Լրահոս
Օրվա լրահոսը

Էժան նավթը դրդում է բարեփոխումների

Հունվար 20,2016 12:00
navt

Բայց արդյո՞ք դրանք կարող են միայն տնտեսական լինել

Կան որոշակի արտաքին նշաններ, որոնք մեծ հավանականությամբ, բայց, իհարկե, ոչ 100 տոկոսանոց ճշգրտությամբ ցույց են տալիս, թե ինչպես է ապրում տվյալ երկիրը: Եթե տվյալ երկրի փողոցներում վեր են խոյանում առաջին դեմքի 3 մետրանոց արձանները եւ պատկերները, կամ եթե այդ դեմքի վարկանիշը 80 տոկոսից բարձր է, ուրեմն շատ հավանական է, որ այդ երկրում նավթ կա, եւ ռեժիմը բռնապետական է: Եթե այդ կիկլոպյան պատկերները բացակայում են, բայց բոլոր փոքրումեծ չինովնիկների աշխատասենյակներում (սկսած նախարարներից) պատին փակցրած է առաջին դեմքի նկարը, ուրեմն ռեժիմն ավտորիտար է: Եթե չկան արձանները փողոցներում եւ նկարները կաբինետներում, ուրեմն, շատ հավանական է, որ կա՛մ երկիրը ժողովրդավարական է, կա՛մ գնում է դեպի ժողովրդավարություն:

Կան նաեւ այլ օրինաչափություններ՝ կրկնեմ, ոչ համընդհանուր՝ ավելի շուտ միտումներ, քան հստակ կանոններ: Եթե նավթի գինն իջնում է, ասենք, տակառի համար 50 դոլարից ցած, ապա այդ երկրի վերնախավում սկսում են խոսել բարեփոխումների մասին: Որովհետեւ այդ դեպքում դու չես կարող նստել նավթային խողովակի վրա եւ, ուղեղիդ առանձնապես զոռ չտալով, կերակրել քո քաղաքացիներին: Դու պետք է միացնես տնտեսական մեխանիզմները: Ինչի՞ հիման վրա են դրանք գործում շուկայական հարաբերությունների պարագայում: Ըստ ամենայնի՝ մարդկանց անձնական նախաձեռնության, ստեղծագործական մոտեցումների վրա:

Այստեղ է, որ «բարեփոխվելու» կեղծավոր կամ նույնիսկ անկեղծ ցանկությունը բախվում է «դաժան իրականությանը»: Խորհրդային Միության եւ Ռուսաստանի օրինակն ամենահատկանշականն է: Հնարավո՞ր է արդյոք կազմաքանդել նավթի վրա հիմնված տնտեսական համակարգը՝ ձեռք չտալով բռնապետական քաղաքական ռեժիմին: Գորբաչովի փորձը դրական արդյունքների չբերեց, ըստ երեւույթին, նախեւառաջ այն պատճառով, որ նրա իրականացրած բարեփոխումները շատ խորը մտածված եւ պլանավորված չէին: Պուտինը, բնականաբար, հաշվի կառնի այդ փորձը, եթե ընդհանրապես որոշի որեւէ բան փոխել:

Մինչդեռ պարզ է, որ Ռուսաստանն այդպիսի անհրաժեշտության առաջ կանգնած է: Իհարկե, իդեալական կլիներ, եթե Ռուսաստանի ղեկավարությունը դրա մասին մտածեր, երբ նավթի գինը 120 դոլար էր: Բայց այն ժամանակ կար, հավանաբար, որոշակի էյֆորիա, իսկ փարավոնը չուներ Հովսեփի նման խորհրդատու, որը խելքի կգցեր, որ 12 առատ տարիներին կհետեւի նույն տեւողությամբ «տկար» ժամանակահատված: Բայց, ի տարբերություն Հին Եգիպտոսի, այսօր փողը «պարկի մեջ» պահելը քիչ է, այն պետք է «աշխատի», ներդրվի տեխնոլոգիաների զարգացման մեջ, ինչը Ռուսաստանում չարվեց բազմաթիվ, այդ թվում նաեւ սուբյեկտիվ պատճառներով:

Այսօր Կրեմլի հետ աշխատող տնտեսագետներ Գրեֆը, Կուդրինը, Ուլյուկաեւը՝ ընդունելով, որ տեխնոլոգիաների համար պատերազմում իրենց երկիրը հերթական պարտությունն է կրել, բոլոր դեպքերում խորհուրդ են տալիս գոնե հիմա, երբ նավթի գինը 30 դոլարից պակաս է, փոխել տնտեսական քաղաքականությունը: Տնտեսագետներն, իհարկե, իրավացի են, բայց որոշումը պետք է կայացնի Պուտինը: Եվ այստեղ կրկին ի հայտ է գալիս նույն հարցը՝ իսկ հնարավո՞ր է բարեփոխել տնտեսությունը՝ չփոխելով քաղաքական ռեժիմը, ավելի բաց քաղաքական համակարգ չստեղծելով: Իսկ ռեժիմի փոփոխությունն արդյոք չի՞ սպառնում Պուտինին: Ի վերջո, բացի ամեն ինչից, կա նաեւ այլ հարց՝ իսկ պատրա՞ստ է արդյոք հասարակությունը նման փոփոխությունների՝ հասարակությունը, որը տարիներ շարունակ «կերել է նավթային փողերը»:

Կա՞ արդյոք Ռուսաստանում այլընտրանք բարեփոխումներին: Իհարկե, կա: Կայսերական չհիմնավորված հավակնություններ, զենքի արտադրություն, վաճառք եւ մատակարարում, լոկալ պատերազմների հրահրում եւ մասնակցություն: Դա, անշուշտ, չի բարելավում Ռուսաստանի տնտեսական վիճակը, որովհետեւ նշանակում է եղած սուղ միջոցների վատնում, ոչ թե տեխնոլոգիական առաջընթաց: Բայց այդպիսի «այլընտրանքը» բարձրացնում է ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին՝ մենք սոված ենք, բայց զինված, որովհետեւ շրջապատված ենք թշնամիներով:

Մի խոսքով, ըստ Մերֆիի օրենքներից մեկի՝ չկա մի իրավիճակ, որը հնարավոր չէ ավելի վատը դարձնել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031