Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ պայմաններ հաշմանդամություն ունեցող սիրիահայերի համար

Փետրվար 02,2016 21:30

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նորաբաց կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացումը:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի համալրումն անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, ինչպես նաև կենտրոնում համարժեք հարմարությունների ստեղծումը, պայմանների բարելավումը հնարավոր է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ «Ավելի լավ պայմաններ հաշմանդամություն ունեցող սիրիահայերի համար» ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել է 2015 թ. նոյեմբերին և ավարտվել 2016-ի հունվարի 31-ին:

IMG_0089

Ծրագրի նպատակն էր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց հնարավորություն ընձեռել օգտվելու համարժեք հարմարություններից ու համապատասխան օժանդակությունից, ստանալ հատուկ խնամք, ֆիզիկական և մտավոր զարգացման համար անհրաժեշտ կրթություն:

«ՄԱԿ-­ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ տեղահան եղած մարդկանց թիվը վերջին տարիներին կրկնապատկվել է: Դա մեծապես պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններով: Բայց այդ մութ, դժվար պահերի հետ միասին եղել են նաև լուսավոր պահեր: Դրանցից մեկը թերևս այն էր, որ Հայաստանն առանձին գրկաբացությամբ ընդունեց այդքան մեծ թվով սիրիացի փախստականների»,­- ասաց ՀՀ-­ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, որը նույնպես ներկա էր «Արևիկ­-Հայաստան» կենտրոնի հանդիսավոր բացմանը:

«Սիրիական համայնքը սիրիական ճգնաժամի պատճառով գնալով նվաղեց: Այն հզոր, ուժեղ, հայաշունչ համայնքը քչացավ: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք որոշեցին գալ Հայաստան և իրենց ներկայությամբ գեղեցկացնել հայրենիքը: Սիրիահայերը եկան Հայաստան՝ իրենց հետ բերելով աշխատանքի նկատմամբ նոր վերաբերմունք, նոր մշակույթ, նոր կենցաղավարություն: Ավելի համեստ, ավելի բարի, ավելի կազմակերպված հայեր ես աշխարհում չեմ տեսել»,­- նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29