Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ամբողջությամբ կթվայնացվի

Հունվար 29,2016 21:25

2016թ. նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Կոմիտասի ստեղծագործական ժառանգության թվայնացումը: Այս մասին այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար, կոմիտասագետ Մհեր Նավոյանը:

«Կոմիտասի ժառանգության թվայնացումն իրականացվում է  Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ միասին: Կոմիտասի արխիվն այդտեղ է պահվում: Փաստաթղթերն այստեղ չեն կարող տեղափոխվել, փոխարենը, տեղափոխվել են թվային տարբերակները՝ Կոմիտասի ժառանգությունն ուսումնասիրելու եւ հանրությանը ներկայացնելու նպատակով»,-հայտնեց Նավոյանը:

Նրա խոսքով՝ 2015թ. նշանակալի էր նաեւ գիտական հրապարակումների առումով. «Թանգարանը մեկ տարեկան է եւ մեկ տարում նման գիտական գործունեություն ծավալելը դժվար էր, բայց մենք կարողացանք դա անել: Մեկ տասնյակի հասնող գիտական հրապարակումներ կան, նաեւ գիտաժողովներին մասնակցություններ: Այս տարի «Կոմիտաս» փառատոնին ավելանալու է գիտաժողով. երեք օտարերկրացի գիտնականի հետ նախնական պայմանավորվածություն ունենք՝ մասնակցության համար»:

Կոմիտասագետի փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտն իրականացրել է Կոմիտասի ժառանգությունը հասարակությանը ներկայացնող ծրագրեր, այդ թվում՝ դասախոսություններ. «Օրինակ, կազմակերպել ենք «Կոմիտասը եւ հնագիտությունը» խորագրով դասախոսություն,  որը մեծ արձագանք գտավ: Թվում է, թե կարող ենք շեղվել Կոմիտասից, բայց նա ինքն էր իր ուսումնասիրություններում համադրում մի քանի գիտություններ՝ մանավանդ հայագիտության բնագավառում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031