Լրահոս
Օրվա լրահոսը

Աչաջրի աղմկահարույց գործը մտավ դատարան

Հունվար 14,2016 22:10

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ, 1973թ. ծնված Գագիկ Ալավերդյանին, 1972թ. ծնված Արտակ Մանուչարյանին, 1987թ. ծնված Հովհաննես Ղալթախչյանին, 1961թ. ծնված Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նրանք նախնական համաձայնությամբ, Աչաջրի բնակիչ, 1978թ.ծնված  Մեխակ Մելիքբեկյանի  կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առեւանգել են նրան:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հովհաննես Ղալթախչյանին  մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ նա Աչաջուրի  բնակիչ Արթուր Մելիքբեկյանին ապօրինի իրացրել է ինքնալից որսորդական ակոսափող հրազեն եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար,որ նա ապօրինի ձեռք է բերել  եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանը պահել ռազմամթերք հանդիսացող 18 հատ 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ: 4 ամբաստանյալներին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  131 հոդվածի 2-րդ մասի 1.2 կետով(«Մարդուն առեւանգելը,որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական  համաձայնությամբ»): Հովհաննես Ղալթախչյանին եւ Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով

(« Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): 4 ամբաստանյալները  գտնվում են կալանքի տակ:

Հովհաննես Ղալթախչյանը Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի որդին է; Մեր տեղեկություններով՝ 4 ամբաստանյալներն էլ չեն ընդունում իրենց մեղքը, համարելով, որ իրականում Մեխակ Մելիքբեկյանի  առեւանգում չի եղել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեղադրանքը կպաշտպանի ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Արիստակես Բարսեղյանը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունվարի 21-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031