Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ես ընդդիմությունը չեմ, որ չունենալով ձայն, արտասվեմ, որ ընտրակեղծիք է եղել»

Հունվար 29,2016 18:10

Ընտրական նոր օրենսգիրքը խորհրդարանի դատին կներկայացվի հավանաբար երկու շաբաթից: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Իհարկե, կա ռեյտինգայինի հարցը, դա անընդհատ քննարկվում է, դա միայն ՀՀԿ-ի մտածողությունը չի: Մենք մի քանի բովանդակային լսումներ կկազմակերպենք, կլսենք նաև արտախորհրդարանական ուժերին, հասարակական կազմակերպություններին` նոր որոշում կկայացնենք»,- ասաց նա`առավել կարևորելով այնպիսի օրենքի գոյությունը, որը կբացառի կեղծիքները:

Իր կարծիքով, նոր Ընտրական օրենսգիրքը նախորդի համեմատ ունենալու է առավելություններ` ժամանակակից սարքավորումներ են կիրառվելու. «Անելու ենք ամեն ինչ , որ արդար լինի: Մինչեւ հիմա եղել են խախտումներ, որոնք պատժվել են, սակայն պատիժներն էլ չեն օգնել: Սա ենք մտածել: Սարքավորումներն էլ եվրոպական կառույցներից են տեղադրվելու»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` իշխանությունն ո՞ւնի այնքան քաղաքական կամք, որպեսզի այնպիսի մեխանիզմներ մշակի, որոնք ընտրական համակարգը զերծ կպահեն կեղծիքներից: ԱԺ նախագահը պատասխանեց. «Ամեն ինչը ժամանակներից է կախված, իսկ իշխանությունները միշտ կամք ունեն, եթե չունենային` այդքան երկարատև չէին գործի: Պարզապես հիմնականում քաղաքական ուժերի կայացման խնդիր ունենք, պետք է լսենք նաև քաղաքական ուժերին, իսկ ամբողջ ընտրությունը կանցկացվի հատուկ սարքավորումներով»:

Լրագրողների պնդումներին` եթե իշխանությունները կամք ունենային, դեկտեմբերի 6-ի հանրաքվեն առանց խախտումների կանցկացնեին, ընտրակեղծարարներին «արջի ծառայություն մատուցողներ» չէին անվանի եւ այլն, ԱԺ նախագահը հակադարձեց. «Դա իրավական խնդիր է, սակայն, եթե կուզենաք իմանալ, ապա վերջին հանրաքվեին և վերջին ընտրություններում ընտրակեղծարարների վազք էր տեղի ունենում: Մենք բազմաթիվ նյութեր ունենք, որ խախտումներ արել են նաև ուրիշները, սակայն պետք չէ հետ նայենք, պետք է առաջ նայենք: Ես փաստեր ունեմ, որ խախտումներ արել է նաև ընդդիմությունը, բայց այն լացկան քաղաքական գործիչներից չեմ, որ տեսնեմ պարտվում եմ ու մահակը վերցնեմ խփեմ ուսին: Ես ընդդիմությունը չեմ, որ չունենալով ձայն, արտասվեմ, որ ընտրակեղծիք է եղել»:

Գալուստ Սահակյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ նույնիսկ պաշտոնական տվյալները ցույց տվեցին, որ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ «ոչ» ասողների քանակը բավականին շատ է եղել. հիմա ի՞նչ ռեսուրսով է ՀՀԿ-ն գնում խորհրդարանական ընտրությունների: ԱԺ նախագահը հակադարձեց. «Խոսքի ազատությունը նա չէ, որ լեզուն ոսկոր չունի: Մեկն ասում է մեծ քանակությամբ, մեկն ասում է փոքր քանակությամբ: Իսկ պաշտոնական տվյալներով հանրաքվեն անցել է սահմանված ձայների քանակով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031