Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտը կենդանաբանական այգում. ահա թե ինչպես է սկսվում կապիկների օրը

Փետրվար 14,2016 10:30

Չգիտեմ՝ կապիկների աշխատանքային օրերը հանգստյան օրերից տարբերվում են, թե ոչ, բայց որ շատերը կերազեին, որ շաբաթ առավոտյան իրենց տարբեր մրգերով պատրաստած աղցան մատուցեին՝ դա հաստատ։ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի աշխատակից Գայանե Գփոյանը, որն արդեն տասը տարի խնամում է պրիմատներին, օրը սովորականի պես սկսեց կապիկների ազատավանդակների մաքրման աշխատանքներով և նրանց նախաճաշի համար անհրաժեշտ մթերքը կտրելով։IMG_7436 IMG_7441 IMG_7444 IMG_7453

Առաջինը պետք է կերակրել շատակեր սևագլուխ սկյուռակապիկներին, որոնք շատ խելացի կապիկներ են համարվում. ուղեղի զանգվածը գերակշռում է մարմնի զանգվածը։ Սկյուռակապիկները Հայաստան են բերվել 2015 թվականին՝ Ամստերդամից, և, քանի որ, Երևանի կենդանաբանական այգին Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի թեկնածու-անդամ է, գործընկերներն օգնում են կենդանիների համար ճիշտ պայմաններ ստեղծելու, սննդակարգ մշակելու հարցում և տրամադրում են այն բոլոր վիտամիններն ու հավելումները, որոնք չկան Հայաստանում։  IMG_7455 IMG_7471 IMG_7480

Նախքան կապիկներին այցելելը Գայանեն զգուշացրեց, որ նրանց չի կարելի մոտենալ զարդերով, երկար վզկապներով, որովհետև նրանք շատ հետաքրքրասեր են, ու դրանց դիպչելու ցանկությունը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Վերջապես մտանք սկյուռակապիկների ձմեռանոց. տասնմեկ արու կապիկ սպասում է նախաճաշին։ Գայանեն մրգերը լցրեց հատուկ նյութերով պատրաստված, անցքեր ունեցող տարաների, բամբուկե կախոցների մեջ։IMG_7617 IMG_7676 IMG_7715 (2)

Քանի որ կապիկներին սնունդը միշտ մատուցվում է, վտանգ կա, որ նրանք կկորցնեն կերը փնտրելու և գտնելու բնազդը։ Այդ իսկ պատճառով սնունդը «թաքցնում» են տարաների մեջ, որտեղից հանելու համար կապիկները պետք է ջանք գործադրեն։ Ինչպես նկատեցի՝ այս հնարքն ամբողջովին կապիկների սրտով է՝ խաղում են, փորփրում, մի տեղից մյուսը ցատկում ու շտապում վերացնել բոլոր բանանները (պետք է տեսնեիք այն կապիկի հիասթափված հայացքը, երբ երկար փնտրելուց հետո տարայի անցքից խնձոր հանեց)։ Կուշտ հայացքները հուսադրող էին, ու մենք շտապեցինք կերակրելու կատվային լեմուրներին։ Նախքան նախաճաշը պետք է մաքրել ձմեռանոցը, իսկ մաքրությունը երկարատև աշխատանք է՝ լեմուրները ստիպված էին մի քիչ սպասել։ Կատվային լեմուրը Մադագասկար կղզու էնդեմիկ տեսակ է։ Պոչն ունի տասներեք սև ու սպիտակ օղակաձև նախշ և մագլցելիս օգնում է պահպանել հավասարակշռությունը։ Լեմուրները առավոտյան կարծես թե մարզվում էին. ձգումներ անում, ցատկում, բայց ինձ ավելի շատ զարմացրեց սառած հայացքով ձմեռանոցի ապակուց դուրս նայող լեմուրը։IMG_7718 IMG_7728 IMG_7761 IMG_7777 (1) IMG_7780 IMG_7781 (1)

Պարզվում է ՝ առավոտյան ժամերին նրանք արևային լոգանք են ընդունում՝ յոգի դիրքով։ Հետաքրքիր էր, որ լեմուրների ընտանիքն (հայրը, մայր և երկու դուստր) իրենց տարածք չի թողնում մեկ այլ ընտանիքի պատկանող լեմուրի. նա ստիպված է առանձին ապրել։ Գուշակեցի՞ք՝ դա ում պահանջն է. իհարկե, էգ լեմուրի, որը ոչ մի կերպ չի ցանկանում հանդուրժել մեկ այլ էգ լեմուրի ներկայությունն իր ընտանիքում։
Կապիկներից բաժանվելը հեշտ չէր։ Ես սիրեցի նրանց առավոտը. կյանքում առաջին անգամ կապիկն իմ ձեռքից միրգ կերավ, վրաս բարձրանալու անհաջող, բայց ինձ ոգևորող փորձեր կատարեց, իսկ մյուս անգամ, հուսամ՝ կընդունի նաև հարցազրույցիս առաջարկը։

 

Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լուսանկարների՝ Aravot.am-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29