Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տարեց, միայնակ կնոջը ծեծել, դանակահարել են ու թալանել

Փետրվար 07,2016 12:52

Այսօր առավոտյան անհայտ անձը կամ անձինք ավազակային հարձակում են գործել Գյումրու կենտրոնական թաղամասերերից մեկում գտնվող  231/598  տնակում բնակվող միայնակ  կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա, նրան ծեծել, դանակահարել են, տունը թալանել:

Տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրան հիվանդանոց են տեղափոխել առավոտյան, կնոջ մոտ առկա է գանգուղեղի փակ վնասվածք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք:

Ոստիկանությունն այս պահին աշխատում է նրա տնակում, իսկ քննիչները կնոջը հարցաքննում են հիվանդանոցում:

Նախնական տեղեկությունների համաձայն, առավոտյան կինը դուրս է եկել բակ, իր դռան մոտ հավաքված ձյունը մաքրելու, երբ մաքրել, մտել է տուն, հետեւից մտել է հանցագործը: Վերջինիս ձեռքին եղել է դանակ, դանակի ծայրով խփել է գլխին, ձեռքերով, ոտքերով հարվածել է մարմնի տարբեր հատվածներին ու հափշտակել 65 հազար դրամ:  Ժամը 9-ի սահմաններում շտապօգնություն են կանչել, այնուհետ զանգահարել են ոստիկանություն:

Շիրակի  մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի, 3-րդ ու 4-րդ կետերով:

Նշենք, որ ըստ հարեւանների, տարեց կինը տոկոսով փող է տալիս, դրանով է յոլա գնում, թեեւ Վալյա Սարգսյանը հերքում է:  Նա ունի որդի, սակայն միայնակ է ապրում: Հանցագործը կամ հանցագործները դեռ բացահայտված չեն: Գյումրեցիներին ապշեցրել է կատարվածը, նրանք անչափ մտահոգված են, որ սկսել են ավազակային հարձակում գործել խարխուլ տնակներում ապրող մարդկանց, ընդ որում՝ միայնակ ծերերի, կանանց  վրա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29