Ինչո՞ւ Նոյեմբերյան քաղաքին սահմանամերձի կարգավիճակ չի տրվում

Ինչո՞ւ Նոյեմբերյան քաղաքին սահմանամերձի կարգավիճակ չի տրվում

Արտադրություն գործարկելու համար  տրված հարկային  արտոնությունից չեն օգտվել

Տավուշի մարզի 24 գյուղեր  ունեն սահմանամերձի կարգավիճակ եւ ազատված են հողի հարկից, գույքահարկից, օգտվում են ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի ե բնական գազի վարձավճարների կիսով չափ զեղչից: Այս տարեսկզբից սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ է տրվել  Բերդ քաղաքին: Սակայն Բերդի բնակիչներին  վարձավճարների արտոնություններ չեն տրվել, լոկ  արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություն է տրվել:

Նոյեմբերյան քաղաքի Այգեհովիտ(Գոգվելի) տեղամասը սահմանակից է  Ադրբեջանին, սակայն  համայնքների վարչական սահմանների ճշգրտման, խոշորացման արդյունքում այդ տեղամասը, որպես Նոյեմբերյանի վարչական տարածքի 2-րդ հատված, նախկինում տրվել է  Բերդավան համայնքին: Նոյեմբերյան քաղաքը   սահմանամերձի  կարգավիճակ չունի, սակայն 1990-ական թվականներին ադրբեջանական ռմբակոծության ժամանակ  Նոյեմբերյանում  տասնյակ զոհեր են եղել:  2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական 3 արկ ընկավ Նոյեմբերյան քաղաքի տարածքում, բարեբախտաբար, վնասներ չեղան: Նոյեմբերի 30-ին, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առիթով  Նոյեմբերյան քաղաք ժամանած  ՀՀԿ-ական պատգամավոր  Սամվել Ֆարմանյանին նոյեմբերյանցի կենսաթոշակառուները  հարց առաջադրեցին, թե ինչո՞ւ Նոյեմբերյանը սահմանամերձի կարգավիճակ չի ստանում:marzpet

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրինք`  Նոյեմբերյան քաղաքը  կստանա՞  սահմանամերձի կարգավիճակ:  Մարզպետն  ասաց, որ խնդիրը արտոնություններ տալը չէ, այլ՝ դրանք օգտագործելը: Նրա խոսքերով՝ Նոյեմբերյան քաղաքից 3 կմ  հեռավորությամբ  Կողբը , Բերդավանը, Դովեղը սահմանամերձի կարգավիճակ ունեն, եւ եթե արտադրություն կազմակերպելու համար արտոնության կարիք կա, ինչո՞ւ չեն օգտվում այդ գյուղերի հնարավորություններից: Հ. Աբովյանը հայտնեց, որ մեկ տարի առաջ  վերոհիշյալ գյուղերի բնակիչներին արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություններ են տրվել, սակայն դրանք ոչ ոք չի  օգտագործել , արտադրություն չի հիմնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք