Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. «Ղարաբաղյան կարգավորումը 2015 թվականին». «Անալիտիկոն»

Հունվար 06,2016 21:42

2015 թվականն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր երեք կողմերի համար հագեցված էր զանգվածային միջոցառումների և համազգային քվեարկությունների անցկացման տեսանկյունից։

Ողջ տարվա ընթացքում և հատկապես ապրիլին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անցկացվել են Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնածավալ ոգեկոչման արարողությունները, մայիսին տեղի են ունեցել ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, հունիսին Բաքվում կազմակերպվել են առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, նոյեմբերին Ադրբեջանում կայացել են խորհրդարանական ընտրությունները, իսկ դեկտեմբերին Հայաստանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Ի հեճուկս երեք երկրներում կարևոր միջոցառումների հագեցածության և ընդհանուր արտաքին մարտահրավերների՝ ադրբեջանական կողմը շարունակում էր սրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Միջազգային միջնորդական ջանքեր

2015թ. ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում էին իրենց առօրյա աշխատանքը։ Միջնորդների հայտարարություններն ու կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի պահպանման անհրաժեշտությանը, քանի որ սահմաններում իրավիճակը բավականին մտահոգիչ էր։ ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ քննարկումների այլ թեմաներն էին՝ ռիսկերի նվազեցման միջոցների և երեք երկրների սահմաններին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակումը, մարդասիրական հարցերը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը, վստահության միջոցառումները և մինչ 2015թ. վերջը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումը։

Միջազգային միջնորդներն այցելում էին հակամարտության գոտի և մասնակցում հրադադարի ռեժիմի մշտադիտարկումներին։

2014 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին իրենց երկրների ղեկավարության աջակցությամբ հաջողվել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպում։ Ի հեճուկս խոստումների և վաղօրոք հայտարարվածի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարթակում նախագահների ակնկալված հանդիպումը չի կայացել։ Սեպտեմբերի 26-ին Նյու-Յորքում հանդիպել են ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարները։

Բանակցություններին նախորդել է Ադրբեջանի սանձազերծած լարվածության հերթական սրումը։Ջեյմս Ուորլիքի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրադադարի ռեժիմի նոր խախտման կապակցությամբ կապ են հաստատել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ և կոչ արել վերջ դնել հարձակումներին և բռնությանը։ Դարձյալ հավասարության նշան է դրվել մի իրավիճակում, երբ հստակորեն հայտնի կողմի բացահայտ նախահարձակության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ չորս զինծառայող և ՀՀ երեք խաղաղ բնակիչ։

2015թ. դեկտեմբերի 9-ին, ԼՂՀ անկախության 24-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների Հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չպետք է խուսափի Ադրբեջանի նկատմամբ մեղադրանքներից՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ գոտում զոհերի հանգեցնող մարտեր հրահրելու համար։

2015 թվականին համանախագահները շարունակել են, սակավ բացառություններով, հանդես գալ անհասցե հայտարարություններով։ Ստեղծվել է մի յուրօրինակ արատավոր շրջանակ. համանախագահները չունեն հրադադարի ռեժիմը վերահսկելու և միջադեպերը հետաքննելու արդյունավետ մեխանիզմ, այդ իսկ պատճառով համանախագահներն ու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը չեն կարող ուղղակի կերպով մատնանշել մեղավորներին։ Հայաստանը և ԼՂՀ-ն համաձայն են քննարկել հետաքննության մեխանիզմի մանրամասները, բայց գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը, ինչն արտացոլվել է 2015թ. սեպտեմբերի 26-ին միջազգային միջնորդների հայտարարությունում։Անվերահսկելի իրավիճակը ձեռնտու է ադրբեջանական կողմին, որը շարունակում է իր ռազմական դիվանագիտությունը՝ չկրելով լիակատար պատասխանատվություն հրադադարի պայմաններում կրակի դադարեցման ռեժիմը խախտելու և մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչներին սպանելու համար։

Գործը հասել է նրան, որ ԵԱՀԿ միջազգային միջնորդներն անձամբ ադրբեջանական գնդակոծության տակ են ընկել հրադադարի ռեժիմի մշտադիտարկման և ԼՂՀ-ի ու Ադրբեջանի պետական սահմանի հատման ժամանակ։Սակայն կոնկրետ մեղավորը կրկին չի մատնանշվել։ Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ամերիկացի համանախագահն իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել. «Երբ մենք անցնում էինք շփման գիծը՝ միմյանց հաջորդած կրակոցները հարկադրել են ԵԱՀԿ ՄԽ դիտորդներին ապաստան որոնել։ Դա անընդունելի է»։ Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով համանախագահները նշել են, որ այդ միջադեպն ընդգծում է ԵԱՀԿ-ին՝ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմով օժտելու անհրաժեշտությունը։

Ակնհայտ է, որ միջազգային վերահսկողության բացակայության, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման և միջազգային խաղաղարար առաքելությունների անդամների անվտանգության երաշխիքների ստանձնած պարտավորությունների չկատարման պայմաններում առնվազն պետք է դադարեցնել միջնորդների՝ արցախա-ադրբեջանական չկարգավորված սահմանն անցնելու պրակտիկան։ ԼՂՀ-ն չպետք է միջազգային պատասխանատվություն ստանձնի ադրբեջանական կողմի հանցավոր վարքագծի համար։

Հրադադարի ռեժիմի վերահսկման թեման կենտրոնականն էր հայ-ադրբեջանական գագաթաժողովում։ Դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ 2015 թվականի միակ հանդիպումը, թեև տարվա ընթացքում եղել են շփվելու նաև այլ հնարավորություններ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները պաշտպանում են համանախագահներին՝ սահմանին բռնության նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքներում, ինչպես նաև հետաքննական մեխանիզմների ներդրման գործում: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը միշտ էլ սատարել են այս գաղափարը։ Թե որքանով են փոխվել ադրբեջանական կողմի մոտեցումները՝ կպարզվի մոտ ապագայում։

2015 թվականին ադրբեջանական կողմը շարունակում էր ձեռնարկել բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս բերելու և, մասնավորապես, ԵԽԽՎ հովանու ներքո տեղափոխելու փորձերը։  Համանախագահները քննադատել են հիշյալ փորձերը և նշել. «Հակամարտության կարգավորման համար հնչում են բանակցային նոր ձևաչափեր և աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկություններ։ Կարծում ենք, որ Մինսկի խումբն ունի միջնորդական առաքելության բացառիկ փորձառություն։ Մինսկի խմբի ձևաչափն ընդունելի է բոլոր կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների լիակատար վստահությունը։ Հաշվի առնելով բանակցությունների նրբանկատությունը՝ ձևաչափը փոխելու փորձերը կամ մեխանիզմների զուգահեռ ստեղծումը կարող են խախտել բանակցությունների գործընթացը և խոչընդոտել կարգավորման առաջընթացին»։

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

Հոդվածի ամբողջական տարբերակը զետեղված է հետևյալ հղմամբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031