Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք Է Հայր մեր աղոթքն ամեն օր ասել, եւ առանց կրկնողության

Փետրվար 08,2016 13:00

Բարեկամներիցս մեկն ինձ հետեւյալ հարցն ուղարկեց. «Ինչու՞ ես պետք է կրկնեմ ամեն օր նույն տերունական աղոթքը, որն ընդամենը անգիր է, որը արտասանելիս ինձ ազնիվ չեմ զգում, եթե կարող եմ պարզապես իմ մտքերով կիսվել ու զրուցել իմ աղոթքով։ Չե՞ք կարծում, որ այս կերպ ավելի ի սրտե է եւ իրական»:

Հայր մերը կոչվում է Տերունական աղոթք, որովհետեւ մեր տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց այն: Առաքյալները աղոթել գիտեին ու իրենք էլ աղոթքի մարդիկ էին: Առնվազն, նրանք ծանոթ էին Սաղմոսների հարուստ ժառանգությանը: Բայց քանի որ Հովհաննես Մկրտիչն իր աշակերտներին սովորեցնում էր աղոթել, Քրիստոսի աշակերտները նույնպես խնդրեցին տիրոջը, որ իրենց աղոթել սովորեցնի:

Ղուկասի Ավետարանի 11-րդ գլխում կարդում ենք, որ մի օր տեր Հիսուսը մի տեղ աղոթքի էր կանգնած ու երբ վերջացրեց, աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղոթել սովորեցրո՛ւ, ինչպես Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»։ Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք… (Ղկ 11:1-2) Ու սովորեցրեց Հայր մեր աղոթքը: Դրա համար այն կոչվում է Տերունական աղոթք՝ այսինքն Տիրոջ կողմից սովորեցրած: Հայր Մեր աղոթքի մասին նաեւ կարդում ենք Մաթեւոսի Ավետարանի 6-րդ գլխում:

Ձեզ պատմեմ մի դեպք: Մենք ապրում ենք ԱՄՆ-ում: Տարիներ առաջ, մի անգամ մեծ տղաս, որ այդ ժամանակ երեւի 6-7 տարեկան էր, հարցրեց. «Պապ ինչու՞ երբ Հայր մերն անգլերեն եմ ասում, ամեն ինչ հասկանում եմ, իսկ երբ հայերեն եմ ասում, ոչինչ չեմ հասկանում»: Նա ի նկատի ուներ գրաբար: Եվ իրոք, ես էլ հասկացա, որ ես էլ այդպես եմ: Թեեւ գրաբար գիտեմ, բայց աղոթքը սրտիցս չէր ելնում, այլ բերանիցս, արագ-արագ, զուբրիտի պես: Այդ դուք կարող եք ինքներդ ձեզ հիմա ստուգել: Եթե Հայր մերն ասում եք գրաբար, ապա կարո՞ղ եք առանց դանդաղելու իր սրտե ասել աշխարհաբար: Եթե այո, ապա բարի, իսկ եթե ոչ, ու ստիպված եք մտքում նախ թարգմանել հերթականությունն ու հետո ասել, ապա ուրեմն ձեր բերանն ասում է, իսկ սիրտը՝ դեռ ոչ: Մենք որոշեցինք, որ այդ օրվանից Հայր մեր աղոթքը կասենք աշխարհաբար հայերենով, մեր սրտի բառերով, իսկ Եկեղեցում ըստ կարգի գրաբարով: Երբ որ աշխարհաբարն արմատավորվեց իմ սրտի մեջ, եկեղեցում գրաբարն էլ ավելի դյուրին էր գալիս, ոչ անգիր, ոչ կրկնողություն, այլ ի սրտե:

Հայր Մերն ամեն օր աղոթելով չենք ձանձրանում: Չէ՞ որ մենք ամեն օր հաց ենք ուտում ու չենք ձանձրանում, որովհետեւ դրա կարիքն ունենք: Նունպես էլ մեր Տերը Հայր մերի միջոցով մեզ սովորեցրեց այն ամենը, ինչի կարիքն ունի մարդը՝ երջանիկ ու ազատ ապրելու համար: Ահա տեսե՛ք: Սրտով ու հավատքով աղոթելու ժամանակ դուք Աստծուն կոչում եք հայր: Դուք փառավորում եք նրան իր սրբության համար: Դուք ուզում եք, որ ձեր Հոր հետ լինեք իր Արքայության մեջ եւ ուզում եք, որ գա իր արքայությունը: Դուք ուզում եք, որ իր կամքը լինի, քանի որ իր կամքն ավելի լավն է ու բարի, քան թե իմն ու քոնը: Դուք հաց եք ուզում ձեր ամենօրյա կարիքների համար՝ հոգեւոր եւ մարմնավոր: Դուք Աստծո ներողությունն եք ուզում, եւ ինչ լավ է, որ մեր Տերը մեզ սովորեցրեց, որ այդ ներողությունը տրվում է, եթե մենք էլ ներում ենք մեր պարտապաններին: Թէ չէ, ո՞վ կփրկրվեր, քանզի բազում ու անթիվ են մեր հանցանքները:

Դուք Աստծո պաշտպանությունն եք խնդրում, որպեսզի չթողնի ձեզ գնալ փորձության մեջ ձեր սխալ որոշումների պատճառով, այլ հակառակը, փրկի ու ազատի ձեզ չարից: Դրա համար մեր եկեղեցու բոլոր արարողություններն սկսվում եւ ավարտվում են Հայր մեր Տերունական աղոթքով: Այսպես, ի սրտե եւ համոզմունքով աղոթելով այն երբեք չի թվա կրկնողություն, այլ ծարավ մարդու համար ջուր եւ սովածի համար կերակուր: Իսկ ձեր սրտի խոսքերով աղոթքներ նույնպես կարող եք ասել եւ պետք է ասեք: Խոսեք մեր երկնավոր Հոր հետ ձեր սրտի խոսքերով: Տեսեք օրինակ Դավիդ մարգարեն ինչ գեղեցիկ է խոսել 150 Սաղմոսների տեսքով: Տեսեք մեր Սբ. Գրիգոր Նարեկացին ինչ գեղեցիկ է աղոթել՝ իր աղոթքները վերնագրելով «Սրտի Խորքից Խոսք առ Աստված»:
Պողոս Առաքյալը մեզ հորդորում է աղոթել առանց դադարի (1 Թեսաղ. 5:17): Դուք սա կարող եք անել ձեզ վարժեցնելով Հիսուսի աղոթքի կարճ տարբերակին, որի մասին գրում են հայրերը: Շնչելուց մտքում ասեք «Տեր Հիսուս Քրիստոս», իսկ արտաշնչելուց՝ «Ողորմյա ինձ մեղավորիս»: Եվ այսպես ամեն մի շնչի հետ, որ Աստված տվել է ձեզ, որքան կարող եք: Մեր Տերն ասաց, «աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մաթ. 26:41): Քանի դեռ ձեր հավատքը թույլ է, դուք աղոթքի կարիք չեք զգա: Բայց երբ ձեր հավատքի վրա աշխատեք, ապա ժամանակի հետ ավելի շատ աղոթելու պահանջ կզգաք: Ձեր հոգեւոր կյանքի մեջ արթուն կացեք եւ ամրապնդեք ձեր հավատքը: Եթե մի բան չի կարելի, ապա մի արեք, որովհետեւ մեղքը վերք է հասցնում սեփական անձին: Եթե մի բան պատվիրված է, ապա պահեք պատվիրանները, որպեսզի ազատություն ունենաք եւ կյանք:
Խաղաղություն եւ ուրախություն Ձեզ մեր Հիսուս Քրիստոսից:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/hareyanarm/

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29