Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը մեղադրում է լրագրողներին (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 16:09

«ՀՀԿ-ՀՅԴ քննարկումները շարունակվում են, դեռ վերջնական որոշում չկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ պորտֆելների շուրջ բանակցություններ առայժմ չկան:

Հիշեցնենք, խոսակցություններ կան, որ տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի եւ Հրանտ Մարգարյանի հանդիպումը, որի ընթացքում կհստակեցվի նաեւ պորտֆելների հարցը:

Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց խոսել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարության մասին, որ իշխանությունը վարկաբեկված է: «Մենք խնդրեցինք, որ մեկ անգամ ևս պարզաբանում ներկայացնի պարոն Ռուստամյանը: Ես չեմ կարծում, որ հեղինակազրկված իշխանության հետ կցանկանան գործընկերություն անել մեր հարգարժան գործընկերները: Ես քանի որ շատ բարձր եմ գնահատում Արմեն Ռուստամյանի քաղաքական փորձը, ես չեմ կարծում, որ նա այդ իմաստով… Այնտեղ ինչ-որ եթե-ներ կային, եթե հեղինակազրկված է, պետք է աջակցել և այլն: Այո, կան պրոբլեմներ, բայց համենայնդեպս այսօր ՀՀԿ-ն ամենահեղինակավոր կուսակցությունն է քաղաքական դաշտում: Եվ մենք դրա կարիքը չունենք, որ քաղաքական դաշտում մեզ գան միանան ուժեր, որպեսզի մեր հեղինակությունը բարձրացնեն: Մենք կարիք ունենք, որ քաղաքական ուժերը մեզ միանան, որպեսզի զարգացման ելքերը ճիշտ փնտրենք»,- ասաց նա:

Եթե Ռուստամյանը պնդի իր հայտարարությունը՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց` իշխանությունը հետևություններ կանի. «Պետք է պարզաբանի, եթե հեղինակազրկված է, ինչո՞ւ է հեղինակազրկված և ինչո՞ւ են համագործակցում հեղինակազրկված ուժի հետ»: Նա կարծում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով ՀՅԴ-ի հեղինակությունը կբարձրանա:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, Արմեն Ռուստամյանը կրկին պնդեց իր կարծիքը`իշխանության հեղինակազրկված լինելու մասին եւ բացատրեց, թե ինչու է ՀՅԴ-ն ցանկանում համագործակցել հեղինակազրկված իշխանության հետ:

Նա հերքեց, թե իր հայտարարության համար երեկ ՀՀԿ-ականները բացատրություններ են պահանջել. «Հարաբերությունների պարզում չի եղել»:

Ապա մեղադրեց լրագրողներին` իր ասածները համատեքստից դուրս ներկայացնելու եւ ապատեղեկատվություն տարածելու համար: «Դաշնակցությունը պատրաստ է ներդնել ամեն ինչ, անգամ այս փուլում իր հեղինակությունը, որը կարող է որոշ մարդկանց համար նվազվի, որովհետև ինքը իշխանության հետ է, որից մարդիկ դժգոհում են: Սա ենք մենք ասել, բայց հեղինակազրկում բառը դարձրել են հիմնական խնդիր, դարձրել հիմնական թեման քննարկումների, կտրել են կոնտեքստից, բովանդակությունից անջատել են և քննարկում են բոլորովին անկապ բան, ես բոլորովին այլ բան եմ ասել, որի շուրջ պետք է համագործակցեն ու հասկանան»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29