Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառու Շերլոք Հոլմսի ու Էմմի Ուայնհաուսի մասին ֆիլմերը կցուցադրվեն Երեւանում (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 17:35

Հայաստանում արդեն 14-րդ անգամ կանցկացվի Բրիտանական ֆիլմերի փառատոն, այս անգամ՝ «Լավագույնը Բրիտանիայից» խորագրով:

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում կցուցադրվի 7 ֆիլմ՝ փետրվարի 20-26-ը՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Բոլորն էլ 2015 թվականի արտադրության են:

Երեւանյան ցուցադրություններից հետո նույն ֆիլմերը կցուցադրվեն Ապարանում, Դիլիջանում եւ Ալավերդիում: Այս տարի փառատոնն անց է կացվում Beeline-ի, Երևանում Բրիտանական դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փետրվարի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կայացած Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ փառատոնը կբացվի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով:

Նա ներկայացրեց անձնապես իրեն դուր եկած ֆիլմերը՝ «Միստր Հոլմսը»՝ արդեն թոշակի անցած Շերլոք Հոլմսի մասին, «45 տարին», որը «Օսկարի» է ներկայացվել, Էմմին՝ տաղանդավոր երգչուհի Էմմի Ուայնհաուսի դրամատիկ կյանքի մասին, Մարլոն Բրանդոյի մասին փաստավավերագրական նկարը, «Ծովախեցգետինը»:Վերջինը մի քաղաքի մասին է, որի կանոններով բոլոր միայնակ մարդիկ պարտավոր են 45 օրում գտնել որեւէ մեկին, այլապես կվերածվեն կենդանու: Ֆիլմի հերոսը նախընտրում է դառնալ ծովախեցգետին:

britania2

Արեւիկ Սարիբեկյանը շեշտեց, որ ֆիլմերի ընտրությանը Բրիտանական խորհուրդը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել:

Փառատոնի հատուկ հյուրը կլինի Սայմոն Ուիլքինսոնը, որը «Թումոյում» կներկայացնի իր The Cube ֆիլմ ներկայացումը: Այն վիրտուալ իրականության, թատրոնի, կինոյի եւ լուսանկարչության միաձուլում է: Այս տարի եւս կկայանա Բրիտանական ֆիլմերի գրախոսականների մրցույթ:

Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ փառատոնը Հայաստանում 14-րդ անգամ է անցկացվում, այն, սակայն, իր համար նոր է:

Տիկին դեսպանը հավելեց, որ անպայման գնալու է իր ընտրությամբ որոշ ֆիլմեր նայելու, նաեւ հայտնեց, որ ուրախ են փառատոնի համաֆինանսավորողը լինելու ու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները հայ հանդիսատեսին հասցնելու համար:

Ի դեպ, ինչպես նախորդ տարիներին, բոլոր ցուցադրությունների մոտքն ազատ է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Հայ-բրիտանական հարաբերությունների մասին դեսպանի խոսքը տեսանյութում՝ շուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29