Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մերժված Փարաջանովի, կիթառահար ԿԳԲ-ականի ու արվեստի ուժի մասին

Փետրվար 10,2016 13:00

Օպերատոր Լեւոն Գրիգորյանը (լուսանկարում) չի մոռանում 1985 թ. փետրվարը: Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա առիթով 15-ամյա դադարից հետո Թբիլիսիում վերջապես պետք է բացվեր արվեստագետի առաջին ցուցահանդեսը:

Էդուարդ Շեւարդնաձեին հաջողվել էր Գորբաչովից Փարաջանովի համար աշխատելու հնարավորություն «պոկել», եւ ահա ոչ միայն ցուցահանդես պետք է բացվեր, այլեւ պետք է կայանար նրա «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմի պրեմիերան՝ Թբիլիսիի կինոյի տանը:
«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Գրիգորյանը պատմեց, որ ճանաչված լուսանկարիչ Գուրգեն Միսակյանի որդու՝ իր ընկեր Արայիկ Միսակյանի առաջարկով են միասին գնացքով մեկնել Թբիլիսի:

«Ես այդ ժամանակ աշխատում էի Կինոսիրողների ակումբում: Ընկերս տեղեկացրեց ցուցահանդեսի ու ֆիլմի մասին, նաեւ ասաց, որ Փարաջանովը հիվանդ է ու արժի նրան տեսնել… Այն ժամանակ ժապավեններ չկային, Արայիկն ասաց՝ դու կնկարես, ես էլ կձայնագրեմ: Փարաջանովի մասին շատ էի լսել, ուղղակի ցնցված էի «Նռան գույնից», մի խոսքով իրեն տեսնելու մեծ ցանկություն ունեի: Այնպես որ վեր կացանք, գնացք նստեցինք ու եկանք իրենց տուն: Սերգեյն իր տեսակով մարդ-դիմակահանդես էր, մարդ-նվագախումբ … Բակի երեխաների համար կտորներից դիմակներ էր կարել, անընդհատ ասես ներկայացում խաղար: Մեզ շատ լավ ընդունեց, հատկապես ուրախացավ, երբ Արայիկին տեսավ: Մեզանից բացի իր տանն ապրում էին Սիբիրից եկած երկու նկարիչ եղբայրներ, մեկը 15-16 տարեկան էր, մյուսը 28-30: Ես վաղուց էի լսել, որ Փարաջանովի հանդեպ պաշտամունք կա, որ մարդիկ իր մոտ են գալիս տարբեր տեղերից, քանի որ իրեն որպես սրբի էին վերաբերվում: Օրինակ այդ սիբիրցի տղաները հատուկ եկել էին, որ իրեն ծառայեին, ուտելիք էին պատրաստում, ուզում էին ամեն հարցով օգտակար լինել:

Ընդհանրապես մենք ողջ խմբով սկսեցինք մասնակցել ցուցահանդեսի նախապատրաստմանը՝ նկարներն էինք կախում, նկարների անվանումները փակցնում…Մինչեւ ցուցահանդեսի բացվելը Փարաջանովը որոշել էր, թե մեզ ուր պիտի տանի, ինչ պետք է ցույց տա: Ցավոք, ինքը շաքարային դիաբետ ուներ, բայց անընդհատ քաղցրավենիք էր ուտում, եւ քաղցրավենիք ուտելու ժամանակ էլ ինսուլին էր իրեն ներարկում՝ հենց շորերի վրայից: Իսկ ամեն առավոտ ժամը 8-ին արթնացնում էր ու տանում էր Թիֆլիսը նայելու: Ինքը ահռելի արագությամբ քայլում էր, մենք երիտասարդ լինելով՝ հազիվ էինք հետեւից հասնում: Նա բոլոր անկյուններն անգիր գիտեր, օրինակ, ասում էր՝ այս բակում մի փոքր հոր կա, մեջը՝ երեք հատ կարմիր ձուկ…Եվ իսկապես սառույցի տակ երեք կարմիր ձուկ կար: Գիտեր՝ ով ինչի վարպետ է, ով է լավ պայուսակներ կարում… Այդ մի քանի օրվա ընթացքում տպավորություն էր, թե մասնակցում ենք ֆիլմի նկարահանման: Երեկոներն էլ անպայման գնում էինք թատերական կամ օպերային ներկայացում նայելու: Ինքը առանց մեզ հարցնելու գծել էր, թե որ օրը ուր պետք է գնանք: Երբ խոսում էր, պետք էր լսել, իսկ ինքն անսպառ էր խոսում ու պատմում… Երբ այդ ամենի մեջ ես, չես հավատում, որ դա քեզ հետ է պատահել: Հետո հասկացա, թե ինչու էին խմբեր գալիս, ցանկանում իր տանը ապրել ու իրեն ծառայել…»,- հիշում է Լեւոն Գրիգորյանը:
Նա նաեւ յուրօրինակ վարպետաց դասընթաց է համարում Փարաջանովի հետ շփումը. «Այն ժամանակվա կինոյի համար կարեւոր էր, որ ֆիլմում լինեն սիմվոլներ, իսկ ինքը այդ սիմվոլների վարպետն էր: Մեզ խնդիրներ էր տալիս, ասենք վերցնում էր զինվորական գլխարկն ու ասում՝ ձեզ կես ժամ ժամանակ, ի՞նչ կարող եք մտածել այդ գլխարկի հետ կապված:

Մինչեւ մենք մի հինգ ժամ մի բան էինք մտածում, ինքը 10 րոպեում մի քսան տարբերակ էր առաջարկում… Անընդհատ վազքի մեջ էինք, կարծես զինվորական հաստատությունում լինեինք, հասցնում էինք նկարները կախել, օգնել իրեն: ԿԳԲ-ից էլ անընդհատ գալիս, ասում էին՝ այս նկարը հանեք, մյուսը հանեք: Փարաջանովը վերջում բարկացավ, ասաց, եթե մի նկար էլ հանվի, ցուցահանդեսը էլ չի կայանա: Ու երբ մի նկար էլ հանեցին, նայեց շուրջը, այդ նկարը հանեց, ստորագրեց ու ինձ նվիրեց: Ապա սպառնաց, որ վերջին հանվող նկարն է: Դա իր բանտային կյանքի թեմայով էր, կոչվում էր «Հայացք ներսից՝ դուրս», այսինքն, դա իր հայացքն էր՝ բանտի փշալարերից դուրս»:

Parajanov
Մեր զրուցակիցը հիշում է, որ իրենց հետ Փարաջանովի տանը նաեւ մի գեղեցկադեմ տղամարդ էր ապրում, որը ճաշի կամ ընթրիքի ժամանակ կիթառ էր նվագում. «Ավելի ուշ իմացանք, որ ԿԳԲ-ից է, մինչ այդ, մտածում էինք Փարաջանովի բարեկամն է: Ինձ ու Արայիկին Սերգեյը գիշերվա 1-ից մինչեւ առավոտյան 4-5-ը պատմում էր, ամբողջը նկարում ու ձայնագրում էինք: Ինքը շատ վիրավորված էր, որ Հայաստանից որեւէ մեկը որեւէ կերպ չէր արձագանքել իր ցուցահանդեսին, մինչդեռ ամբողջ աշխարհից հետաքրքրված էին, ով չէր կարող անձամբ մասնակցել, նվերներ էր ուղարկում, ինչը Փարաջանովին ընդհանրապես չէր հետաքրքրում: Նա շահամոլ չէր, փառամոլ չէր, նյութապաշտ չէր…Այն, որ Փարաջանովի ցուցահանդեսն ու ֆիլմի ցուցադրությունը պետք է լինի, արդեն համաշխարհային ֆուրոր էր առաջացրել, հյուրերի մեծ հոսք էր սպասվում ամբողջ աշխարհից…Քաղաքապետը խնդրում էր, որ Փարաջանովը տեղափոխվի այլ բնակարան, ասում էր՝ Սերգեյ մեզ մի խայտառակիր, կգան ի՞նչ կմտածեն…Միայն ասա, թե որ տունն ես ցանկանում, դա քոնը կլինի: Փարաջանովը մերժեց, ասաց, որ իրեն տուն պետք չէ, նույնկերպ մերժեց այն ժամանակ հարգի «24» մակնիշի մեքենան: Ի միջիայլով, այդ շրջանում իր կողքին մարդիկ կային, որոնք գիտեին, որ ինքը նյութապաշտ չէ, նվերներ չի ընդունում կամ դեն է նետում, սպասում էին, որ այդ ամենն իրենց հասնի: Փարաջանովի տունը վատ վիճակում էր, միակ թանկ զարդը ու հիշատակը մոր ապարանջանն էր, որը գողացել էին, ու դրանից հետո իրեն ոչինչ պետք չէր: Սերգեյն ավանդաբար պատուհանից դուրս էր գցում իրեն ուղարկված բոլոր նվերները, իսկ ներքեւում սպասողներ կային, վերցնում էին: Օրինակ, Ֆելինին թանկարժեք վերարկու էր ուղարկել, ինքը ասաց, որ դա իրեն պետք չէ ու ավանդույթի համաձայն դա էլ դուրս նետեց: Անգամ չհասցրինք տեսնել, թե դա ով տարավ»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նա հիշում է, որ Փարաջանովի ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանից մի խումբ էր եկել, ուղղակի արվեստագետներ ու արվեստասերներ, գումար էին դրել, մի ցեխոտ «Երազ» մեքենա վարձել ու եկել Թբիլիսի, մեծ էր ցանկությունը՝ Փարաջանովի կողքին լինելու:

Լեւոն Գրիգորյանը հիշում է կինոռեժիսոր Միքայել Վարդանովին, ասում է՝ փայլուն անձնավորություն էր, որ պաշտում էր Փարաջանովին: Պրոթեզավորված ոտքով այդ մարդու համար ուղղակի երանություն էր Փարաջանովի ու նրա հյուրերի համար թեյ պատրաստելը. «Այդ ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում մի մարդու հանդեպ այդքան մեծ սեր տածելը, Աստվածային բան կար այդ մարդու մեջ…Ի դեպ, ցուցահանդեսին եկել էին նաեւ գաղութի գողականներից՝ աժդահա մարդիկ, ձեռքներին տարօրինակ փաթեթներ, հարգելով Փարաջանովին՝ եկել էին Սիբիրից: Միայն այդ մի դրվագը մի ամբողջ ֆիլմի նյութ կարող է լինել… Երբ ցուցահանդեսի բացմանը քիչ ժամանակ էր մնում, ինքը մեզ բոլորիս շարեց, ասաց՝ քանի որ իմ հյուրերն եք, պետք է ամեն ինչ անեք այնպես, ինչպես ես եմ ձեզ ասում: Ոնց որ հրամանատար լիներ: Բոլորիս զինվորի նման շարեց ու ասաց, որ այն բոլոր շորերը, որ կրում ենք, աղբ են, անգամ Միշա Վարդանովի մոդայիկ ու թանկարժեք կիսավերարկուն պատուհանեց դուրս նետեց: Ապա բացեց մի մեծ պահարան, միջից տարբեր հնամաշ շորեր թափվեցին: Միշային մի անհասկանալի վերարկու տվեց, վրան լաքաներով, ասաց՝ Միշա դա՛ է քո ոճը; Միշան էլ այդ վերարկուն գրկեց որպես թանկարժեք նվեր, իմ վերարկուն էլ դուրս շպրտեց, ինձ էլ մի երկար բան տվեց ու մեծ գլխարկ: Բոլորս ահավոր երջանիկ էինք ու այդպես երջանիկ էլ գնացինք ցուցահանդեսի բացմանը, որտեղ սպասում էր Վրաստանի ողջ էլիտան»:

Փարաջանովի այդ քայլն էլ համակարգին դեմ լինելու յուրատեսակ միջոց էր, հակազդեցության արվեստային շքերթ:

Լեւոն Գրիգորյանը հիշում է, որ միակ նվերը, որ դուր էր եկել Փարաջանովին, թավշյա կարմիր զգեստն էր, թագավորական ծիրանու նման, միանգամից շորերի վրայից հագած՝ նա շրջում էր երեխայի հրճվանքով: Իսկ ցուցահանդեսից հետո նրա պատվին պալատական գրողներից մեկը՝ կարծեմ Դումբաձե անունով, ճաշկերույթ էր կազմակերպել իր տանը: «Դրսից երկհարկանի անշուք տուն էր, բայց ներսում շքեղություն էր տիրում՝ ահռելի դահլիճ էր, արծաթյա ջահեր, բուխարիներ, մեծ շներ, որոնց մսի կտորներ էին նետում… Ես ու Արայիկը զարմացել էինք, որ Խորհրդային տարիներին կարող է նման շքեղություն լինել:Նման բան տեսել էինք արտասահմանյան ֆիլմերում: Բոլորս սպասում էինք, մեկ էլ ներս մտավ Սերգեյը, ու հրճանքի մի հրավառություն սկսվեց, բոլորը հոտնկայս ծափահարում էին: Դումբաձեի տանը արտասահմանից նվերներ էին ուղարկել, սեղանի կողքին նվերների լեռ էր գոյացել՝ գեղեցիկ փաթեթավորումներով: Ինքը մոտեցավ նվերներին ու բոլորն առանց բացելու բաժանեց ներկաներին: Մնաց մի տուփ, որի մեջ մի սեւ քարից պատրաստված խաչ քար, հատուկ Իսրայելից էին ուղարկել, սրբացված էր, օրհնված: Այնքա՜ն գեղեցիկ էր, ես շատ էի ցանկանում, որ հենց ինձ նվիրի: Իրեն ասացին՝ Սերգեյ քո՛ խաչն է, դո՛ւ պիտի այն կրես: Ասաց, որ ինքը հավատացյալ չի եւ չի կրի այդ խաչը, թեեւ բոլոր ֆիլմերն ասես կտակարան լինեն: Ապա աչքերով որոնեց Սիբիրից եկած երկու եղբայրներից փոքրին: Ասաց՝ էդ խաչը քոնն է, դու տաղանդավոր տղա ես, դո՛ւ կրի էդ խաչը: Տղան հուզմունքից լաց եղավ: Հետո ես երկար համոզում էի, որ ինձ տա խաչը, չհամաձայնեց: Ի դեպ, նույն գիշերը երիտասարդը անհետացավ: Երկու օր չկար: Մտածում ենք՝ հո չի՞ սպանվել: Երկու օր անց նա վերադառնում է տուն, ասում է խաչը կորցրել է: Հետո եղբայրը պարզում է, որ խաչը նույն գիշերվա մեջ վաճառել-խմել է: Միստիկ ու տխուր մի բան կա այս պատմության մեջ…Նա տվեց իր խաչը ուրիշին, այդ ուրիշը նույն գիշերվա մեջ վաճառեց այն»,- հավելում է մեր զրուցակիցը:

Երեւան վերադառնալուն պես իրեն ԿԳԲ-ից կանչում են ու առգրավում բոլոր ժապավենները: Այնտեղ էլ տեսնում է կիթառ նվագող տղային, որն իրենց հետ Փարաջանովի տանն էր ապրում: Մինչեւ հիմա զարմացած է ՝ ինչպե՞ս Փարաջանովը չզգուշացրեց, որ այդ մարդն ուղղակի ներդրված է: Ինչ վերաբերում է ձայնագրություններին, Լեւոն Գրիգորյանի ասելով, ընկերը դրանք այրել է:
Նա նաեւ տարակուսում է, որ հետագայում շատ-շատերը սկսեցին ֆետիշացնել Փարաջանովին, հայտարարել, որ իբր մոտ են եղել հետը, թեեւ չեն էլ ճանաչել. «Փարաջանովը ոնց որ երեխա լիներ, ամեն ինչի հավատում էր, ահավոր սիրում էր, որ իրեն խոսեցնում էին, նկարում էին: Շատ մարդիկ էլ օգտվում էին, եղան այնպիսիները, որ դրանից բիզնես սարքեցին, օրինակ՝ օրվա մեջ մի հարյուր նկար նկարեցին, հետո հայտարարեցին, թե Փարաջանովի հարյուր տարվա ընկերն են»:
Լեւոն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է Սերժ Ավեդիքյանի եւ Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի մասին: Նա ասաց, որ չի հավանել այն, բայց դա չի նշանակում թե ֆիլմը վատն է. «Իբրեւ Փարաջանովի հետ շփված մարդ՝ ես Փարաջանովին այնտեղ չեմ տեսնում, ահագին բան կա, որ ֆիլմում արհեստական է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29