Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Ոստիկանի ներկայությունը դպրոցում ավելորդ է»

Հունվար 10,2016 17:12

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե ոստիկանական տեսուչը՝ դպրոցում ծրագիրը ողջունելի է, ու պետք է ավելացնել այն դպրոցների թիվը, որտեղ լինելու են ոստիկանության տեսուչներ, ասաց, որ ի սկզբանե դեմ է եղել ոստիկանի ներկայությանը դպրոցում:

«Ոստիկանի ներկայությունը դպրոցում շատ վատ բան է, դրանք տեսուչներ չեն, ոստիկանական պահակներ են, ովքեր որոշ դպրոցներում չափազանց գերազանցում են իրենց լիազորությունները եւ անգամ խառնվում են տնօրենի գործերի մեջ: Տիկին Հովհաննիսյանը գնաց Ամերիկա, ուսումնասիրեց, եւ դա բերվեց ու ներդրվեց Հայաստանում, մինչդեռ Ամերիկայում ավելի լավ բաներ կային, որոնք կարող էին բարձրացնել կրթության որակը: Ոստիկանական տեսուչները ԱՄՆ-ում բոլորովին այլ նպատակով են գործում, այնտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչները շատ են, կրոնների միջեւ տարբերություն կա, անծանոթ մարդկանց կողմից երեխաների դեմ բռնություններ եւ այլ: Մեզ մոտ նման բաներ չկան»,-ասում է կրթության փորձագետը;

Հիմնավորելով ոստիկանության ներկայացուցչի ավելորդ լինելը կրթական հաստատությունում՝ տիկին Բախշյանը հավելում է. «Ընդհակառակը մենք պետք է  ընտրություն կատարող, ազատ մարդիկ դաստիարակենք դպրոցներում, որոնք որոշումներ կայացնելու հմտություններ կունենան, իսկ ոստիկանի ներկայությունը էն գլխից երեխայի համար հնազանդ լինելու յուրատեսակ զսպաշապիկ է դառնում: Ոչ մի ոստիկան մանկավարժ չէ, հոգեբան չէ: Արդեն նշեցի, որ երբեմն գերազանցելով իր լիազորությունները՝  ոստիկանը խառնվում է դպրոցի ներքին գործերին: Գիտեմ նաեւ մերոնց հիմնավորումը, որ տարբեր դպրոցներից ավագ դպրոցներ են գալիս պատանիներ, իբր նրանց կռիվները բացառելու համար է արվում այդ ամենը, բայց դրա համար դպրոցում պետք է ընդամենը համապատասխան մթնոլորտ ստեղծել, այնպիսին, որ տաքգլուխ պատանիների պաթոսը դրական  ուղղությամբ տարվի: Այս մթնոլորտը չեն ստեղծում, ու ուզում են, որ  ոստիկանը գա,  տնօրենի եւ մանկավարժների փոխարեն բարենպաստ պայմաններ ստեղծի, իրենք էլ դասարանում հանգիստ պարապեն: Ծիծաղելի բան է, ես չեմ հավատում դրան եւ բոլորովին համամիտ չեմ ոստիկանության ներկայությանը»,-ասում է Անահիտ Բախշյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. zaven says:

    Ոստիկանի ներկայությունը դպրոցում հույժ կարևոր է։ Այն ավելորդ կդառնա, երբ աշակերտները դպրոց գան սովորելու, ոչ թե ժամանակ անցկացնելու։ Իսկ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ ավագ դպրոցների աշակերտների գերակշիռ մասի համար դպրոցը պարապ վախտվա խաղալիք է, իսկ ընդունելության քննություններին նախապատրաստվում են դասուսույցների մոտ։ Անկեղծ ասածես կարծում եմ, որ ավագ դպրոցները ավտոմեքենայի հինգերորդ անիվն են։ Մի դեպք պատմեմ, որի ականատեսն եմ եղել։ Ավագ դպրոցի աշակերկները դասերից փախել էին, և գտնվում էին դպրոցին հարակից այգում։ Դպրոցի ողջ կոլեկտիվը չէր կարողանում աշակերտներին դպրոց վերադարձնել։ Եվ դպրոցի երիտասարդ ուսուցիչներից մեկը գտավ ելքը։ Զանգեցին այդ թաղի գողական մի երիտասարդի և նրա հրամանով աշակերտները մի քանի րոպեից հետո դասարաններում էին։ Ես համոզված եմ, որ ոստիկանի կարիք կա նաև քոլեջներում, որտեղ սովորողները ավագ դպրոցների աշակերտների տարիքին են։ Իսկ տիկին Բաղշյանին ասեն, որ նա պիտի հաճախի ավագ դպրոցներ և քոլեջներ ու համոզվի, որ ոստիկան, անգամ երկու ոստիկան անհրաժեշտ են։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031