե այդ ընթացքում շարժ չեղավ նրանց կողմից, այդ դեպքում ուրիշ ելք չունեմ, պիտի հանեմ վաճառքի: Չգիտեմ` որքանով դա կարդարացնի իրեն, բայց կանեմ, որպեսզի այդ գործերը վերջացնեմ: Տուն-թանգարան անպայման պետք է լինի»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ բանաստեղծ Համո Սահյանի որդին վերջերս վաճառքի էր հանել հոր անտիպ արխիվը, որտեղ զետեղված են հայտնի գրողների կողմից բանաստեղծին ուղղված բազմաթիվ նամակներ, հոդվածներ, ձեռագրեր, անտիպ գործեր:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031