Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ում շարունակում են Լեւոն Տեր Պետրոսյանի օրոք ձեւավորված պասիվ քաղաքականությունը». Լարիսա Ալավերդյան

Հունվար 26,2016 12:11

ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում հայտնված երկու հակահայկական զեկույցները մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, հայկական կողմի պասիվ քաղաքականության արդյունք են:

« Գրեթե մեկ է ինձ համար՝ կընդունվեն այդ բանաձեւերը, թե ոչ, որովհետեւ ընդունվելու դեպքում էլ պարտադիր բնույթ չեն կրում: Այդ բանաձեւերը շրջանառության մեջ են դրված արդեն մոտ մեկ տարի, այ սա է ինձ համար նշանակություն ունեցող հանգամանք: Եթե այս ընթացքում հայկական կողմն էլ շրջանառության մեջ դրած լիներ մի այլ բանաձեւ, որ օրինակ ՀՀ-ն ագրեսոր չէ, ԼՂՀ-ն ազգային ազատագրական պայքարի արդյունք է, ես կասեի՝ գաղափարական պայքար է գնում, բայց դա չկա, ու տեսնում ենք՝ ինչպես է Ադրբեջաննն ընդլայնում իր համակիրների, ադրբեջանական մոտեցումներն ու գաղափարները կրող զանգվածը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա, կարեւոր խնդիրը մնում է չլուծված. «ԼՂՀ-ն ոչ միայն ճանաչված չէ, այլեւ մնում է՝ որպես 1991-92թ եվրախորհրդարանի խորհրդով այն տարածքների մեջ, որոնք եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Մինչդեռ պետք է դեպքերի իրական պատկերը անպայման ներկայացվեր, հստակեցվեր, աշխատեին կետային ուղղություններով՝ ամեն մի պատվիրակության հետ առանձին: Պետք չէ նստաշրջանից նստաշրջան ահազանգենք, որ Ադրբեջանը բերում է նոր հակահայկական բանաձեւեր, թող հայկական կողմը ցույց տա՝ ինչ ամենօրյա աշխատանք են անում, որ արդյունք չի տալիս: Աշխատել նստաշրջանից նստաշրջան, դա աշխատանք չէ, հարցերը լուծվում են մինչեւ նստաշրջանը: Ես համոզված եմ, որ կոնցեպցիայի բացակայություն կա, հայեցակարգ չկա: Առաջին նախագահի օրոք հաստատված պասիվ քաղաքականությունն են շարունակում: Առաջին նախագահից հետո անցավ տասնյոթ տարի, արդյոք չի՞ կարելի ակտիվ քաղաքականություն որդեգրել»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, հայ պատգամավորները տարիներ շարունակ լավ պատկերացում չունեն ԼՂՀ հիմնահարցի մասին. «Կան մանրուքներ, որոնց մեջ է հենց էությունը: Ամեն դեպքում, եթե այդ բանաձեւերին կողմ կամ դեմ քվեարկեն, դա չպետք է հանգստացնի մեր գործադիր ու օրենսդիր իշխանությանը: Հատուկ քաղաքականություն է՝ ամեն անգամ բերել նման զեկույցներ ու շեղել՝ ասելով ահա սա ընդունվում է, մյուսը չի ընդունվում, խորքային աշխատանք է պետք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031