Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար մեծ ցնծություն էր, երբ խնդրեցին «Կռունկը» կատարել». երգչուհի

Հունվար 20,2016 15:51

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան 2016 թվականին պատրաստվում է մասնակցել հիսունից ավելի մրցույթ-փառատոների:

Այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը:

Ամփոփելով 2015 թվականը՝ նա այն մեծ հաջողությունների տարի համարեց. ասոցիացիայի կողմից տարբեր միջազգային մրցույթներում ներկայացված երգիչները հաղթանակներով են վերադարձել Հայաստան. «2014 թվականին է ստեղծվել Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան: Նույն թվականին ասոցիացիայի ուժերով (ցավոք, մենք հովանավորներ չունենք) Երևանում կազմակերպվեց միջազգային մրցույթ-փառատոն, որը կոչվում էր Կատարողական արվեստի աշխարհի գավաթ: Միջազգային ժյուրի էր հրավիրված: Մասնակցում էին 18 երկրներից ժամանած երգիչներ, երաժիշտներ ու պարողներ: 2014 թվականից մինչ օրս շարունակում ենք մեր երգիչներին ներկայացնել արտերկրում կազմակերպվող միջազգային տարբեր մրցույթների, որոնցից միշտ հաղթանակով ենք վերադառնում: Ուզում եմ ընդգծել, որ այս երկու տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ ենք երկրորդ տեղ ունեցել: Մյուսները եղել են առաջին տեղ կամ «Գրան պրի»: Երրորդ տեղ երբեք չենք ունեցել»,- ասաց Ա. Ղուկասյանը:

«Երկու տարի առաջ Արմանը դիմեց ինձ՝ առաջարկելով, որ իմ աշակերտներն ու ուսանողները մասնակցեն միջազգային մրցույթների: Ես սիրով համաձայնեցի, որովհետև մեր երեխաները շատ շնորհալի են, բայց բավականին բարդ է կապեր ստեղծելն ու նրանց միջազգային ասպարեզ դուրս բերելը»,- նշեց վոկալի դասախոս Նելլի Կարապետյանը:

Սոպրանո Լեոնորա բեմական անվամբ հանդես եկող Արևիկ Թանաշյանն արդեն հասցրել է մեր երկիրը պատվով ներկայացնել միջազգային տարբեր մրցույթ-փառատոներում: Նա օրերս է վերադարձել Պյատիգորսկից և շատ տպավորված է. «Գալա համերգի ժամանակ, երբ բեմ բարձրացա՝ կատարելու այն ստեղծագործությունները, որոնցով արդեն «Գրան պրի»-ի մրցանակակիր էի դարձել, հանկարծ ժյուրիի հինգ անդամները միաբերան խնդրեցին առանց նվագակցության կատարել «Կռունկը»: Դա ինձ համար մեծ ցնծություն էր: Անընդհատ համոզվում ենք, որ մեր մշակույթը մեծ հարստություն է մեզ համար»,- ասաց Սոպրանո Լեոնորան:

Սար Սարգսյանը նույնպես շատ հաջողություններ է ունեցել միջազգային մի շարք մրցույթ-փառատոներում. «Ի տարբերություն մյուս մասնակիցների՝ իմ բեռը մի փոքր ավելի ծանր է, քանի որ ես միջազգային մրցույթներում միաժամանակ երկու հանրապետություն եմ ներկայացնում՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը: Հետևաբար՝ պատասխանատվությունն ավելի մեծ է: Շատ-շատերը ոչ էլ լսել են Արցախի մասին: Այսօր մեր հայ ազգի նպատակներից մեկն այն է, որ աշխարհին ճանաչելի դառնա մեր երկրորդ հանրապետությունը, բայց վստահ եմ, որ քաղաքական դաշտում դա դժվար է, իսկ մշակութային դաշտում մենք ենք դա անում: Եվ եթե ես հնարավորություն ունեմ միջազգային մրցույթների բեմ դուրս գալ Արցախի դրոշով, ուրեմն այն արդեն ճանաչված պետություն է համարվում»,- ասաց Սար Սարգսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031