Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ. «Տենց բան մեզ մոտ չի արձանագրվել». «1in.am»

Հունվար 12,2016 23:23

Չնայած մամուլի մի շարք հրապարակումներին՝ դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին ծեծելու մասին, ոստիկանությունն այդպես էլ որևէ կերպ չարձագանքեց այդ դեպքին ու հրապարակումներին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանին մի քանի հարց ուղղել է «1in.am»-ը:

– Պարոն Մկրտչյան, մամուլում մի քանի հրապարակում եղավ Էջմիածնում ծեծի առթիվ, ինչո՞ւ որևէ բան չի ձեռնարկում ոստիկանությունը:

– Նման փաստ չկա մեզ մոտ արձանագրված, դա չի համապատասխանում իրականությանը:

– Սակայն մամուլում գրվել է, և մամուլի հրապարակումների հիման վրա դուք կարող եք նյութեր նախապատրաստել: Բացի այդ, Հրաչ Աբգարյանը մամուլում չի հերքել, որ իրեն ծեծի են ենթարկել:

– Մենք դեռևս մամուլում նման բան չենք հայտնաբերել, ուղղակի մամուլի գրածով ստուգումներ ենք իրականացրել, պարզել ենք, որ չի համապատասխանում իրականությանը: Օպերատիվ հարցումներ ենք կատարել տարածքում, էնտեղ որտեղ նման բանի մասին խոսվում է, դեպքի հետ կապված հարցումներ ենք արել, ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը: Եթե կան նման փաստեր, կարող են մեզ մոտ հաղորդում տալ, մենք կզբաղվենք: …Հրաչ Աբգարյանն ասել է, որ նման դեպք տեղի չի ունեցել:

– Գեներալ Մանվելն է՞լ է ասել, որ նման բան չի եղել:

– Այո, մենք հարցումներ ենք արել քաղաքացիներից, ժողովրդից, համապատասխան մարդկանցից, ում մասին որ նշվում է, նման փաստ չի արձանագրվել:

– Կոնկրետ պատգամավորին հարցրե՞լ եք, որովհետև ասվում է, որ նա անձամբ է հարվածել նախկին քաղաքապետին:

– Հարգելիս, ես ասացի՝ ստուգում ենք արել, բանավոր հարցումների արդյունքում նման դեպք տեղի չի ունեցել: Եթե կա տուժող, կարող են դիմել ոստիկանություն, մենք օրենքով նախատեսված կարգով քննություն կիրականացնենք:

– Մամուլում բազմիցս գրվել է, որ Էջմիածնում գեներալ Մանվելը պատժում է իր համար անցանկալի վայրում կայանած մեքենաների վարորդներին: Սա նշանակո՞ւմ է, որ Էջմիածնում ոստիկանապետը Մանվել Գրիգորյանն է, ոչ թե Վլադիմիր Գասպարյանը:

– Չի կարող նման բան լինել: Ոստիկանությունն իր դիրքերում կանգնած է ժողովրդի կողքին, ծառայում է օրենքին և ժողովրդին: Ու չի կարող անպատժելի մարդ լինել, որ հանցագործության դեպք տեղի ունենա և չարձանագրվի ու օրենքի առաջ պատասխան չտա:

– Սակայն, փաստորեն, ճանապարհային ոստիկանության գործառույթն իրականացնում է Մանվել Գրիգորյանը՝ որոշելով, թե ով որտեղ պիտի մեքենան կայանի:

– Հարգելիս, տենց բան մեզ մոտ չի արձանագրվել: Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում նման փաստ: Չգիտեմ՝ նախկիններում ինչ է եղել, մի քանի տարի առաջ, բայց իմ աշխատած ժամանակահատվածում նման փաստ չունենք: …Դա ոստիկանությունն է որոշում, և կան համապատասխան ճանապարհային նշաններ, թե որտեղ կարելի է կայանել, որտեղ՝ ոչ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Մարդուն վիրավորում եք ,,գեներալ Մանվել,, կոչելով, պետք է լինի՝ ,,գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան,,: Մինչեւ վերջերս ինձ նույնպես թվում էր թե դա ժողովրդի կողմից սիրված մականուն է, ,,գեներալ Սեյրան,, – ի ,,Շմայս,, – ի կարգի, բայց մի առիթով հասկացա, որ մարդն այդ կոչման իրական տերն է (համազգեստն ունի, ամեն ինչը տեղը տեղին): Հիմա խիստ ամաչում եմ անգիտության…. մի փոքր էլ գնդապետների համար: Տուժողն այս դեպքում կարող է հպարտ լինել՝ պատմական հերոսի հետ այդքան մոտիկից առնչվելու համար:
    Իսկ միլպետին հնարավոր է հասկանալ՝ ընդհամենը փոխգնդապետ է:
    Մի խոսքով, լյոխ լյավ ա!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031