Լրահոս
Օրվա լրահոսը

Սանահինցու գործը նման էր «Կրեուզն ընդդեմ Լեհաստանի» գործին

Հունվար 30,2016 13:00

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան էր դիմել Տավուշի մարզի բնակիչ Մարիամ Ավետիսյանը: Նրա հայցը երեւանաբնակ Դավիթ Միկոյանի դեմ էր, գումարի բռնագանձման պահանջի մասին:

Դատարանը մերժել էր հայցը, այդիսկ պատճառով վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել Մ. Ավետիսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը:

Ըստ բողոքի, Ռուսաստանում գտնվող Մ. Ավետիսյանը Դ. Միկոյանի հետ. 2014թ.-ին կնքել է երկու պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրերի, պատասխանողը պարտավորվել էր 10.000 ԱՄՆ դոլարով Մարիամին վաճառել Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ իր անունով տունը:
Մարիամը վճարել էր 8000 ԱՄՆ դոլար, սակայն մնացել անտուն, քանի որ Դավիթն այդ տունը վաճառել է Մարիամի քրոջը, իսկ գույքի առուվաճառքի պայմանագիրն էլ կնքվել է հենց քրոջ հետ:

Փաստաբանի գնահատմամբ, դատարանը պարտավոր էր պատշաճ հետազոտել գործում առկա ապացույցները, սակայն դատարանը ընտրել է այլ ճանապարհ՝ գործից հանելով ապացույցները:

«Պայմանագրերի չվավերացումը նոտարական կարգով չի կարող հիմք հանդիսանալ կողմերի միջեւ կնքված նախավճարի պայմանագրի անվավերության համար»,- «Առավոտին» իր բողոքի հետ կապված երեկ ասաց Մ. Ասրյանը, որի գնահատմամբ, դատարանը նյութական իրավունքի խախտում է թույլ տվել:

Փաստաբանը զուգահեռ է անցկացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Կրեուզն ընդդեմ Լեհաստանի» (Kreսz v. Poland), 2001 թ.հունիսի 19-ի, « Զ-ն եւ այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Z. and Others v. The Սnited Kingdom), 2009 թ.մայիսի 10-ի գործերի հետ:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, թե անշարժ գույքի վերաբերյալ նախավճարի եւ նախնական պայմանագրերի տարրեր չեն պարունակում, այն եղել է հասարակ, գրավոր ձեւով, առանց օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ կնքման պայմաններում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով չի կարող առաջանալ նախավճարի պայմանագրի չկատարման կամ խախտման համար սահմանված իրավական հետեւանքների կիրառման պահանջի ներկայացման իրավունք։
Հայցվոր Մ. Ավետիսյանը պայմանագրերը կնքել է գրավոր, սակայն դրանք նոտարական վավերացման չեն ենթարկվել:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հանգել էր այն հետեւության, որ «պայմանագրերում նշված նախավճարի մասին համաձայնությունը ինքնին չէին կարող առաջացնել օրենքով նախատեսված այն իրավական հետեւանքները, որոնք կարող էին սահմանվել օրենքով նախատեսված կարգով նախնական պայմանագրի կնքվածության պայմաններում»:

Փաստաբանի կարծիքով, դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, ինչպես նաեւ 396-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, այսինքն կիրառեր նախավճարի ինստիտուտին վերաբերող նորմերը, մասնավորապես, պատասխանողից բռնագանձել 16 000 ԱՄՆ դոլար՝ վճարված գումարի կրկնապատիկը, կամ էլ եթե դատարանը գտել է, որ հայցվորը պատասխանողին վճարել է 8000 ԱՄՆ դոլարը, որպես կանխավաճար, ապա պատասխանողից հօգուտ հայցվորի 8000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասին վճիռ կայացներ:
Բողոքաբերը խնդրում է բեկանել Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, այն փոփոխել, բավարարել հայցը կամ այն ուղարկել նույն դատարան, այլ կազմով քննելու համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031