Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում եմ և մատնացույց անում. arevelk.am

Փետրվար 15,2016 20:11

arevelk.am. Երբ մոտդ որոտում են ռումբերը և սուլում են հրթիռները՝  գլխիդ վերևում, երբ ամենօրյա կյանքը լույսի, հացի ու ջրի նման ամենաէական պահանջների զրկանքներին է հասնում, նման պայմաններում, երբ քո առջև առիթ է բացվում՝ մեկ օրում թողել պահի մշուշապատ իրականություններն ու գնալ, թեկուզ ընդմիշտ, թեկուզ աշխարհի մյուս ծայրը, առանց երկար մտածելու, ամենադյուրին, ամենահեշտ ու ձեռնտու տարբերակով, որը նաեւ փայլփլում է շողշողուն հույսերով ու ախորժալի խոստումներով,  դու… գնում ես:

Թողնում ես դժվարահաս ու տարբեր տաղտուկների ու փնփնթոցների տակ ծածկված Հայաստան հաստատվելու ծեծված ու հանկարծ անմիջուկ թվացող երազը… գնում ես:

Ափսոսալով Հալեպում թողած հազարամյա ամբարված արևելյան անսպառ պերճանքները՝ մի վայրկյանում լքում ես հայրերի գերեզմանները, հայ ընտանիքի և եկեղեցու ավանդական կյանքի իբր թե ամեն բանից բարձր դասվող արժանիքները, եւ «յալլա», վերջնական ու անդարձ, մեկնում ես Կանադա: Տանելով ամեն բան՝ կին ու երեխա, հուշ հիշողություն, սեփական և երբեմն ալ… միութենական կանխիկ խնայողությունները:

Գնում ես՝ ետևում թողելով նաև հարյուր տարի ծեծված «Դեպի Երկիր»  ճոռոմ լոզունգը, գնում ես հեռու, շատ հեռու և գնում ես արագ:

Եւ ինչու՞ մեկնել Հայաստան, երբ այդ ծրագիրը լքելու համար կան այնքան շատ ու պեսպես պատճառներ ու արդարացումներ, պահի պատրվակներ՝ «մահանաներ». հայաստանցիների կոշտությունը, նորեկ  «ախպար» -ի հիմար սինդրոմը: Լավագույն պատրվակն անշուշտ բոլորի մոտ պատրաստ է՝ Հայաստանում ժողովրդավարական ու ազատական արժեքների պակասը, երբ դրանցով այնքան «լիքն ու հարուստ»  էին սիրիական կյանքը Ասատների երկրում… եւ Միջին Արևելքում առ հասարակ:

Ահա մեր հարյուրամյա հայապահպանության, հայ դպրոցի և եկեղեցու դաստիարակած պահպանողական հանրությունը: Ահա մեր ազգասեր հաստատությունների ստեղծած հասարակությունը: Ահա Կանադայում ու Միջին Արևելքում գործող մեր եկեղեցական, մշակութային, կուսակցական վերնախավի հարյուրամյա աշխատանքի ստեղծած արդյունքի ամփոփումը:

Ոչ ոք իրավունք չունի քննադատել Սիրիան լքող հայի՝ արտասահման պատսպարվելու բնական ցանկությունը: Ոչ ոք: Եւ բոլորս պարտավոր ենք գլուխ խոնարհել բոլոր անոնց առջև, ովքեր տակավին այսօր, երբեմն նույնիսկ զենք ի ձեռին, կանգնում են Սիրիայում մեր համայնքային հաստատությունների գոյության կողքին:

Մահվան սարսուռի ու խելահեղ փախուստի ժամանակ, բնականաբար քեզ նետում ես այնտեղ, որտեղ քո երեխաներն ու սիրելիները իրենց փրկված կզգան վերահաս վտանգից: Սակայն լքելուց հետո վտանգի վայրը, առաջին բանը, որ մտածում ես՝ հիմա որ կտրվեցի իմ ծննդավայրից, որտե՞ղ գնամ: Այստեղ է սկսվում բացահայտվել մեր ազգայնական սփյուռքի մակերեսային ու դատարկ ընդերքի խեղճ ու սնանկ բովանդակությունը: Երեկ տակավին սովամահ ու շրջափակված հայրենիքին ազգասիրության դասեր շռայլող սփյուռքահայ վերնախավին հարց եմ տալիս, կա՞, ստեղծվե՞ց գոնե մեկ կառույց, մարմին, միջհամայնքային հանձնախումբ, հիմնադրամ, որը պարտականություն ստացավ կազմակերպել սիրիահայության ընթացող ու ահագնացող տեղահանությունը և հիմնավորումը հայրենիքում:

Հայաստանի ներսում ստեղծվեցին ծրագրեր՝ իշխանական և կուսակցական հիմքերի վրա, որոնք ձախողվեցին և ընդմիջվեցին: Կա՞ն գնահատանքներ, կա՞ն շարունակվող ջանքեր ձախողման պատճառների և ավելի իրատեսական ու արդյունավետ նոր նախագծեր կյանքի կոչելու:

Սփյուռքահայ ազգայնականները իրենց ազգային-հայրենասիրական երգերով մեկնեցին Կանադա, իսկ իրենց կուսակցական կազմակերպությունները Կանադայում, իրենց վաղանցիկ կառույցների հյուծումը երկարաձգելու, միջկուսակցական ազդեցությունների մրցույթն ամեն բանից ավելի բարձր համարելով, պարտք զգացին Կանադայի իշխանությունների հետ միասին կազմակերպել Սիրիայում բայց նաեւ Հայաստանում, Քուվեյթում և  ամբողջ Միջին Արեւելքում պատսպարված սիրիահայությանը մասսայականորեն Կանադա տեղափոխելու գործը:

Դատապարտում եմ, բոլորիս, ի սփյուռս և ի հայրենիք, ի ցույց անում մեր համատարած անպատասխանատու, անլուրջ վերաբերմունքը կործանվող Միջին Արեւելքի բյուրավոր հայերի կորուստի համար: Ունենք հայրենիք, անկախ երկիր, որտեղ ես չտեսա փողոցում քնած կամ վրանների տակ բնակվող թեկուզ մեկ սիրիահայի: Չտեսա դպրոցից, համալսարանից, առողջական խնամքից, հացից զրկված թեկուզ մեկ սիրիահայ երեխայի կամ   կնոջ: Փոխարենը տեսա երկար հերթեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, որին դիմողների ճնշող մեծամասնությունը հետապնդում էր մեկ նպատակ, հայկական անձնագրով մեկնել Կանադա, Ամերիկա և չգիտեմ ինչ շվեդիաներ…:

Դատապարտում են բոլորին, մահ ի սիրտ ու խորը կսկիծով, որովհետեւ այսօր տակավին, Միջին Արեւելքում մնացած հայությունը, իր մեջ ունի բավարար ներուժ, ինչպես հայրենի գրող Պերճ Զեյթունցյանն է ասում՝ հասնել իր վրեժին, «Թուրքերի քթի տակ ստեղծելով, ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր, որտեղից մարդ չուզենա հեռանալ…»

Իսկ Հայաստանում հայի առաջ կանգնած դժվարությունների մասին, պատմել պետք չէ՝, գիտենք… Սակայն հայրենիք վերադարձը կարմիր գորգի վրա չէր լինելու, ու՞ր մնաց, երբ խոսում, գոռում էիք Արաքսից այն կողմ հայրենիք վերադառնալու ծրագրերից…

Ես էլ եմ հավատում կազմակերպված սփյուռքի՝ Հայաստանին թիկունք կանգնելու իրողությանը: Սակայն այդ խոսքը վերաբերվում է հաստատություններին, որոնք այս դեպքով բացահայտեցին իրենց նպատակազուրկ լինելը: Իսկ ինչ վերաբերվում է հայ մարդուն, նա իր հայկականությունը կարող է հավերժացնել միայն հայ երկրում:

Հասկանանք վերջապես՝ սփյուռքը ճակատագիր չի կարող լինել, այն անցողիկ իրողություն է: Սփյուռքահայության զանգվածների առաջ առկա են ճակատագրի ընդամենը երկու խտրություններ՝ օտարացում կամ հայրենադարձություն: Առաջինը փայլփլում է հավերժ պարտության շողշողուն հույսերով ու ախորժալի խոստումներով: Երկրորդը լիքն է անհատնում դժվարություններով: Ընտրեք՝ որը ուզում եք, բայց ի սեր Աստծո, վերջ տվեք անիմաստ ու դեղնած ազգայնական լոզունգներին ու բարոյախոսության չվերջացող դասերին: Դրանք հայրենազրկության ալիբիներ չեն համարվում, արդեն 1991 թվականի սեպտեմբերի 21-ից:

Սևակ Արծրունի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29