Լրահոս
Օրվա լրահոսը

28.000 այցելու, 100 միջոցառում. Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 1 տարեկան է. (Տեսանյութ)

Հունվար 29,2016 19:44

«Թանգարանը լուրջ խնդիրներ դրեց իր առջեւ: Կոմիտասի անունը դժվար է մեզանում թերագնահատել եւ միաժամանակ՝ գերագնահատել, նա մեր երաժշտարվեստի ազգային ակունքների հիմնադիրն է եւ նրա ժառանգությունը հանրահռչակելը մեր խնդիրն է»,-այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մեկամյակի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ Կոմիտասի երաժշտությունն այսօր պետք է ընկած լինի ազգային երաժշտարվեստի հիմքում. «Գտնում ենք, որ թանգարանի կոլեկտիվը մեծածավալ աշխատանք է իրականացրել՝ հատկապես կոմիտասագիտության եւ կոմիտասյան ժառանգության հանրահռչակման տեսանկյունից»:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը տեղեկացրեց, որ մեկ տարում թանգարանն ունեցել է 26 հազար այցելու, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, ուսանողներ, հանրահայտ արվեստագետներ. «Թանգարանային գիշեր» ակցիայի ընթացքում ունեցել ենք մոտ 3000 այցելու: Մեկ տարում կազմակերպել ենք մոտ 100 միջոցառում, այդ թվում՝ համերգներ, դասախոսություններ, զրույց-հանդիպումներ, կրթական ծրագրեր, գիտաժողովներ»:

Տնօրենն առանձնացրեց  «Կոմիտաս» փառատոնը. «Այն բավականին կարեւոր է մեզ համար: Հուսով ենք այս տարի փառատոնի ձեւաչափը կընդլայնվի եւ այն կդառնա միջազգային»: Կոստանդյանի փոխանցմամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել են նաեւ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Թանգարանն-ինստիտուտը մասնակցել է «MIDEM» միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին, նաեւ դարձել Միջազգային թանգարանային միության (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ:

Հիշեցնենք, որ 2013թ.  մայիսի  30-ին,  Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով  «Հայաստան» համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդն իր   նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան ինստիտուտ  ստեղծելու  մասին:  Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի  նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի  պալատը,  որի հիման վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Կառույցն ունի 8 սրահ՝ մշտական ցուցադրությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031