Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Ինչպես չդառնալ փայտագլուխ եւ չերկրպագել նրան

Փետրվար 08,2016 16:00

Աստծո Երկրորդ պատվիրանը եւ ժամանակակից իրականությունը

«Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»: Այդպիսին է Աստծո Երկրորդ պատվիրանը, որն, ի դեպ, տրամաբանական շարունակությունն է Առաջին պատվիրանի՝ «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի՝ այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար»: Ինչպես Երկրորդ, այնպես էլ Աստծո մնացած պատվիրաններին հետեւելը դժվար է, որովհետեւ գայթակղությունները շատ են: Կուռք կարող է դառնալ փողը, երբ ապրուստի միջոցից այն վերածվում է սեփական անձը կարեւորելու միջոցի: Կռապաշտության առարկա կարող են դառնալ նույնիսկ գիտությունը (իբր այն ինքնին կարող է մեզ փրկել), արվեստը (երբ այն չի ծառայում բարի նպատակների), անգամ սրբանկարներն ու իրենք՝ սրբերը: Ժամանակակից կյանքում կուռքի դերում հաճախ հանդես են գալիս մարդիկ՝ դերասանները, փոփ-աստղերը, պետական եւ քաղաքական գործիչները:

Այս դեպքերում հաճախ է պատահում, որ, ասենք, կուռքերն արական սեռի են, իսկ երկրպագուները՝ իգական, եւ այստեղ, հավանաբար, կա որոշակի թաքնված կամ բացահայտ էրոտիզմ: Ես գիտեմ կանանց, որոնց կուռքը Ռոբերտ Քոչարյանն է, Տիգրան Սարգսյանը, նույնիսկ Նարեկ Սարգսյանը, եւ նրանք պատրաստ են թռնել ցանկացած մարդու երեսին, որը գոնե թեթեւակի կասկածի տակ կառնի իրենց կուռքերի կատարելությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էլ չեմ ասում. նա, ինչպես ընդունված է ասել, «խարիզմատիկ» անձնավորություն է, եւ մի քանի տասնյակ տղամարդիկ ու կանայք (բայց առավելապես կանայք) պատրաստ են իրենց տանը դնել Առաջին նախագահի փայտաշեն արձանը (սեմիթական «կումրա» բառը մոտավորապես դա է նշանակում, ավելի ստույգ՝ «փայտի վրա փորագրած») ու երկրպագել նրան: Անկախ նրանից, թե ով է պաշտամունքի առարկան՝ մարդը, փողը, թե, ասենք, գիտությունը, կուռքերն ունեն մի ընդհանուր հատկություն՝ դրանցից վաղ թե ուշ հիասթափվում են, դրանց, ի վերջո, տապալում են:

Երկրորդ պատվիրանը (առաջինի հետ միասին) հենց կոչ է անում քննել մեր սիրտը՝ ինչին է ուղղված մեր երկրպագությունը՝ արարածի՞ն, թե՞ Արարչին: Կռապաշտության «հակաթույնը», կարծում եմ, տալիս է հենց Աստվածաշունչը՝ սիրե՛լ մարդկանց, ոչ թե պաշտել եւ աստվածացնել նրանց: «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» (Պողոս առաքյալի առաջին թուղթը կորնթացիներին, 13, 4-6): Այնինչ կռապաշտությունը ենթադրում է գոռոզություն, բարկություն, չարություն բոլոր այն երեւույթների հանդեպ, որոնք չեն տեղավորվում մեր երկրպագած «փայտագլուխների» («իդոլների») գծած շրջանակների մեջ: Այնտեղ, որտեղ կա սիրո պակաս, այդ դատարկ տեղը լցնում է կռապաշտությունը:

Սակայն «հակաթույնը» պետք է լինի նաեւ հակառակ կողմից: Այսինքն՝ երբեմն պատահում է, որ հեղինակություն վայելող մարդը՝ քաղաքական լիդերը, գիտնականը կամ հոգեւորականը, իր կամքից անկախ է դառնում «փայտագլուխ»: Պարտադիր չէ, որ նա Հիտլեր կամ Ստալին լինի, չնայած, եկեք ընդունենք, որ կուռք դառնալու կամ նման ձգտում ունենալու համար մարդը պետք է ունենա նարցիսիզմի որոշակի տարրեր: Բայց եթե մարդն անկեղծորեն չի ցանկանում կուռք դառնալ, ապա նրա մտքով անգամ չպիտի անցնի իրենով կամ իր մտքի որեւէ արգասիքով փոխարինել Տիրոջը:

Դա, ըստ էության, նշանակում է մի մասը փոխարինել ամբողջով: Ամենացայտուն ձեւով այդ «փոխատեղումը» կարելի է լուսաբանել «միայն մեզ մոտ» գրեթե գովազդային հնչերանգ ունեցող կարգախոսով: Միայն մեզ մոտ գիտեն, թե ինչպես է պետք պայքարել չարիքի դեմ, միայն մեզ մոտ գիտեն, թե ինչպես է պետք մտածել, հագնվել, որ գրքերը կարդալ, ինչ ուտել, ինչ խմել եւ վերջապես՝ ինչպես փրկվել: Հենց որ ցանկացած համայնքում (կրոնական, թե աշխարհիկ) սկսում է հնչել այդ՝ «միայն մեզ մոտը», ուրեմն այնտեղ կա «փայտագլուխ», որն այդ կանոնները հաստատում է: Խելք ունեցող հեղինակավոր մարդիկ ունենում են պատշաճ հեզություն եւ սթափություն՝ սաղմնային շրջանում կանխարգելելու այդ «միայն մեզ մոտ»-ը:

…Վեհափառը մտնում է քահանայի սենյակ եւ առաջին հարցը, որը տալիս է՝ «բա որտե՞ղ է իմ նկարը, ինչո՞ւ է այդքան փոքր, ինչո՞ւ ճիշտ տեղում չի դրված»: Նարցիսիզմի մասին արդեն ասել եմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտ

    Լսել եմ, որ ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի մականունը ՓԱՅՏԱԳԼՈՒԽ ՝է: Բա:

  2. Լավատես says:

    Մեզ ուղեցույց ուղղորդող Մակարդակով հեղինակություններ են պետք, որոնք ավելորդ համեստությամբ չեն տառապում: Խնդիրն այն է, որ Անմակարդակների մեջքներին ավելի ուժեղներն են կանգնած, քան թե խեղճ ու կրակ համեստ Մակարդակավորների մեջքներին, դրա համար էլ վերջիններին ստիպում են լինել համեստ, հակառակ դեպքում նրանց ճնշում են ու դուրս հրավիրում երկրից: Կարճ ասած, մեր Մակարդակովներին պետք է զոռբայության հասնող անհամեստություն ու իրենց թիկունքին կանգնած դռբով հարուստ տղերք:

  3. Maga says:

    1990-ականներին էլ Ձեր կուռքը Տեր-Պետրոսյանն էր եւ Դուք էլ ,թռնում,, էիք այն մարդկանց երեսին, ովքեր կասկածի տակ էին առնում Տեր-Պետրոսյանի կատարելությունը…Ոչ միայն այն ժամանակ: Հիմա էլ է նա Ձեր կուռքը…
    Պետք չէ անառարկելի տոնով գրել, թե այս կամ այն գործչին ինչ-որ խումբ համակրում է: Դա նորմալ է, ինչպես նորմալ է Ձեր համակրանքը առաջին նախագահի հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29