Լրահոս
Օրվա լրահոսը

Անարեւ ստվերներ՝ արեւոտ տողերի տակ

Փետրվար 03,2016 13:30

Լույս է տեսել Մերուժանի նոր ժողովածուն

Լույս է տեսել գրող, հրապարակագիր, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժանի հերթական՝ «Անարեւ ստվերներ» ժողովածուն, որը բաղկացած է բանաստեղծական 4 շարքից: Օրինակ, «Եզերքներ» շարքը բովանդակում է քնարական շնչով գրված հայրենասիրական էջեր, «Կիսված տողերը», հեղինակի ձեւակերպմամբ, ունի գրաֆիկական խոսքի ձեւավորում՝ ոչ դասական ռիթմով արտահայտված, երրորդ շարքում սպիտակ բանաստեղծություններն են՝ հավատարիմ գրական խոսքի այսօրեական պահանջներին, ինչ վերաբերում է չորրորդ շարքին, այնտեղ էլ զետեղված են թարգմանություններ:

Մերուժանի «Անարեւ ստվերները» քաղաքային պոեզիայի նմուշների բույլ է, ու առանցքում էլ կրկին մարդն է: Ամենակարեւորը՝ չկա ճռճռան պաթետիզմ, զուլալ ապրում է ու դրանով շաղախված տողեր.

Հեռացիր ու հեռվում ընթերցիր քո
Այն սաղմոսը, որում դու մենակ ես,
Արտասվիր ու սգա քեզ թաքուն,
Կոտրվել է հույսիդ սեւ հենակը,
Ու մահն է երազիդ խուզարկուն…
Մերուժանի մշտնջենական ամենամուսան կինն է՝ իր բոլոր կերպերով. Տիրամայր, Մայր Հայրենիք, մայր, քույր, տիրուհի, սիրուհի: Մի խոսքով մեկը, որ նվիրումի ու մեծարման բարձրակետն է.
…Եվ տուր հավերժական քո հյութը կանացի,
Երակներս օժտիր արյան վարար եռքով,
Եվ տաք առագաստում այնպես դու կնացիր,
Որ ես փառաբանեմ մեր սերը աներկրորդ…
Մերուժանի «Անարեւ ստվերներ»-ի տողատակերում բացի հիացումից, հիասթափությունից, ոգեւորությունից, պատկառանքից ու այլնից, նաեւ լիքը ափսոսանք կա ու նվիրումը նույն «տրամաչափով» չփոխադարձելուց ծնված հույզեր: Բայց դա բանաստեղծին չի տարել դեպի հուսալքություն, ընդհակառակը նա պատրաստ է ամեն օր ավետել «թափանցիկ օրվա» բերող բարության մասին, բարեմաղթել՝ «կյանքն ապրել այնպես, ինչպես օրն է իր մեջ պարունակում».
Շարունակիր
Հագնել օրվան հարմար հագուստ,
Եվ ստվերի նման քայլիր հաշտ ու խաղաղ՝
Քեզ ուղեկից մեկի գոյությանը հարիր:
Մի փորձիր խանգարել
Հանդիմանել նրան,
Քանզի անկարող ես հեռանալ նրանից,
Եվ մի աճապարիր անցնել առաջ:
Դու հոգսերդ առած՝
Անցիր քեզ ի վերուստ տրված ճանապարհը,
Որպես Աստծո կամոք
Ծնված մի արարած:
Մերուժանի «Անարեւ ստվերներ» ժողովածուում թարգմանությունների զետեղումը եւս բացառիկ ընտրությամբ է կատարված: Օրինակ Պավել Կոյշի չքնաղ նմուշները, որոնցից մեջբերենք այս հրաշք պատառիկը.
Ոչ, չեմ կարող քեզնից հրաժարվել
քանզի դու ավելի շատ պատկանում ես ինձ
քան կինը կարող է պատկանել ամուսնուն
Չեմ կարող հրաժարվել թթվածնից
որի միջոցով քեզ ներծծում եմ
արյանս մեջ…

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29