Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններ. թշնամանքից մինչեւ համագործակցություն

Փետրվար 09,2016 17:39

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի

հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ

Միացյալ Նահանգներ-Իրան փոխհարաբերությունների ներկա վիճակը խոր արմատներ ունի անցյալում: Թեև Միացյալ Նահանգները տարբեր առիթներով նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է փոխաբերությունների հարցի շուրջ Իրանի հետ բանակցել առանց նախապայմանի, սակայն իրանական կողմի մոտ անվստահությունն առավել ընդգծված է, ինչը պայմանավորված է փոխհարաբերությունների պատմությամբ, որոնք ընդհատվել են 1979թ. նոյեմբերի 4-ից և առ այսօր բնութագրվում են իբրև առնվազն ոչ բարեկամական:

ԱՄՆ-ի ակտիվ ներկայությունն Իրանում, կարելի է ասել, սկսվել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում: Պատերազմի ավարտից հետո Խորհրդային Միությունը ոչ միայն հրաժարվեց պայմանավորվածության համաձայն զորքերը դուրս բերել Իրանից, այլև անջատողական կրքեր էր բորբոքում Իրանի, Ադրբեջանի և Քրդստանի նահանգներում, ինչը երկու երկրների միջև լուրջ տարաձայնությունների պատճառ դարձավ: Միացյալ Նահանգները կանգնեց Իրանի կողքին` ԽՍՀՄ-ից պահանջելով կատարել ստանձնած պարտավորությունները: Թեև Կարմիր բանակն Իրանից դուրս բերելու հարցում ԱՄՆ-ի դերակատարությանը տրված գնահատականները տարբեր են, սակայն նրա ունեցած դերն անժխտելի է: Ավելին, պատմաբաններից ոմանք Սառը պատերազմի սկիզբը հենց այդ խնդրի շուրջ Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև տարաձայնություններն են համարում:

1951թ. մարտի 20-ին Իրանի բարենորոգիչ, ազգայնական և հակագաղութատիրական հայացքներով քաղաքական գործիչ Մոհամեդ Մոսադեղի առաջնորդությամբ նավթի ազգայնացման շարժումը հաջողության հասավ, ինչը Մեծ Բրիտանիային Իրանի նավթի տնօրինությունից զրկել էր նշանակում: Արդյունքում Իրանի դեմ առաջին անգամ տնտեսական սահմանափակումներ կիրառեց Մեծ Բրիտանիան:

Նույն թվականի ապրիլի 28-ին Ազգային ճակատի առաջնորդ Մոսադեղն ընտրվեց վարչապետ, ինչն ավելի զայրացրեց Լոնդոնին: Մյուս կողմից, թեև Մոսկվայից ղեկավարվող համայնավարները բավականին ակտիվացել էին, սակայն երկրի համայնավարացման սպառնալիք չկար, այնուամենայնիվ, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները նաև խիստ հետաքրքրում էին ԱՄՆ-ին: Արդյունքում Իրանում հեղաշրջման միջոցով ազգայնական Մոսադեղին իշխանությունից հեռացնելու և շահի դիրքերն ամրապնդելու Վաշինգտոն-Լոնդոն համատեղ ծրագիր մշակվեց: ԱՄՆ-ն այն իրականացրեց 1953թ. օգոստոսի 19-ին և հեղաշրջումից հետո Իրանում զբաղեցրեց Մեծ Բրիտանիայի տեղը: Այդ պատճառով իրանցիներն առ այսօր չեն ներում Վաշինգտոնին, ինչը, թերևս, փոխեց Իրանի պատմության հունը:

Այս առնչությամբ ԱՄՆ Հետախուզական կենտրոնական վարչությունը (CIA) հեղաշրջման 60-ամյակին գաղտնազերծեց և հրապարակեց այդ ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի հիմնական մասը, ինչի փորձ արվել էր նաև 1981թ., սակայն, այդ ժամանակ հրապարակվածները ենթարկված էին գրաքննության:

1963թ. Մուհամեդ Ռեզա շահը, ով հեղաշրջումից հետո լիովին բռնապետություն էր հաստատել երկրում, կյանքի կոչեց 6 հիմնադրույթից կազմված հասարակական, քաղաքական բարեփոխումների ծրագիր, որը հետագայում վարչակարգի քարոզչական մեքենան ներկայացրեց իբրև “Սպիտակ հեղափոխություն“: Հոգևորականությունը և մտավորականներն այն գնահատեցին կիսատ-պռատ, Վաշինգտոնում մշակված, որտեղ հաշվի չեն առնվել Իրանի հասարակության առանձնահատկությունները:

Իսկ բարձրաստիճան հոգևորականությունը Այաթոլա Ռուհոլա Մուսավի Խոմեյնիի առաջնորդությամբ բարեփոխումների հիմնադրույթները որակեց իբրև իսլամի սկզբունքներին, նորմերին և ազգային շահերին հակասող` շահից պահանջելով հրաժարվել դրանց իրագործումից: Ուստի, երբ 1963թ. հունիսի 5-ին կյանքի կոչվեց բարեփոխումների գլխավոր` հողային դրույթը, Խոմեյնիի առաջնորդությամբ ողջ երկրի մակարդակով տեղի ունեցան բողոքի ցույցեր, որոնք ճնշվեցին, իսկ Այաթոլա Խոմեյնին արտաքսվեց երկրից: 1978թ. արտերկրից նա առաջնորդեց 1979թ. իսլամական հեղափոխությունը և Իրան վերադարձավ 1979թ. փետրվարի 1-ին, երբ հեղափոխականների պահանջով շահը հեռացել էր երկրից: Փետրվարի 11-ին իսլամական հեղափոխությունը հաղթանակեց: Հեղափոխականների` իրանցիների գերակշիռ մեծամասնության կարգախոսներն էին` ազատություն, անկախություն և Իսլամական Հանրապետություն:

Անցյալ դարի 60-ականներից սկսած Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի ԶԼՄ-ներում հաճախ էին քննադատում շահի բռնապետությունը և քաղաքական ազատությունների բացակայությունը. ըստ ամենայնի զգում էին, որ այդպես երկար չի կարող շարունակվել: Շահի ամենաակտիվ քննադատներից էր 1953թ. հեղաշրջման մասնակից, այն ժամանակ CIA-ի գործակալ Ռիչարդ Քոթըմը, որը հետագայում անցավ ակադեմիական գործունեության և դասավանդում էր Փիթսբուրգի համալսարանում: Նրան 1970-ականներին նույնիսկ Իրան մուտքի արտոնագիր չէին տրամադրում: Դա էր պատճառը, որ Արևմուտքը հեղափոխության սկզբից դադարեց հովանավորել շահին: Ավելին, Ֆրանսիան ընդունեց հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնիին, որտեղ էլ պրո‎ֆեսոր Քոթըմը հանդիպել էր նրան (Անշուշտ, դեռևս իրանցիներն անտեղյակ էին հեղաշրջմանը նրա մասնակցությունից): Նա նաև Իրան է այցելել, հանդիպել երկրի ներսում հեղափոխության ղեկավարների հետ:

Բնականաբար, հեղափոխությունը նաև հակաամերիկյան բնույթ էր կրում` միապետին հովանավորելու, օգոստոսյան հեղաշրջման հարցում դերակատարություն ունենալու պատճառով: Հանգամանք, որը ԽՍՀՄ-ին հույս էր ներշնչում, թե Իրանը կմոտենա արևելյան բլոկին, սակայն հեղափոխության հաղթանակից հետո այդ երկիրը որդեգրեց «ո՛չ արևելյան, ո՛չ արևմտյան» քաղաքականություն, ձգտեց երկբևեռ աշխարհակարգում պահպանել իր անկախությունը, ինչը նրան, անշուշտ, հաջողվել և առ այսօր հաջողվում է, թեև երբեմն բավականին թանկ է վճարում դրա համար: Բայց և այնպես, հակաամերիկյան դրսևորումներն ավելի ցայտուն էին, ինչը հանգեցրեց 1979թ. նոյեմբերի 4-ին Թեհրանում մի խումբ ուսանողների կողմից ԱՄՆ-ի դեսպանատան գրավմանը և 52 դիվանագետների պատանդ վերցնելուն, որոնք ազատ արձակվեցին 444 օր անց: Դեսպանատան գրավումից հետո Վաշինգտոնը խզեց Իրանի հետ փոխհարաբերությունները և որոշ սահմանափակումներ կիրառեց վերջինիս դեմ: Այնուհետև 1980թ. սեպտեմբերի 20-ին Իրանին պարտադրվեց իրան-իրաքյան 8-ամյա պատերազմը, որի ընթացքում ԱՄՆ-ն արգելեց Իրանին զենք վաճառել: Մյուս կողմից, պատերազմի ընթացքում առատորեն զենք էր մատուցվում Սադամ Հուսեյնին, վերջինս վայելում էր նաև ԽՍՀՄ-ի աջակցությունը:

Թեև ԱՄՆ-ն Իրանի հետ փոխհարաբերությունները խզել էր, բայց դրանք վերականգնելու համար տարբեր ժամանակահատվածներում բազմիցս փորձեր կատարվել են: 1985թ. հունիսի 14-ին Լիբանանի «Հեզբոլահ»-ի անդամերն առևանգեցին «WT847» ինքնաթիռը և պատանդ վերցրեցին ԱՄՆ 6 քաղաքացու: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, Իրանի հետ համաձայնության գալով, որոշեց ազատել պատանդներին` միաժամանակ փորձելով վերականգնել փոխհարաբերությունները: Այդ նպատակով 1986թ. օգոստոսի 25-ին ամերիկյան մի պատվիրակություն գաղտնի ժամանեց Իրան: Այն գլխավորում էր Ռեյգանի անվտանգության գծով խորհրդական, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Ռորբերթ Մաք Ֆարլին: Իրանն աջակցեց պատանդներին ազատելու հարցում, ինչի դիմաց ԱՄՆ-ը վերջինիս վաճառում էր ռազմական տեխնիկայի պահեստամասեր ու զենքեր` հրթիռներ: Բանակցությունները շարունակվել են մինչև 1987թ.: Սակայն 1986թ. գաղտնիքը բացվեց, ինչը հայտնի դարձավ «Իրանգեյթ» (Iran-Gate կամ Iran Contra affair) անունով: Այդ գործարքին մասնակցել էին ԱՄՆ շուրջ մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ջորջ Բուշ Ավագը:

1992թ. ԱՄՆ նախագահ դարձավ դեմոկրատ Բիլ Քլինթոնը, որի նախագահության առաջին ժամկետում ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում լարվածությունը կրկին մեծացավ: Օրակարգ մտավ Իրանի մեկուսացման հարցը, ինչը պայմանավորված էր հրեա-լոբբիստական շրջանակների ընտրարշավի ընթացքում նրա տված խոստումներով:

1993թ. մարտին պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերն Իրանին պիտակեց օրինազանց երկիր: Նույն թվականի մայիսին Միջին Արևելքի հարցերով փոխքարտուղար Մարտին Ինդայքը (լոբբիստական շրջանակների հայտնի դեմքերից) պաշտոնապես հայտարարեց, որ Վաշինգտոնն այսուհետ Իրանի և Իրաքի նկատմամբ իրագործելու է նոր «Երկակի սանձահարում» քաղաքականություն, որի նպատակը տնտեսական և քաղաքական ճնշումների միջոցով Իրանի մեկուսացումն էր:

1995թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը ստորագրեց Իրանի նկատմամբ Էմբարգոյի լիակատար կիրառման հրամանագիր, որն ուժի մեջ մտավ հունիսի 8-ին, իսկ Թեհրանի հետ առևտրական տարբեր պայմանագրեր կնքած ամերիկյան ընկերություններն ու կազմակերպությունները մինչև հունիսի 8-ը դրանք չեղյալ հայտարարեցին: ԱՄՆ նախագահի հիշյալ հրամանագիրը ևս ակնհայտորեն կրում էր նախագահական ընտրարշավի կնիքը, և պատահական չէր, որ նախագահն այդ որոշման մասին 1995թ. ապրիլի 30-ին ի լուր աշխարհի հայտարարեց «Հրեաների համաշխարհային համաժողով» կազմակերպության ճաշկերույթին: Իսկ 1996թ. Կոնգրեսը հաստատեց «Իլսա» (Iran and Libya Sanctions Act of 1996) օրենքը, որով կպատժվեին ոչ ամերիկյան այն ընկերությունները, որոնք Իրանի և Լիբիայի էներգակիրների ոլորտում 20 միլիոն դոլարից ավել ներդրում կկատարեին: Նշյալ պատժամիջոցներն Իրանի վրա շոշափելի ազդեցություն չունեցան, սակայն վնասներ կրեցին ամերիկյան ընկերությունները:

2002թ. հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Կոնգրեսի համատեղ նիստին իր ելույթում (Այն համարվում է Միացյալ Նահանգների նախագահի տարվա կարևորագույն ելույթը) արտաքին քաղաքականության ասպարեզում շեշտը դրեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և երկրի անվտանգությունն ապահովելու վրա: Բուշը, լրջորեն սպառնալով Իրանին, Իրաքին և Հյուսիսային Կորեային, նրանց որակեց իբրև Միացյալ Նահանգների համար վտանգ ներկայացնող երկրներ, միաժամանակ վերջիններիս անվանելով «Չարիքի առանցք»` մեղադրեց զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու ուղղությամբ ջանքեր գործադրելու մեջ:

2003թ., երբ Իրանի ուրանի հարստացման գործընթացը բացահայտվեց, ԱՄՆ-ը սկսեց այդ երկրի դեմ առավել խիստ սահմանափակումներ կիրառել: 2006թ. մարտի 8-ին Իրանի միջուկային ծրագրերի հարցը ՄԱԳԱՏԷ-ն հանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, արդյունքում վերջինս Իրանի դեմ սահմանափակումների պարտադիր կատարման 3 բանաձև ընդունեց: Այնուհետև արևմտյան առանձին երկրներ, ինչպես նաև` Ճապոնիան ու Կանադան միակողմանի սահմանափակումներ կիրառեցին: Թեև իրանական կողմը չի խոստովանում, սակայն հենց այդ սահմանափակումները լուրջ հարված հասցրեցին Իրանի տնտեսությանը, և անժխտելի է դրանց ազդեցությունը «5+1»-ի հետ բանակցությունների արդյունավետության վրա:

Այսուհանդերձ, ԱՄՆ-ի ու Իրանի շահերը Միջին Արևելքում ավելի հաճախ են համընկնում, քան ցանկացած այլ երկրի հետ, ինչի բերումով նրանք ոչ ուղղակիորեն համագործակցել են տարածաշրջանի շատ կարևոր հարցերում` Աֆղանստանին նվիրված Բոննի համաժողովում, այնուհետև` իրաքյան հարցում: Թերևս հենց դրանով են պայմանավորված ԱՄՆ-ի կողմից փոխհարաբերությունների վերականգնման որոշ քայլերը, ինչին, թեև, ավելի զգուշորեն, բայց և այնպես, դրական է արձագանքել Իրանը:

1998-2000թթ. Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններում բարելավման միտումը նկատելի էր: 1999թ. պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և նախագահ Բիլ Քլինթոնն անուղղակիորեն Իրանի ժողովրդից ներողություն հայցեցին 1953թ. հեղաշրջման առթիվ: Բացի այդ ԱՄՆ-ը տարբեր առիթներով Իրանի հետ փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով քանիցս ուղղակի և առանց նախապայմանի բանակցելու առաջարկություն ներկայացրեց, ինչն արժանացավ վերջինիս բացասական արձագանքին: Իսկ 1999թ. նոյեմբերին Թեհրանը մերժեց Իրանում ԱՄՆ հյուպատոսական բաժին հիմնելու Վաշինգտոնի առաջարկը, ինչը պատճառաբանվում էր դեպի Միացյալ Նահանգներ իրանցիների ուղևորությունը դյուրին դարձնելու հանգամանքով:

Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանում, թեև Իրանի դեմ պատժամիջոցներն ավելի խիստ ու ընդգրկուն դարձան, սակայն վերջինս դեռևս իր ընտրարշավի ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ Իրանի հետ տարաձայնությունների խնդիրը լուծելու այլ ուղիներ է որդեգրելու, այդ երկրի հետ բանակցելու է առանց նախապայմանների, ինչը պաշտոնական Թեհրանը դրական էր գնահատում: Թերևս դա է վկայում այն, որ Իրանի խիստ հակաամերիկյան դիրքորոշմամբ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, դիմելով աննախադեպ քայլի, 2008թ. նոյեմբերի 6-ին Օբամային շնորհավորեց ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

2009թ. հունվարի 11-ին Օբաման ամերիկյան «ABC» հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեկ անգամ ևս շեշտեց, որ Իրանի հանդեպ նոր քաղաքականության շրջանակներում շեշտը դրվելու է իրանցիներին հարգելու վրա: Բացի այդ նա նշեց, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ Իրանի ղեկավարությունից[1]: Միաժամանակ նա, Իրանին իրական սպառնալիք գնահատելով, հավելել է. «Մենք նպատակամղված ենք հարցի լուծման նոր ուղի որդեգրել, և կարծում եմ, որ այդ երկրի հետ բանակցելը ճանապարհի սկիզբն է»: Ավելին, Օբաման հունվարի 20-ին` իր երդմնակալության օրը, դիմելով Միացյալ Նահանգների հետ լուրջ հակասություններ ունեցող երկրների ղեկավարներին, հայտարարել է. «Ձեր բռունցք արած ձեռքերը բացեք, և մենք պատրաստ ենք սեղմել դրանք»:

 

Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին Դավոսում տված հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ Թեհրանն Իրանի հետ բանակցելու հարցում ողջունում է Օբամայի պնդումները: Սակայն ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները վերանայելու համար Իրանին անհրաժեշտ են մանրամասնություններ նրա` արտերկրում ունեցած նպատակների վերաբերյալ, օրինակ` ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու Ա‎ֆղանստանի նկատմամբ: Ուստի, Թեհրանն ուշի-ուշով հետևում է Օբամայի գլխավորած կառավարության վարած քաղաքականությանը, որպեսզի պարզ դառնա` ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների բարելավումը հնարավոր է, թե ոչ:[2]

2013թ. Իրանում չափավորական նախագահ Հասան Ռոուհանիի ընտվելուց ի վեր ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում լարվածության թուլացման միտումը նկատելի դարձավ: Օբամայի նախաձեռնությամբ երկու երկրների նախագահների միջև կայացավ հեռախոսազրույց, ինչն աննախադեպ էր 1979թ. նոյեմբերի 4-ից ի վեր:

2013թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նորանշանակ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարի‎ֆի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումից հետո արդեն նոյեմբերին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ «Իրան-5+1» (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներն են` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան և Գերմանիա) բանակցություններում դրական տեղաշարժը նկատելի դարձավ:

Այնուհետև 2015թ. հուլիսի 14-ին կողմերի միջև վերջնական համաձայնագիր՝ Համալիր գործողությունների համատեղ ծրագիր (Joint Comprehensive Plan of Action-JCPA, հայերեն՝ ՀԳՀԾ) ստորագրվեց, որն իրավամբ գնահատվեց իբրև պատմական, դարի համաձայնագիր: Այն բանակցությունների թերևս գլխավոր դերակատարների՝ ԱՄՆ-ի և Իրանի քաղաքական կամքի դրսևորման արդյունք էր: Այդ երկրները դրան հասան մեծ ջանքերի գնով` յուրաքանչյուրը պայքարելով ներքին և արտաքին հակառակորդների դեմ, որոնք ջանք չէին խնայում բանակցությունները ձախողելու ուղղությամբ, իսկ այժմ էլ ձգտում են արգելակել ՀԳՀԾ-ի իրականացումը:

Բացի այդ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում պատրաստ էր քննարկել միայն միջուկային ծրագրերի հարցը, որը պսակվեց հաջողությամբ: Այսուհանդերձ, կատարվածը լուրջ ձեռքբերում էր` հետագայում երկու երկրների փոխհարաբերությունները բնականոնացնելու հարցում: Այս առնչությամբ հետաքրքիր է Միացյալ Նահանգների Պատերազմի քոլեջի[3] ռազմավարական հետազոտությունների կենտրոնի «Փոխհարաբերությունների սառեցումից մինչև ռազմավարական գործընկերություն» 130 էջանոց ուսումնասիրությունը՝ Ռոման Մուզալևսկու (Roman Muzalevsky) հեղինակությամբ, որը հրապարակվել է դեռևս 2014թ. վերջին: Նա մինչև 2030թ. ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների հնարավոր զարգացումների 3 սցենար է կանխատեսում և շեշտում, որ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունները անհրաժեշտաբար լինելու են ռազմավարական: Նա նաև ապացուցել է, որ դա շահեկան է և′ տարածաշրջանի, և′ աշխարհի համար[4], անգամ, եթե Իրանը միջուկային զենք տնօրինի:

2016թ. հունվարի 16-ին Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի (IAEA) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարեց, թե Իրանը «5+1»-ի հետ բանակցություններում և ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտականությունները կատարել է:

ՀԳՀԾ-ի կյանքի կոչվելուց հետո Իրանի շուրջ 80 միլիոնանոց շուկան գրավելու, փոխհարաբերությունները սերտացնելու համար լուրջ մրցակցություն է ընթանում եվրոպական ու հեռավոր արևելքի երկրների միջև: Սակայն գլխավոր դերակատարներ Իրանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում թեև նկատելի են դրական դրսևորումներ և լարվածության թուլացում, սակայն մոտ ապագայում` առաջիկա 1-2 տարիներին, հաշվի առնելով մի շարք գործոններ` դրանց բնականոնացման մասին խոսելը դեռևս վաղ է. փոխադարձ անվստահության պատնեշի վերացումը ժամանակ կպահանջի:

Հետազոտությունը կարող եք կարդալ նաև ՄԱՀՀԻ կայքէջում

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր  (NED)
[1] Ռադիոֆարդա, www.radiofarda.com, 11 հունվարի, 2009թ.
[2] RFI, https://www.rfi.fr , 31 հունվարի, 2009թ.
[3] Roman Muzalevsky, From Frozen Ties to Strategic Engagement: U.S.-Iranian Relationship in 2030, U.S. Army War College, Strategic Studies Institute, https://oai.dtic.mil/oai/oai?verb=getRecord&metadataPrefix=html&identifier=ADA617713
[4] Մեյարքո, www.meyarco.com, 7 հունիսի, 2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29