Ո՞վ պետք է առաջինը թռնի Տրնդեզի խարույկի վրայով (Տեսանյութ)

Ո՞վ պետք է առաջինը թռնի Տրնդեզի խարույկի վրայով (Տեսանյութ)

Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին, նշելու է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, կամ, ինչպես ժողովուրդն է, ասում՝ Տրնդեզը: Տոնի ժողովրդական ավանդույթների մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում խոսեց ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը: Նրա բնորոշմամբ՝ տոնը նույնքան հին, է որքան հայ ժողովուրդը. «Այն եզակի տոներից է, որն այսօր էլ մեծ խանդավառությամբ է նշվում: Խորհուրդը բազմանշանակ է, բայց հիմնական բաղադրիչներ ունի: Նախ, գարնան զարթոնքի ազդարարումը. ժողովուրդն ասում է, որ Տրնդեզով հալվում է ձմեռը կամ ձմռան «քառասունքը»: Տոնը նաեւ հունցքի առատության, արտերի բերրիության եւ ամուսնության օրհնության խորհուրդն ունի: Առ այսօր գյուղերում նորապսակներն իրենք են գտնում խարույկի վառելիքը եւ խաչքավորի առաջնորդությամբ խարույկի շուրջը երեք կամ յոթ անգամ պտտվում: Հարսներն առաջինը պետք է թռչեն խարույկի վրայով, որպեսզի օջախին առատություն լինի»:

Ազգագրագետը տեղեկացրեց, որ տան կանայք հատիկեղեն են բովում եւ բաժանում կրակի շուրջը հավաքվածներին. «Քահանան էլ կատարում է պսակի օրհնություն, որը ժողովուրդն անվանում է կրկնապսակի արարողություն: Ծեսն ավարտվում է խոճ խնջույքով»: Նահապետյանի խոսքով՝ ավանդապաշտ հայերը խարույկի մոխրին չարքերին խափանելու եւ բուժիչ հատկություններ են վերագրել. «Խարույկի մնացորդը տանում-գցում են կտուրներին, հավաբներում, ցփնում արտերում, նաեւ լցնում տան անկյուններում, որպեսզի չարքերին տանից դուրս մղեն: Մոխիրը քսել են մարմնի հիվանդ մասերին, անգամ խմել ձյունախառն մոխրաջուր, որովհետեւ մոխիրն առողջարար եւ սրբազան հատկանիշներով է օժտված: Անգամ հավերի պոչերն էին այրում, իսկ կանայք՝ մազերի մի հատվածը կամ հագուստի փեշը, որպեսզի ստանան կրակի զորությունը»:

Բանախոսը ցավով նշեց, որ ազգային-եկեղեցական տոները հիմնականում մոռացվել են, եւ եկեղեցու շնորհիվ է, որ հատկապես երիտասարդներն այսօր ճանաչում եվ պահպանում են դրանք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք