«Աղջկաս վզից կապել էր գոմում, կովի ժնջիլով ու իբր դաստիարակում էր».

«Աղջկաս վզից կապել էր գոմում, կովի ժնջիլով ու իբր դաստիարակում էր».

150 հազար դրամ տուգանք կնոջն ու երեխաներին պարբերաբար ծեծելու համար

 

17 տարի շարունակ ընտանեկան բռնության ենթարկված Լուսինե Ղաբուզյանն արդեն ութերորդ ամիսն է չի տեսել իր երեխաներից երեքին։ Հինգ երեխաների մայրն այժմ երկու ավագ դուստրերի հետ ամուսնու բռնություններից մազապուրծ ապաստան է գտել «Կանանց աջակցման կենտրոն»-ում ու պայքարում է մյուս երեք երեխաներին վերադարձնելու համար, որոնց ամուսնու խնամակալությանն են հանձնել, քանի որ նա «ազատամարտիկ էր ու թոշակ է ստանում»:

ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի նախկին բնակչուհին պատմում է, որ ամուսինը՝ նախկին ազատամարտիկ Կարեն Խեչոյանը, առաջին անգամ իրեն հարվածել է, երբ ինքը գտնվում էր հղիության վեցերորդ ամսում։ Հետո արդեն նրանց առաջնեկին է ծեծել դեռևս օրորոցային տարիքից սկսած։«Չորս ամսական երեխեն օրորոցի մեջ, օրորոցը ջարդել ա։ Իմ կողերն էլ ջարդելով մի կերպ եմ երեխուն վերցրել ու փախել հորս տուն։ Հինգերորդ երեխուս ունենալուց հետո տարիուկես հորական տանն եմ մնացել։ 10 տարի առաջ էլ մեծ աղջկաս վզից կապել էր գոմում, կովի ժնջիլից, ինձ էլ սկոչով կապել էր, որ չկարողանամ օգնել երեխուս»,- պատմում է նա։

Վերջին վիճաբանության ժամանակ` 2015 թվականի մայիսի 25-ին, երբ Լուսինեի ամուսինը` ոչ սթափ վիճակում գտնվելով, նեղացել է, որ կինն իր հետ դիտավորյալ սուրճ չի խմում, քաշքշել է, մի քանի անգամ հարվածել դեմքին։

«Քթիցս անմիջապես արյուն եկավ։ Չէր թողնում, որ գոնե գնամ, շորերս փոխեմ»,- ասում է նա։

Այդ վիճաբանությունից հետո Լուսինեն կապտուկներով, ուղեղի ցնցումով և քթի կոտրվածքով 20 կմ քայլելով հասել է հիվանդանոց։

Երբ կինը հիվանդանոցում է եղել, ամուսինն ավագ դստերը՝ Մարուսյային սրճեփով հարվածել է և հայհոյել ճաշի համար կանաչի չբերելու պատճառով։ Ինչի հետևանքով նրանց դստեր ճակատի վրա արյան զեղում է առաջացել։ Օրեր անց՝ մայիսի 29-ին, Լուսինեին իր երկու դուստրերի հետ տեղափոխել են «Կանանց աջակցման կենտրոն»-ի ապաստարան։

Շաբաթներ անց Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության. մարմինն, առանց Լուսինեին տեղյակ պահելու, նիստ է հրավիրել և որոշել երեք երեխաների խնամակալությունը փոխանցել հորը: Նրանց այս որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ հայրը ազատամարտիկ է, ստանում է թոշակ, ըստ այդմ էլ եզրակացրել են, որ կարող է ապահովել երեխաներին կացարանով:

Լուսինեն պատմում է, որ ամուսինն իր ու երեխաների նկատմամբ բազմիցս բռնի ուժ է կիրառել նաև սթափ վիճակում։

«Երբ տուն գար ու տեսներ, որ երեխաները առանց իրեն զգուշացնելու ձեռ են տվել էլեկտրոնիկային, կսկսեր գոռալ։ Կամ երբ երեխաները դրսում խաղալիս մի փոքր աղմկում էին, ասում էր դու ինչացու ես, որ երեխեքդ գոռալով են խաղում․ իրեն պատճառ պետք չի, ցանկացած բանից կարա կռիվ անի»,- ասում է Լուսինեն։

Նա բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, բայց ամուսնու սպառնալիքների ազդեցությամբ հետ է վերցրել դիմումները։ Մայիսի 25-ի վիճաբանությունը եղավ վճռորոշը, երբ Լուսինեն որոշեց՝ այլևս չի համակերպվելու։

2016 թվականի հունվարի 22-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Լուսինեի ամուսնու դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը:

ՀՀ քրեական oրենսգրքի 117-րդ (դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք պատճառելը) և 118-րդ (ծեծը) հոդվածներով մեղավոր ճանաչվածը կարող է տուգանվել կամ առավելագույնը դատապարտվել երկամսյա կալանքի։ Մեղադրող դատախազը պահանջել է Խեչոյանին տուգանել 250 հազար դրամի չափով. դատավորը որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ տուգանք սահմանել 150 հազար դրամի չափով՝ հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը։ Որպես մեղմացուցիչ հանգամանք՝ դատախազը նշել էր, որ Խեչոյանի խնամքի տակ 8 տարեկանից ցածր երկու երեխա կա։

Պետք է նկատել, որ Կարեն Խեչոյանն անգամ դատարանի դահլիճում չէր զսպում  իր ագրեսիան, սպառնալիքներ և հայհոյանքներ էր հնչեցնում  անգամ դատարանում աշխատող լրագրողների հասցեին։ Չնայած գործում առկա բազմաթիվ ապացույցներին, Խեչոյանն իրեն մեղավոր չէր ճանաչել։ «Ես իմ կնոջն ունեի նախատելու: Ես ավանդական հայ ընտանիքի հայր եմ: Ինձ մեղավոր չեմ ճանաչում իմ ընտանիքին դաստիարակելու համար»,- այդպես էր իր գործողությունները մեկնաբանում Կարեն Խեչոյանը։

Դատարանում ներկայացվել էին նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ Խեչոյանի ավագ դստեր՝ Մարուսյայի ճակատային հատվածում երեք և կես սանտիմետր տրամագծով արյան զեղում է հայտնաբերվել:

«Մատով հրել եմ, ասել եմ գնա ձեռքերդ լվա, իմ մատերը չոր են, ի՞նչ անեմ։ Ես ինձ հայ ավանդական ընտանիքի տղամարդ եմ համարում ու զբաղվում եմ իմ երեխաների դաստիարակությամբ։ Իմ աղջիկները պարտավոր են իմ տնից կույս դուրս գան»,- աղջկա ստացած վնասվածքն այսպես է բացատրել նա։

Կանանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններն ահազանգում են, որ ընտանեկան բռնության գործերը կամ չեն հասնում դատարաններ, կամ անգամ դաժան սպանության գործերով մեղադրյալները մեղմ պատիժներ են կրում, ինչպես օրինակ վերջերս Դիանա Նահապետյանի սպանության գործը, որին ամուսինը սպանել էր երկու աղջիկների աչքի առաջ, դանակի 21 հարվածներով, սակայն պատժվեց ընդամենը 3,5 տարվա ազատազրկմամբ:

Ըստ ոլորտի մասնագետների՝ խնդիրն այն է, որ մեր երկրում որևէ օրենքով ամրագրված չէ ընտանեկան բռնության դեպքերին վերաբերող խնդիրների կարգավորման հարցը։ Նման դեպքերում գործում են ՀՀ քրեական oրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածները, իսկ մեղադրյալները սովորաբար չեն կալանավորվում, ինչը թեև նախատեսված է օրենքով։

Լոռու մարզի դատախազության դատախազ Արմեն Պողոսյանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասում է. «Քրեական օրենսգրքով սահմանված է, որ եթե մինչև 8 տարեկան երեխա կա նրա խնամակալության տակ, որպես պատիժ կալանք չենք կարող կիրառել։ Մենք միջնորդել ենք, որ նրա նկատմամբ կիրառվի տուգանք պատժատեսակը։ Ուրիշ բան մենք հնարավորություն չունեինք կիրառելու»։

Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը տարեկան հասնում են առնվազն 2000-ի: Հայաստանի ոստիկանությունը 2015 թվականի առաջին կեսին գրանցել է ընտանեկան բռնության 447 դեպք:

2011 թվականին ԵԱՀԿ-ի կողմից անցկացված հարցումներով պարզվել է, որ Հայաստանում կանանց ավելի քան 50 տոկոսը ենթարկվում է բռնության: 2010-2015 թվականի սկիզբ ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնության հետեւանքով սպանվել է 30 կին, ինչի հետևանքով մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի:

«Կանանց աջակցման կենտրոն», «Կանանց իրավունքների կենտրոն», «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունների թեժ գծերին 2013-2015 թվականների ընթացքում ստացվել է 5171 զանգ:

«Ներկայումս ՀՀ-ում գործող որևէ իրավական ակտ չի պարունակում դրույթներ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ, որով հնարավոր կլիներ համաչափ պատիժ նշանակել բռնարարների նկատմամբ: ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն և պատիժ է նախատեսում հանցագործություն կատարած անձի նկատմամբ՝ անկախ նրանից, թե հանցավոր գործողություններ կատարած անձը հանդիսանում է տուժողի ընտանիքի անդամը, թե՝ ոչ»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի փաստաբան Նոնա Գալստյանը:Nonna Galstyan

Նրա խոսքով՝ նման պարագայում, հաշվի չեն առնվում նաև ընտանեկան բռնության դեպքերի առանձնահատկությունները: «Բացի այդ, ընտանեկան բռնության որոշ դրսևորումներ առհասարակ մնում են անպատիժ,օրինակ, հոգեբանական կամ տնտեսական բռնությունը, քանի որ դրանք ընդհանրապես օրենքով նախատեսված չեն»,- նշում է նա:

Փաստաբանի համոզմամբ՝ ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի ընդունման դեպքում, նախևառաջ կբնորոշվեին ընտանեկան բռնության դեպքերի առանձնահատկությունները, կսահմանվեին ընտանեկան բռնության բոլոր տեսակները և որ ամենակարևորն է, հստակ կերպով օրենքը կնշեր այն բոլոր միջոցները, որոնք պետք է իրավապահ մարմինները ձեռնարկեին զոհերին բռնարարից պաշտպանելու և նրանց աջակցելու համար:

«Այդ միջոցներն ունեն նաև ընտանեկան բռնությունը կանխարգելող նշանակություն: Առանձին օրենքի առկայությունն արդեն պարտադիր կդարձներ դրանից բխող փոփոխություններ կատարել նաև ՀՀ քրեական, քրեադատավարական և այլ օրենսգրքերում և օրենքներում»,- ասում է Նոնա Գալստյանը:

2007-ից ի վեր այս ոլորտում աշխատող ՀԿ-ների ջանքերում համապատասխան օրենքի նախագիծը ներկայացվել է պատկան մարմիններին, սակայն մինչ օրս պետության կողմից գործնական քայլեր չեն կատարվում այն ընդունելու համար, թեև այս կապակցությամբ ՀՀ-ն ունի ստանձնած նաև միջազգային պարտավորություններ: Հիմնականում պատճառաբանում են, որ չկան  բավարար մարդկային և նյութական ռեսուրսներ օրենքի նախագիծը կյանքի կոչելու համար:

Լուսինե Ղաբուզյանն այժմ պատրաստվում է երեխաների խնամակալության ստանձնման հայցով դիմել դատարան։ Նախկին ամուսնուն, ասում է, լուրջ բուժում է հարկավոր։

«Թող տանեն, ստուգեն։ Եթե տեսնեն, որ խանգարումներ ունի, կհասկանան, որ երեխաներին ի վիճակի չի պահել։ Առերեսման ժամանակ էլ անընդհատ ուզում էր մեծ աղջկաս հետ առանձին խոսել, ես թույլ չտվեցի»,- ասում է Լուսինեն։

Հետագա անելիքները դեռևս չի ծրագրել, առաջնայինը երեխաներին վերադարձնելն է։ «Վախենում եմ հետ գնամ Վանաձոր։ Էնտեղ ոչ մեկը չկա, որ ինձ պաշտպանի։ Ոստիկանություն դիմում եմ, գալիս են, արձանագրություն են գրում, գնում, մեզ էլ քաշքշուկի մեջ են գցում։ Հետներս էլ հեգնանքով խոսում ։ Նրա հետ ապրելը վտանգավոր ա ոչ միայն ինձ համար, այլ նաև` երեխաներիս»,- ասում է նա։

«Կանանց աջակցման կենտրոն»-ի սոցիալական աշխատող Ալվարդ Կարապետյանն ասում է, որ Լուսինեի ամուսինը պարբերաբար զանգահարել է կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարին և հայհոյելով սպառնացել, պահանջել, որ կնոջն ու աղջիկներին կացարան չտրամադրեն։

Ապաստարանում գտնվելու ժամանակահատվածում Լուսինեն  հաճախել է խոհարարության, ինչպես նաև համակարգչային օպերատորության դասընթացների, ինչը կհեշտացնի հետագայում նրա աշխատանք փնտրելու գործընթացը։

«Մեր կենտրոնը Մերձավոր Արևելքի հիմնադրամի հետ իրականացնում է կանանց տնտեսական հզորացման ծրագիր: Այս ծրագրի միջոցով կանանց մի մասին օգնում ենք գտնել համապատասխան աշխատանք, իսկ մի մասին էլ ֆինանսավորում ենք և օգնում իրենց սեփական բիզնեսն ունենալու հարցում` տրամադրելով համապատասխան գիտելիքներ»,- ասում է նա:

Սակայն Լուսինեի դեպքում ամենադժվարը` երեք երեխաների վերադարձը,  դեռ առջևում է, որի համար պետք է պայքարի ոչ միայն ամուսնու, այլ նաև պետական մարմինների, երեխաների խնամակալության հարցերով զբաղվող, հաճախ ոչ այնքան պատշաճ գործող, հանձնաժողովականների դեմ, որոնց  անտարբերությունը երեխաների ու մոր ճակատագրի նկատմամբ ընդամենը շաբաթներ առաջ հանգեցրեց երիտասարդ մոր` 34-ամյա Էմմա Նազարյանը ինքնասպանության:
Անի ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:           

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

  Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք