Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում առկա բարդ գործընթացների ֆոնին ՀՀ-ն կարողացել է վարել ճկուն դիվանագիտություն»

Հունվար 11,2016 17:46

Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանի դիտարկմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին առաջիկայում էլ ավելի կլարվի ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում, և թուրքական իշխանությունների համար կստեղծվի բավականին փխրուն իրավիճակ. «Ամեն օր ստանալով բազմաթիվ թուրք զինվորների մահվան լուր՝ թուրք բնակչության նյարդերը մի օր կարող են տեղի տալ, իսկ դա կհանգեցնի որոշակի ընդվզման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը:

Իրավիճակը բավականին բարդացել է նաև Ադրբեջանում. «Նույնիսկ ալիևյան կլանին մշտապես պաշտպանող մամուլն է ահազանգում, որ 2016 թվականը թե´ քաղաքական, թե´ տնտեսական առումներով Ադրբեջանի համար հեշտ տարի չի լինելու: Նավթի գնի անկումը, ադրբեջանական մանաթի արժեզրկումը, դրանց արդյունքում մեծ թվով ապրանքների և ծառայությունների թանկացումներն Ադրբեջանում չեն կարող չառաջացնել բնակչության դժգոհությունը: Եթե սրան գումարենք նաև Նարդարանում տեղի ունեցած շիա արմատականների ընդվզումներն իշխանությունների դեմ, ապա կարող ենք ասել, որ ալիևյան վարչակարգի գերիշխանությունը նույնպես բավականին փխրուն է: Այստեղ տեղին է հիշատակել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովի հայտարարությունն առ այն, որ 2016 թվականին Ադրբեջանի ժողովուրդը պետք է առավելագույնս պահպանի կարգ ու կանոն: Դա նշանակում է, որ տեղի իշխանությունները վախեր ունեն, որ ամեն րոպե Ադրբեջանում կարող են բռնկվել հակակառավարական ցույցեր»,- նշեց Մուշեղ Խուդավերդյանը:

Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում առկա բարդ գործընթացների ֆոնին ՀՀ-ն կարողացել է վարել ճկուն դիվանագիտություն: Եվ հենց այդ ճկուն արտաքին քաղաքականության արդյունքում է, որ այսօր Հայաստանը զերծ է մնում այդ գործընթացների ծանրագույն հետևանքներից. «Ըստ իս, լռությունը նույնպես ճկուն դիվանագիտության բաղադրիչ է,- մանրամասնեց բանախոսը.- ՀՀ-ն գործիք չդարձավ այնպիսի ուժերի ձեռքում, որոնք կարող էին Հայաստանին և Մերձավոր Արևելքում ապրող հայերին ներքաշել հակամարտության մեջ: Կարծում եմ, որ արդեն իսկ հաղթանակ կարելի է համարել այն, որ Հայաստանում տեղի չեն ունենում ահաբեկչություններ, հասարակական լարվածության վտանգ այդքան էլ չկա, տնտեսությունը հնարավորինս քիչ տուժեց հարևան երկրներում տեղի ունեցող հակամարտություններից»:

Վերլուծաբանը նաև համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները դրական են անդրադառնում Հայաստանի անվտանգության վրա. «Միաժամանակ, Հայաստանը բավականին հավասարակշռված քաղաքականություն է վարում Արևմուտքի հետ: Եվ այս պարագայում Հայաստանը միայն շահում է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Մուշեղ Խուդավերդյանը նկատեց, որ թուրքական իշխանություններն այսօր ավելի կարևոր հարցեր ունեն լուծելու, և հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս Թուրքիայի համար առաջնային բնույթ չեն կրում. «Անկախ ռուս-թուրքական հարաբերություններում առկա իրավիճակից՝ հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի խնդիրներ ու խոչընդոտներ կան, որոնք առաջիկայում կդժվարացնեն ինչ-որ լիարժեք տեղաշարժերի գոյությունը»:

Թուրքագետի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են բարդության այնպիսի աստիճանի վրա, որ դրանց առավել բարդացումը կբերի ռազմական գործողությունների, ինչը նա տրամաբանական չի համարում. «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և Հայաստանի դեմ ցանկացած ոտնձգություն կդիտվի որպես Ռուսաստանի դեմ ոտնձգություն»:

Մ. Խուդավերդյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը բարդ կացության մեջ է դրել նաև Ադրբեջանին. «Վերջինս, բարելավելով հարաբերությունները Արևմուտքի հետ, կվատթարացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը վտանգի տակ կդնի ինչպես Ադրբեջան պետության, այնպես էլ Ալիևի ղեկավարության գոյությունը: Ռուսաստանի հետ յուրաքանչյուր խնդիր Ադրբեջանի համար կարող է շատ թանկ արժենալ»,- կարծում է վերլուծաբանը:

Դառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին՝ նա նշեց, որ դրանցով Ալիևը փորձում է շեղել իր ժողովրդի ուշադրությունը երկրում ծառացած սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից. «Ինչքան բարդանում է Ադրբեջանի տնտեսական և քաղաքական վիճակը, այնքան ավելի է սրվում իրավիճակը սահմանում, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը դրանով փորձում է ներքին լսարանին զբաղեցնել և շեղել մյուս խնդիրներից»,- նշեց Մ. Խուդավերդյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031