Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող». Մկրտիչ Մինասյան

Հունվար 31,2016 18:21

«Հայաստանի ազգային պատկերասրահը ոչ նպաստավոր պայմաններում է գտնվում: Դրան գումարած՝ նույն շենքում է գտնվում նաև Հայաստանի պատմության պետական թանգարանը: Երկուսի համար էլ կարծեք նեղվածք է: Իսկ պատկերասրահի համար ընդհանրապես պայմաններ չկան: Իհարկե, լավ կլիներ, եթե պատկերասրահի համար ունենայինք նոր շենք, և այստեղ մնար միայն Պատմության թանգարանը»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում այսօր այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Ազգային պատկերասրահը Հանրապետության հրապարակում գտնվող շենքից տեղափոխելու հարցին, որը վերջին շրջանում պարբերաբար բարձրացվում է:

«Դա շատ լավ բան է, եթե կարողանանք անել: Իհարկե, նոր շենք ունենալն ավելի նպաստավոր կլինի Ազգային պատկերասրահի համար»,- ընդգծեց Մ. Մինասյանը:

Նրա կարծիքով, Երևանում ներկայումս չկա այնպիսի շինություն, որը նպատակահարմար կլինի տրամադրել Պատկերասրահի համար. «Նորը պետք է կառուցվի, որովհետև այն պետք է լինի այսօրվա պահանջներին համապատասխան»,- նշեց ճարտարապետը:

Դառնալով Հանրապետության հրապարակում գտնվող այս շենքը քանդելու մասին խոսակցություններին՝ Մ. Մինասյանն ասաց. «Ես բոլորովին չեմ մտածում, որ Պատկերասրահը տեղափոխելուց մենք նաև մի բան քանդում ենք: Այդ ժամանակ ի՞նչ ենք ունենալու: Քանդելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Ի՞նչը պիտի քանդենք, ինչպես ասում են՝ քանդելու բան մնացե՞լ է… Մտավախություն միշտ էլ կա, բայց նույն շենքում է գտնվում նաև Պատմության թանգարանը, որը մեծ մակերեսների պահանջ ունի, որովհետև ներկայացված ցուցանմուշները մեր ունեցածի նույնիսկ հիսուն տոկոսն էլ չեն կազմում: Կրկնակի կմեծանա տարածքը և կօգտագործվի Պատմության թանգարանի համար: Մտածել, որ Պատկերասրահը տեղափոխվում է, ու ներկայումս գործող շենքը պետք է քանդել, բոլորովին առողջ մարդու բանականության բան չէ»,- համոզված է Մ. Մինասյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031