Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի ամենաթանկ շենք ունեցող դպրոցը գտնվում է Գյումրիում

Փետրվար 08,2016 13:02

2015 թվականին Հայաստանի լավագույն պետական մեծ հիմնական դպրոցների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցրել Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20-րդ հիմնական դպրոցը, որն այս պահին ունի 346 աշակերտ:

Խոսքն այն դպրոցի մասին է, որի աշակերտները, որպես կանոն, ազատ տիրապետելով անգլերեն լեզվին, սովորում են աշխարհի լավագույն համալսարաններում՝ Օքսֆորդոմ, Քեմբրիջում, իսկ ավարտելուց հետո մեծամասամբ դիվանագիտական, թարգմանչական գործունություն են ծավալում տարբեր երկրներում:

Դպրոցի 24 տարվա տնօրեն Գրիգոր Հարությունյանը հպարտությամբ թվարկում է, որ իրենց դպրոցի շրջանավարտներից է համաշխարհային ճանաչում ունեցող թարգմանիչ, գրող, հրապարակախոս, հայ ընթերցողին արտասահմանյան գրականության լավագույն նմուշները՝ Թոմաս Էլիոթի «Մեռյալ երկիր»-ը, Շեքսպիրի սոնետները, Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»,Վիլյամ Սարոյանի տարբեր ստեղծագործություններ ու այլ բազմաթիվ հեղինակներ թարգմանած Սամվել Մկրտչյանը, Շվեդիայում Հայաստանի հյուպատոս Դավիթ Մանուկյանը, Ռումինիայում հյուպատոս Արսեն Միքայելյանը, աշխարհահռչակ բժիշկ, դոկտոր-պրոֆեսոր Հռիփսիմե Զատիկյանը, որը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում ու բազմաթիվ այլ անուններ:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս այս դպրոցն է ավարտել ու արտերկրյա դեսպանների մոտ միշտ շեշտում է իր՝ անգլիական թեքումով դպրոց ավարտելու փաստը: 65-ամյա պատմություն ունեցող դպրոցը Ջորջ Բայրոնի անունը կրել է 1990 թվականից, սկզբում եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան:

Tetcher

«1990 թվականի փետրվարին Գյումրի էին եկել անգլիացի լրագրողներ, երբ այցելել են մեր դպրոց, որը երկրաշարժից հետո գտնվում էր վրաններում ու մեր աշակերտներին հարցրել էին, թե ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել, ի՞նչ եք ուզում, երեխաները խնդրել էին դպրոց կառուցել իրենց համար: 1990 թվականի փետրվարի 19-ին սկսեցին դպրոցի հիմքը լցնել, նույն թվականի հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը եկավ բացմանը: Անգլիացի լրագրողները տեղ հասցրեցին մեր աշակերտների խնդրանքը ու Մեծ Բրիտանիայի կառավարությունը, Մեծ Բրիտանիայում հայկական համայնքը, «Ռոլս Ռոյս» (Rolls-Royce) ֆիրման ու այլ տարբեր կազմակերպություններ: Մենք մինչեւ օրս պահպանում ենք երախտագիտության պատը, երախտապարտ ենք նրանց, ովքեր մասնակցել են դպրոցաշինությանը:

Այդ ժամանակ մեր դպրոցի տնօրենը մեծ երախտավոր Երվանդ Թադեւոսյանն էր: Պատկերացրեք, վրանային դպրոցը մեկ տարվա ընթացքում վերածվեց հոյակապ կառույցի, բրիտանացիների վկայությամբ մեր դպրոցը Եվրոպայի ամենաթանկ դպրոցական շենք է՝ 8 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ:

Հիշում ենք, թե ինչպես Միխայիլ Գորբաչովը պրովոկացիայի ենթարկեց մեզ, չէր ուզում ապահովել Մարգարետ Թետչերի անվտանգությունը Գյումրիում: Պատմելու չէ, ինչ ընդունելության արժանացավ Թետչերը Գյումրիում, ժողովուրդը գիտեք ինչ ցնծությամբ, ուրախությամբ դիմավորեց Մեծ Բրիտանիայի վարչապետին: Բայց այդ նույն ժողովուրդը, Գյումրու «Եռանկյուն»-ի թաղամաս եկած Գորբաչովին տեսնելով, Ղարաբաղի հարցն առաջ քաշեց:

Անհամեստություն չլինի, բայց պետք է ասեմ, որ ժողովրդական դիվանագիտությունը Մեծ Բրիտանիայի հետ մեր դպրոցով է սկսվել, 90 թվականից կապերի մեջ ենք, շատ մեծ միջոցառումներ են անում թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: Գիտեք, որ եվրոպական տարբեր երկրների դեսպանները հաճախակի են հյուրընկալվում մեզ մոտ, համատեղ միջոցառումներ ենք կազմակերպում:

dproc-21

Մենք նաեւ ՄԱԿ-ի բարեկամ դպրոց ենք դարձել, դեկտեմբերի 10-ին՝ երեխաների պաշտպանության օրը, ես առաջարկություն արեցի դիմել աշխարհի պետություններին, ՄԱԿ-ին՝ պաշտպանելու երեխաներին ահաբեկչություններից:

Մեր դպրոցը վերջերս Եվրոխորհուրդ ուղարկեց իր առարկությունները հակահայկական բանաձեւերի դեմ:

Ֆլեքս ( FLEX) ծրագրի հիմնադիրներից մեկը հենց մեր դպրոցն է, այդ ծրագրով մեր աշակերտները գնում են աշխարհի լավագույն համալսարաններ, երբ հիմնեցինք այդ ծրագիրը, մեզ շպիոն հանեցին, բայց հիմա…Այդ ծրագրով մեր նախկին աշակերտներից մեկը՝ Լուսինե Մանուկյանը, գնաց ԱՄՆ, հետո «Քվանտ», դարձավ նախագահի մրցանակակիր, հիմա էլ ընդունվել է Օքսֆորդի համալսարան:

Մի շրջանավարտ ունեինք՝ Զարուհի Պողոսյանը, երբ նա Մարգարետ Թետչերի հետ սկսեց անգլերեն խոսել, «երկաթյա լեդին» ասաց՝ ես կերազեի, որ ամեն մի անգլիացի այս երեխայի պես գրագետ անգլերեն խոսեր, հիմա քաղաքագիտության դոկտոր է: Այնպես որ բնական է, որ մեր դպրոցը Հայաստանի լավագույն պետական մեծ հիմնական դպրոցների ցանկում»,-ասաց տնօրենը:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի լավագույն պետական ավագ դպրոցներ ու վարժարանների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Գյումրու «Ակադեմիական», իսկ երրորդ տեղում Գյումրու «Ֆոտոն» վարժարանները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Ասպարեզ» օրաթերթի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բարսօ Պետրոսեան says:

    Իսկ ո՞ւր էին այս դպրոցները 2015-ի Օգոստոսին, երբ «Իմ Հայաստան» փառատօնին մասնակիցները Գիւմրի այցելեցին եւ երգեցին այդպիսի դպրոցի մը բեմին վրայ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29