Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյանը՝ լրագրողին ԱԺ-ում չհավատարմագրելու մասին

Փետրվար 07,2016 15:43
boris navasardyan

«Ես ծանոթ չեմ վեճի բոլոր մանրամասներին՝ այնպես որ կներկայացնեմ իմ սկզբունքային մոտեցումները: Եթե Ազգային ժողովում հավատարմագրվելու հայտը լիարժեք չէր, կամ ներկայացված փաստաթղթերը չէին համապատասխանում պահանջներին, դրանց մասին լրագրողը պետք է պատշաճ կերպով տեղեկացվեր ու, եթե չկան այլ ընթացակարգային խոչընդոտներ, մերժման հետ մեկտեղ իրեն պետք է հնարավորություն ընձեռվի երկրորդ անգամ դիմելու համար: Եթե դա չի արվում, ապա կարելի է խոսել պաշտոնական դիրքի չարաշահման, քաղաքական սահմանափակումների եւ այլնի մասին: ԱԺ-ն ինքը պիտի շահագրգռված լինի իր տեխնիկական պայմանների սահմաններում ունենալ հնարավորինս շատ հավատարմագրված լրագրողներ, որոնք ներկայացնում են բազմազան ԶԼՄ-ներ»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ xnews.am կայքը հավատարմագրվելու դիմում է ուղարկել Ազգային ժողով: Ըստ կայքի հրապարակման՝ դիմումը ԱԺ մուտքագրվելուց հետո, լրատվության վարչության պետը հայտնել է, որ անհրաժեշտ է հավելյալ տրամադրել կայքի այցելությունների մասին տեղեկատվություն, ինչը պատշաճ կերպով իրականացվել է: Որոշ ժամանակ անց Արսեն Բաբայանը պատասխանել է, որ հավատարմագրման համար ներկայացված դիմումը ոչ լիարժեք է: Կայքը պահանջել է մերժման հիմքերը գրավոր ներկայացնել, սակայն չի ստացել եւ միայն տեղեկացվել է, որ դիմումը մերժվել է:

Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն այսօր պարզաբանում է տարածել, որում մասնավորապես նշել է, թե լրատվամիջոցի դիմումը ստորագրված է եղել անհատ ձեռներեցի անվամբ, ինչը նշանակում է, որ «լրատվական կայքի պատկանելիության հարցը փաստվել է դիմողի կողմից։ Նշված հանգամանքը դուրս է ձևական սխալի (թերություն) շրջանակից, ուստի չէր կարող շտկման համար տեղեկացման կամ ժամանակ տրամադրելու հիմք հանդիսանար»։

Նա նաեւ հավելել էր, որ «խելամտության կանխավարկածը հուշում է, որ բանականության սահմաններից դուրս է, որ դիմողը կկեղծեր կայքի պատկանելիության փաստը և որևէ իրավաբանական անձի անունով կամ կնիքով կեղծ դիմում կներկայացներ։ Դիմողն իր հրապարակումներում դժգոհություն է հայտնում, որ, փաստորեն, իրեն կեղծելու հնարավորություն չի տրվել»։

Բորիս Նավասարդյանն այս առնչությամբ նշեց. «Իսկ ներկայացվող փաստաթղթերում կեղծիքների հնարավորության մասին թեմային անդրադարձն ընդհանրապես ավելորդ եմ համարում: Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն ունի բոլոր հնարավորությունները ցանկացած տվյալ ստուգելու եւ կեղծիք բացահայտելու: Այնպես որ՝ դրա հետ կապված ռիսկերը պատճառ չեն կարող դիտվել երկրորդ անգամ հայտ ներկայացնելու համար»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29