Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Անտոնն իր ասելիքը փոխանցեց փակ դռների արանքից

Հունվար 30,2016 15:53

Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը օրերս փոխեց Արթուր Վարդանյանի զինված խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորված 71-ամյա հոգեւորական Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի ու Գյումրու «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի աշխատանքները համակարգող, լրագրող Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցները: Նրանք ազատ են արձակվել ստորագրություն թողնելով՝ քաղաքից չհեռանալու մասին:

Այս օրերին մամուլում տարբեր տեղեկություններ հրապարակվեցին Հայր Անտոնի վերաբերյալ, մասնավորապես «Ժամանակ» թերթը գրեց, որ կաթոլիկ եկեղեցու քահանայի առջեւ պայման է դրվել՝ ազատ կարձակենք, կհանենք մեղադրանքդ, սակայն հեռացիր Հայաստանից: Իսկ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայր Անտոնի  Թութունջյանը ցուցմունք է տվել՝ իրավապահներին մանրամասներ ներկայացնելով Արթուր Վարդանյանի, նրա խմբի  գործունեության ու պայմանավորվածությունների մասին ու այսպիսով թվարկել է  անուններ, որոնց մեջ եղել են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ:

Aravot.am-ն այսօր այցելեց  Գյումրու Ղորղանյան 83 առանձնատուն, որտեղ գտնվում է Հայր Անտոնի կողմից հիմնադրված «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի  Գյումրու գրասենյակը ու որտեղ փաստացի բնակվում է վարդապետը՝ իր Ավստրալիայից հայրենիք վերադարձած  96-ամյա մոր հետ: Մենք փորձեցինք ճշտել, թե նա դեռ Հայաստանո՞ւմ է ու  զրուցել նրա հետ Արթուր Վարդանյանի խմբի հետ կապ ունենալ-չունենալու, անուններ տալու թեմայով: Դուռը փակ էր, ամենայն հավանականությամբ շաբաթ օրերին ռադիոկայանը չի աշխատում, սակայն Հայր Անտոնը, լսելով զանգի ձայնը, մոտեցավ ու հարցրեց, թե ո՞վ է: Մենք ներկայացանք, որին ի պատասխան Հայր Անտոնը փակ դռների արանքից փոխանցեց. «Ըսելիք չունեմ»: Մեր խնդրանքին՝ ամեն դեպքում միգուցե տեսնվե՞նք, վարդապետն ասաց՝ ոչ:

Ակնհայտ է, որ այս գործով կալանքից ազատվածներին նախազգուշացվել կամ խորհուրդ է տրվել չշփվել լրագրողների հետ. բոլորը խուսափում են հանդիպել ու խոսել, թեկուզեւ իրենց առողջական վիճակի ու կալանավայրի պայմանների մասին: Մեր հարցին, թե  ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է, վարդապետը թողեց անպատասխան՝ հեռանալով դռան մոտից. պարզ լսվում էր նրա քայլերի ձայնը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031