Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Ազոյան. «Շատ բան եմ սովորել հատկապես Ալեքսանդր Ռևայից»

Փետրվար 12,2016 11:01

Փետրվարի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խաղասեղանին սերն է» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը նկարահանել է ռուսական «Небо» կինոընկերությունը՝  «Централ Партнершип» և «Yellow, Black and White» ընկերությունների աջակցությամբ:  «Խաղասեղանին սերն է» ֆիլմի հիմքում ընկած է «Poker.am» կինոկատակերգության սյուժեն, որի կինոֆրանշիզան «Շարմ Հոլդինգ»-ից ձեռք է բերել «Yellow, Black and White» ընկերությունը: Ֆիլմում օգտագործված է նաև «Poker.am»-ի սաունդթրեկը:

«Խաղասեղանին սերն է» ռոմանտիկ կինոկատակերգությունը 2 ընկերների մասին է: Տղաներից մեկը՝ Կոնստանտինը, շատ լավ պոկեր է խաղում և ծրագրել է մասնակցել պոկերի միջազգային մրցաշարին, իսկ մյուսը՝ Դավիթը (Հովհաննես Ազոյան), պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել սիրած աղջկան՝ Աննային: Բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և գլխավոր հերոսները հայտնվում են որքան զավեշտալի, այնքան էլ՝  վտանգավոր իրավիճակներում: Նրանք ստիպված են լինում փոխվել տեղերով, արդյունքում՝ Կոնստանտինը պետք է փրկի Դավթի հարսանիքը, իսկ Դավիթը՝ ուժերը փորձի պրոֆեսիոնալ պոկերում:

Նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում (Լաս Վեգաս, Լոս Անջելես):

Ֆիլմի ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է: Դերերում են Հովհաննես Ազոյանը, Անդրեյ Բուրկովսկին, Ալեքսանդր Ռևան, Եկատերինա Շպիցան, Ալլա Միխեևան և ուրիշներ:

Պրեմիերային ներկա չէին ֆիլմի ռեժիսորն ու դերասանական կազմը: Ներկա էր միայն Հովհաննես Ազոյանը:

Գլխավոր դերում հանդես եկող Հովհաննես Ազոյանը նշեց, որ ֆիլմի ռեժիսորը ցանկացել է, որ ինքը նույն դերը խաղա՝ ինչ «Poker.am» ում. «Անկեղծ ասած երկրորդ անգամ նույն դերը խաղալն անհետաքրքիր էր և դժվար, քանի որ չես կարող երկրորդ անգամ նույնչափ անկեղծ լինել, ինչ առաջին անգամ: Ֆիլմում իմ ձայնով չեմ խաղում, ասացին, որ այդպես ավելի լավ է: Սակայն կարծում եմ՝ իմ իրական ձայնով խաղալն ավելի հետաքրքիր կլիներ»:

Դերասանն ավելացրեց, որ սա շատ լավ առաջընթաց է հայկական կինոարտադրությունում, երբ հայ դերասանը խաղում է ռուսական ֆիլմում. «Մոտ երկու ամիս ապրելով և նկարահանվելով ռուս դերասանների հետ՝ մեծ հաճույք եմ ստացել: Շատ բան եմ սովորել իրենցից՝ հատկապես Ռևայից»:

Դերասանը նշեց որ ֆիլմից հետո մի քանի առաջարկներ է ստացել ռուսական կինոշուկայից, սակայն դեռ հստակ պատասխան չի տվել:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29