Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնացը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության խթանումը

Փետրվար 09,2016 18:55

Փետրվարի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Թոշիհիրո Այկիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության ընդլայնումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի ԱԳՆ հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը, ինչին նպաստում են բարձրաստիճան շփումներն ու փոխայցելությունները։

Հանդիպմանն անդրադարձ արվեց ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային փոխանակումներին առնչվող հարցերին։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։ Դեսպան Այկին ներկայացրեց Կորեական թերակղզում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Մտահոգություն հայտնվեց Հյուսիսային Կորեայի կողմից՝ ի խախտումն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի, բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։

Նախարար Նալբանդյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրին` ներկայացնելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը, բանակցային գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29