Լրահոս
Օրվա լրահոսը

Չամիչի եւ սեւ սալորի չրի հյութը` փորկապության դեմ

Փետրվար 12,2016 11:30

Որովայնի ցավերի դեպքում խմել 1 բաժակ բրնձի թուրմ`
կոճապղպեղի փոշով

Ֆիզիկական ակտիվության պակասը, սննդակարգում բուսական թելերի ցածր պարունակությունը` բանջարեղեն եւ մրգեր քիչ օգտագործելը, ոչ բավարար քանակությամբ հեղուկներ ընդունելը, նյութափոխանակության եւ հորմոնային խանգարումները (շաքարային դիաբետ, վահանաձեւ գեղձի հիվանդություններ, երիկամային անբավարարություն), զարկերակային ճնշումն իջեցնող դեղերը, հոգեբանական խնդիրները եւ հոգեկան հիվանդությունները` դեպրեսիա, տագնապ եւ մի շարք այլ խնդիրներ երբեմն փորկապության առիթ կարող են լինել:

Փորկապությունը բավականին տարածված խնդիր է, սակայն, ցավոք, հիվանդների մեծ մասը չի դիմում բժշկի:

Նշվում է` եթե աղիները չեն գործում երեք օրից ավելի, կղանքային զանգվածները դառնում են պինդ եւ չոր, ինչն ավելի է դժվարեցնում աղիների գործելը, ապա գործ ունենք փորկապության հետ:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք դեղատոմսեր, որոնք կօգնեն խնդրից ձերբազատվելու համար:

porkap8-2

Կաղամբի հյութը չափազանց արդյունավետ է փորկապության եւ խոցերի դեպքում։ Կաղամբի թարմ հյութը հրաշալի արդյունք է տալիս տասներկումատնյա աղիի խոցի, աղիների մաքրման եւ նիհարելու ցանկության դեպքում։

Մեկ ճաշի գդալ գերչակի յուղը խառնել մեկ հում ձվի դեղնուցի եւ մեկ ճաշի գդալ մեղրի հետ։ Խառնուրդը լուծել 150 գրամ եռացրած-գոլացրած ջրի մեջ։ Ընդունել մեկական ճաշի գդալ երկու ժամը մեկ՝ փորկապության դեպքում` մինչեւ ցանկալի արդյունք ստանալը։
50 գրամ չամիչ եւ 50 գրամ սեւ սալորի չիրը եփել թույլ կրակի վրա մեկ լիտր ջրում` մինչեւ հեղուկի կես դառնալը։ Մեկ ճաշի գդալը օգտակար կլինի իբրեւ լուծողական` քրոնիկ փորկապության ժամանակ։ Օգտագործել երկու ժամը մեկ։

Իրար խառնել հավասար քանակությամբ մեղր եւ բուսական յուղ։ Խմել 1-2 ճաշի գդալ առավոտյան` քաղցած վիճակում՝ որպես լուծողական։

Փորկապության դեպքում վերցնել բեկտենու կեղեւ, սամիթի մանրացրած սերմ, կտավատի սերմ (4:1:1 հարաբերությամբ)։ Մեկ ճաշի գդալ խառնուրդին` մեկ բաժակ եռման ջուր, 10 րոպե եռացնել ջրային բաղնիքի վրա, քամել եւ ամբողջությամբ խմել։
Տաք բուսական յուղով որովայնի շրջանաձեւ մերսումը 15 րոպե լավ արդյունք է տալիս փորկապության, լեղախիթի դեպքում։

Որովայնի ցավերի դեպքում խմել մեկ բաժակ բրնձի թուրմ, որին խառնել 4֊5 գրամ կոճապղպեղի փոշի։ Դա նաեւ իջեցնում է զարկերակային ճնշումը։
Գերչակի բուսական յուղը անվնաս եւ օգտակար լուծողական է, միայն եթե չչարաշահեք։ Մեծահասակներին մեկ անգամվա համար տալիս են մեկ ճաշի գդալ` թեթեւ տաքացրած։ Իսկ երեխաներին` 0,5 թեյի գդալ։

Մեկ թեյի գդալ չափաբաժին նշի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել օրը երեք անգամ` որպես լուծողական եւ կարգավորիչ միջոց` փորկապության, քրոնիկ գաստրիտի, կոլիտի, նաեւ քրոնիկ բրոնխիտի դեպքում։

Խառնել դառը օշինդրի եւ եղեսպակի տերեւները` հավասար քանակությամբ։
Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, փաթաթել սրբիչով, թրմել 30-40 րոպե, քամել։ Խմել կոլիտի դեպքում` մեկական ճաշի գդալ` ամեն երկու ժամը մեկ: Թեյի փոխարեն խմել բրնձի ջրիկ եփուկը։

Փորկապության դեպքում վերցնել բեկտենու կեղեւը, իշառվույտի վերգետնյա մասը եւ եղինջ (3:1:1 հարաբերությամբ)։ Մեկ ճաշի գդալ խառնուրդին` մեկ բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե։ Խմել քնելուց առաջ, կես բաժակ։

Կարող եք նաեւ երեկոյան, ընթրիքից հետո ուտել միջուկը հանած եւ տեղը բուսական յուղ լցրած լոլիկ։ Իսկ ձմռանը կարելի է մեկ գդալ տոմատի հյութին ավելացնել մեկ գդալ բուսական յուղ, խառնել եւ խմել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29