Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռնող հարթակ. Ետ բերե՛ք հին հայկական ֆիլմի շունչը

Փետրվար 08,2016 17:48

Երբեմնի հայկական կինոարտադրությունը արդեն նույնը չէ: Տասնամյակներ առաջ ստեղծված «Հայֆիլմ» կինոստուդիան առաջինը և միակն էր հանրապետությունում, որ որակյալ ֆիլմերի հարթակ ստեղծեց: Ֆիլմեր, որոնք ժամանակի և հետագայում տասնամյակների պատմության մեջ դարձան չկրկնվող, չհնացող և պահպանվեցին որպես ազգային արժեքներ: 1930-ականներին Համո Բեկնազարյանի անվամբ հիմնադրված կինոստուդիան պատմության էջերում պահպանեց ֆիլմեր, ինչպիսիք են` «Մենք ենք մեր սարերը», «Եռանկյունի», «Մեր մանկության տանգոն», «Նռան գույնը», «Խնձորի այգին», «Կտոր մը երկինք», «Կարոտ» և շատ ուրիշ ֆիլմեր, որոնք ազգային արժեքների արտացոլանքն են բոլոր ժամանակներում: Կինոմատոգրաֆիան, հիրավի, այդ տարիներին կարելի էր անվանել հայկական ֆիլմերի ոսկե ժամանակաշրջան, երբ միտքն ու ոգին համախմբված էին յուրաքանչյուր ֆիլմի ժապավենում, երբ դարաշրջանի լավագույն դերասանները, ռեժիսորները, կոմպոզիտորները ստեղծում էին ազգային հերոսներ և ապրեցնում այդ հերոսներին մինչև հավերժացում: Չգիտեմ` ժամանակներն էին կատարյալ, թե այդ ժամանակաշրջանում համախմբված մարդիկ, բայց նրանց բացը գուցե այլևս չլրացվի ոչ մի նոր ֆիլմով:

Մինչ օրս կարելի է տեսնել «Հայֆիլմ» անվանմամբ կինոստուդիայի քարե կոթողը, որը ցավոք մնացել է միայն որպես քարե նմուշ և այլևս իրենից ոչինչ չի ներկայացնում: 2016 թվականն է արդեն: Դարաշրջան, որտեղ տեխնոլոգիայի զարգացանը զուգընթաց, պետք է որ զարգացում ապրեր նաև հայկական կինոարտադրությունը: Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակի ժապավենը՝ ոչինչ այդպես էլ չփոխվեց:

«Սի Էս ֆիլմզ ստուդիո» կինոստուդիան ժամանակին կրում էր «Հայֆիլմ» անվանումը: Փոխվեց անվանումը և դրան հաջորդեցին մի շարք փոփոխություններ, որոնց անարդյունք վիճակը հուզում է շատերին: Թերևս «ֆիլմզ» բառը շատ փոքր մասն է կազմում այդ ստուդիայի, քանի որ սերիալների հոսքից առավել ոչինչ տեսնել հնարավոր չէ: «Սի Էս ֆիլմզ ստուդիո»-ի տնօրեն Խաչատուր Ցոկոլակյանի շնորհիվ կամ գուցե պատճառով փոփոխությունները հայ կինոարտադրությունը գցում են անելանելի անդունդի մեջ, որից դուրս գալը ոչ միայն ժամանակի, գումարի խնդիր է, այլև մարդկանց, ովքեր պատրաստակամ են ստանձնել այդ մեծ և դժվարին աշխատանքը, և գործել՝ ինչպես ժամանակին դա անում էին ազգի նվիրյալներ, և պարզապես «կինո» կոչվածը սիրող մարդիկ:

Այսօրվա կինոստուդիայի տնօրենի պարտավորությունների ցանկում առկա խոստումների մի մասն է իրականացված, ինչպիսիք են օրինակ` ֆիլմերի անվանափոխություն կատարելը, մի քանի հարյուր ֆիլմերի թվայնացումը և…թերևս այսքանը: Խոստումների ցանկում բացակայում են 30 միլիարդ դրամի ներդրում կատարելը պարոն Ցոկոլակյանի և տասնյակ մարդկանց կողմից, ինչպես նաև նոր ֆիլմերի նկարահանումը, փոխարենը եթերը լցնելով սերիալների անսպառ հոսքով:

Ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ կինոարտադրությունը երբեմն կարելի է տեսնել ծանծաղ լճի տեսքով և շատ ավելի հաճախ ճահճացման եզրին, և այդ ժամանակ ֆենոմենալ երևույթներ են տեղի ունենում, ինչպիսիք է օրինակ «Ոսկե ծիրան» ամենամյա փառատոնը:

«Մենք չունենք որակյալ մշակույթի ինչ-որ մի բարձր հենք, որի վրա էդ ֆենոմենալությունը ավելի երևելի կերպով կարող է կայանալ: «Ոսկե ծիրան» փառատոնը այդ ծանծաղացման, ճահճացման ֆոնին ֆենոմենալ երևույթ է, մանավանդ եթե հաշվի առնենք` որ թվականին առաջին փառատոնը տեղի ունեցավ և ինչ պայմաններում, իրոք կարժևորենք այդ փառատոնի ձևավորումը,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը:

Ռեժիսորի կարծիքով, փառատոնների ֆոնի վրա միայն հասկացողին է առավել պարզ երևում հայ կինոարտադրության դրամատիկ և ողբերգական վիճակը: Եվ իրոք, խոսքերը փաստում են դրամատիկ վիճակի առկայությունը: Այսօր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմին փոխարինում է «Վրիժառու» սերիալը, «Մեր Մանկության տանգո»-ին «Բախտաբեր»-ը և շատ այլ սերիալներ, որոնք ոչ միայն ազգայինի պահպանմանն են խոչընդոտում, այլև հակադաստիարակչական բնույթ են կրում: Նույն ողբերգական իրավիճակում տուժում են նաև ֆիլմերի էկրանավորումներ, որոնք Հենրիկ Մալյանի և շատ ուրիշ ռեժիսորների փոխանակմամբ արժանանում են «մեծն» կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանի սլացիկ մտքով և անծայրածիր երևակայությամբ ստեղծված ֆիլմերի էկրանավորմանը, ինչպիսիք են օրինակ «Սպանված աղավնին», «Խաչագողի հիշատակարանը» և այլ ֆիլմեր, քանակով ոչ ավելի 10-ից, որոնց սյուժեն և դերասանական կազմը ոչնչով չեն տարբերվում իրարից:

Ինչո՞ւ այսօր, երբ դեռևս կարելի է դուրս գալ ճահճացումից, մենք հայերս ոչինչ չենք ձեռնարկում: Ինչո՞ւ հարևան Վրաստանը կամ Իրանը կարող են ունենալ նույն պրոֆեսիոնալիզմը, դերասանական կազմն ու ռեժիսորներն, ինչպիսիք ունեինք մենք ժամանակին «Հայֆիլմ» կինոստուդիայի գոյության ժամանակ և ունենալ պետական աջակցություն, իսկ հայրենական կինոարտադրությունը` ոչ:

«Հասկանալի է, որ գրողը գրիչ և թուղթ է ուզում, որ գրի, բայց գրողի հանրահռչակման համար հարթակ է պետք, դուրս գալ է պետք, պետք է, որ նա թարգմանվի: Նույնը կինոն է: Ահա այդտեղ անփոխարինելի է պետության հովանավորների դերը և հարկային արտոնությունների անհրաժեշտությունը մշակույթի որևէ ոլորտում, առավել ևս կինոյում, որը ամենաշատ ծախսատար, բայց և ամենաշատ այսպես ասած միջազգային անցաթուղթ կամ անձնագիր հանդիսացող արվեստի տեսակն է,- ասում է Դավիթ Մաթևոսյանը:

Ազգ, սերունդ , մշակույթ: Այս 3 անփոխարինելի տարրերը պահպանման ժամկետ, ժամանակագրություն չեն ճանաչում: Նրանք մնայուն և գործող արժեքներ են, որոնց առկայությամբ հարատևում են պետության ներսում առկա կամ թերի առկա կինոստուդիաները, կինոմատոգրաֆիան, կինոարտադրությունն ու դրանք դանդաղ, բայց վստահ ոչնչացման տանող «ազգի հերոսները»: Գուցե ես 40 տարվա մանկավարժ չեմ, ինչպես ասվում է «Երջանկության մեխանիկա» ֆիլմում, բայց գիտեմ մի պարզ ճշմարտություն. պետք է ետ բերել հայրենական կինոարտադրության վաղեմի շունչը, «Հայֆիլմ» կինոստուդիան և կինոները, որոնք ամեն անգամ դիտելիս, կրկնության են արժանանում:

Մարո ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29