Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծարարության մեջ մեղադրվողների պաշտպանը նախկին դատախազ է (Տեսանյութ)

Փետրվար 10,2016 17:35

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող 19-ամյա Գեւորգ Խաչատրյանը կրկնակի քվեարկելու փորձն արել է իր սկզբունքներից ելնելով:

Այս մասին այսօր Խաչատրյանի գործով դատական նիստից հետո ասաց Խաչատրյանի պաշտպան՝ փաստաբան Ժաննա Կոտիկյանը (լուսանկարում):

Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գեւորգ Խաչատրյանն ընդունեց կրկնակի քվեարկություն կատարելու իր մեղքը, եւ դատարանին միջնորդեց արագացված դատաքննության կարգով անցկացնել քննությունը:

Հիշեցնենք, որ Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 06.12.2015թ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին 8/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: Նրա կողմից կրկնակի քվեարկության փորձը կանխել էր հանձնաժողովի անդամը:

«Քննարկումներ են եղել շրջապատում, ընկերների հետ, ինստիտուտում: Արդյունքում բոլորն էլ այն կարծիքին են եղել, որ սահմանադրական բարեփոխումները խիստ անհրաժեշտ են մեր երկրի համար: Նա էլ դա ընդունել է բավական լուրջ ու հանուն իր սկզբունքների փորձել է երկրորդ անգամ գնալ, քվեարկել, աջակցել, որ սահմանադրական փոփոխություններն անցնեն»,- ասաց Ժաննա Կոտիկյանը:

Փաստաբանը վստահեցրեց, որ Գեւորգը կուսակցական չէ ու նյութական խոստումներ՝ նման քայլ կատարելու համար, չի ստացել. «Շահադիտական նպատակով չի արել նման բան»:

Գեւորգ Խաչատրյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է:

Ի դեպ, փաստաբան Ժաննա Կոտիկյանը ընտրախախտումներ կատարած երկու քաղաքացու շահեր է պաշտպանում: Ըստ նրա, երկուսն էլ հանուն սկզբունքների են դիմել նման քայլի:

Փաստաբան Կոտիկյանից, երբ այսօր հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ ընտրախախտումների մեջ մեղադրվողները հենց իրեն են դիմում, ասաց, որ երկար ժամանակ աշխատել է իրավապահ համակարգում ու ինքն էլ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ: Հարցին՝ թե ինչ է աշխատել իրավապահ համակարգում, ասաց՝ դատավոր, դատախազ, էլ ինչ եք ուզում:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29