Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը չարաշահումներով կիրառելու արդյունքում խախտվում են քաղաքացիների իրավունքները

Փետրվար 15,2016 20:30

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Հայաստանում FIDH-ի անդամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն մտահոգություն են հայտնում «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործի կապակցությամբ, որը ոստիկանության կողմից օրենքի չարաշահման ակնառու օրինակ է և ակտիվիստի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի: Գ. Սաֆարյանին ազատությունից զրկել են Ամանորի գիշերը՝ խաղաղ հավաքին մասնակցելու ժամանակ, և նրան սպառնում է երկարատև ազատազրկում՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով (ՀՀ ՔՕ 316-րդ հոդված):

Նշված հոդվածով քրեական պատիժ է նախատեսվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար, որը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ, իսկ նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ մինչև 10 տարի ազատազրկմամբ: Մեր կազմակերպությունների կարծիքով՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածը նախատեսում է անհամաչափ սանկցիաներ, և դրա կիրառման համատեքստում ոստիկանությունը և արդարադատության համակարգի այլ մարմիններ հաճախ չարաշահումներ են թույլ տալիս:

ՔՀԻ-ին ուսումնասիրել է վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով քննված գործերը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նման գործերով մեղադրվող անձանց մեծամասնությունը դատապարտվել է երկարատև ազատազրկման ոչ լուրջ խախտումների և պարզապես ոստիկանությանը չենթարկվելու համար:

Ստորև ներկայացնում ենք իրավիճակի ավելի մանրամասն նկարագրություն, որը վեր է հանում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի կիրառման պրակտիկայի հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կալանավորումը, որպես խափանման միջոցի կիրառման չարաշահումը, կողմերի հավասարության սկզբունքի չապահովումը և հոդվածը չարաշահումներով կիրառելը, որի արդյունքում խախտվում է խաղաղ հավաքների մասնակցելու քաղաքացիների իրավունքը:

Փաստաթղթում ներկայացված են մի քանի դեպքեր, որոնք լավագույնս ցուցադրում են ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի կիրառման հետ կապված խնդիրները: FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին ապահովել սույն հոդվածով մեղադրվող անձանց իրավունքները՝ փոփոխություն կատարելով ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածում, և այդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով, ինչպես նաև, իրականացնել անաչառ քննություն՝ ապահովելով կողմերի հավասարության սկզբունքը և արդար դատաքննության իրավունքը:

Խաղաղ հավաքները և ոստիկանության գործելակերպը

ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով վերջին ժամանակներում հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունն ապացուցում է խաղաղ հավաքների մասնակիցներին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրելու շարունակական պրակտիկան: Նման դեպքերում Քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածը ոստիկանության կողմից օգտագործվում է որպես խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք՝ դրանով իսկ խախտելով խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը: Նման պրակտիկայի վերջին օրինակներից է Գևորգ Սաֆարյանի գործը:

2016թ. հունվարի 3-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորման որոշում կայացրեց « Նոր Հայաստան » շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մաս), որի համար նախատեսված պատիժը 300.000 դրամ տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում է։

Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել Ամանորի գիշերը Երևանի Ազատության հրապարակում « Նոր Հայաստան » շարժման անդամների կողմից տոնը նշելու համատեքստում տոնածառ տեղադրելու փորձի պատճառով ոստիկանության հետ տեղի ունեցած քաշքշուկը։ Մեծ թվով ոստիկաններ խոչընդոտել են տոնածառի տեղադրմանը, ինչի հետևանքով վիճաբանություն է ծավալվել կողմերի միջև։ Արդյունքում մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ Սաֆարյանը, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել է ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով, քանի որ ոստիկանը ցուցմունք են տվել, որ Գ. Սաֆարյանը բռնություն է գործադրել իր նկատմամբ։ Այս ցուցմունքների հիման վրա Գ. Սաֆարյանը կալանավորվել է։

FIDH-ը և ՔՀԻ-ն կարծում են, որ Գ.Սաֆարյանի կալանավորումը, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես նաև՝ նրան սպառնացող պատիժն անհամաչափ են և նրան պատժելու նպատակ են հետապնդում՝ ելնելով Սաֆարյանի քաղաքական հայացքներից։

Կալանավորումը որպես խափանման միջոց համատարած, այլ ոչ թե որպես բացառիկ միջոց կիրառելը

2015թ.-ին ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով դատապարտվել է 19 անձ, 2014թ.-ին՝ 29 անձ, իսկ 2013թ.-ին՝ 38 անձ: Թեև անցյալ տարի դատապարտված անձանց թիվը որոշակիորեն նվազել է, ընդհանուր առմամբ, մեր կազմակերպությունները լուրջ մտահոգություն են հայտնում այն փաստի կապակցությամբ, որ ՀՀ ՔՕ 316 հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ մեղադրվող անձանց ճնշող մեծամասնությունը կալանավորվում է և մինչդատական կալանքը տևում է ամիսներ՝ անկախ դեպքի հանգամանքների լրջությունից, ոստիկանության ներկայացուցիչների և մեղադրյալի գործողություններից և մեղադրյալի՝ հասարակության համար վտանգավորության աստիճանից:

Կալանավորումը, փաստորեն, կիրառվում է ոչ թե որպես հիմնավորված և պատճառաբանված խափանման միջոց, այլ գործնականում հանդես է գալիս որպես պատժիչ միջոց՝ ոստիկանին չենթարկվելու համար: FIDH-ը և ՔՀԻ-ն մտահոգված են առ այն, որ թեև կալանավորումը կիրառելու մասին որոշումները օրենքի պահանջով պետք է հիմնավորված լինեն, սակայն ՀՀ դատարանները համապատասխան և բավարար հիմնավորումներ չեն ներկայացնում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումներում:

Բացի այդ, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը որոշակիորեն անդրադառնում է դատավճռի արդարացիության վրա։ 2013-2015թթ.-ին ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով քննված բոլոր գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնք, թերևս, կայացվում են կալանավորման որոշումը հիմնավորելու նկատառումներից ելնելով:

Կողմերի հավասարության սկզբունքի խախտումը և կողմնակալությունը հօգուտ ոստիկանության

Նմանատիպ գործերում, որպես կանոն, մեղադրանքն առաջադրվում, իսկ դատավճիռը կայացվում է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Արդյունքում, գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում, պատշաճ ուսումնասիրության չի արժանանում քաղաքացու և ոստիկանի վարքագիծը, այդ թվում՝ վերջինիս պահանջի օրինականությունը, ոստիկանի կողմից կիրառած ուժի համաչափությունը և քաղաքացուն հասցված վնասը։ Այդպիսով, գործնականում չի ապահովվում կողմերի հավասարության սկզբունքը։

Որոշ դեպքերում, ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքները հասնում են անհեթեթության, երբ խառն իրավիճակում ոստիկանին մեկ անգամ հրելու հանգամանքը վարույթն իրականացնող մարմինը որակել է որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ գործադրված բռնություն, իսկ ոստիկանի կողմից կիրառած ուժի հետևանքով այդ քաղաքացու ստացած լուրջ մարմնական վնասվածքն անհետևանք է թողնվել։

Ավելին, դատարանների կողմից օբյեկտիվորեն չի քննվում նաև անձի վարքագծի մեջ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորություն ունենալու հանգամանքը։ Արդյունքում, քաղաքացիները, ոստիկանների հետ վիճահարույց իրավիճակում հայտնվելիս, դատապարտվում են երկարատև ազատազրկման։

2013թ.-ին քննված քրեական գործերից մեկով ոստիկանին մեկ անգամ հարվածելու համար Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հիմքով, որի համար նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Այսպես, դեպքի օրը մեղադրյալը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տուն վերադառնալիս պատահաբար վնասում է ոտքը (հետագայում պարզվում է, որ ոտքը կոտրվել է), ցավից նստում է մայթեզրին և անհասցե հայհոյանքներ հնչեցնում։ Անցորդները հավաքվում են, որպեսզի օգնություն ցուցաբերեն նրան։ Տարածքը հսկող ոստիկանները, նկատելով հավաքված անձանց, մոտենում են, որպեսզի, ըստ իրենց, « օգնեն քաղաքացուն»։

Վերջինս հրաժարվում է օգնությունից և ասում, որ իրեն հանգիստ թողնեն։ Ոստիկանները ոչ միայն շարունակում են պնդել և « փորձում օգնել քաղաքացուն », այլ նաև լրացուցիչ ուժեր են կանչում։ Ոստիկանները, չնայած Ս․Կ․-ի առողջական վիճակին, շտապօգնություն չեն կանչում, այլ փորձում են նրան « օգնելու նպատակով » ոստիկանական բաժին տեղափոխել և չորս հոգով բռնում են նրա ձեռքերից։ Ցանկանալով ազատվել ոստիկաններից՝ նա թափահարում է ձեռքերը և, իր խոսքերով, պատահաբար դիպչում ոստիկաններից մեկի երեսին։ Արդյունքում, քաղաքացին մի քանի ժամ անց է կացնում ոստիկանության բաժանմունքում և հարցաքննվում՝ չնայած ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու և ցավից տառապելու հանգամանքներին։ Շտապօգնություն կանչվում է միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը ձևակերպում է իր համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ոտքի կոտրվածք ստացած քաղաքացին նախ կալանավորվում է և մի քանի ամիս պահվում գերբնակեցված խցում, այնուհետև դատապարտվում է 5 տարվա ազատազրկման, և իր պատիժը կրում է մինչ 2015թ․-ը՝ պատժի կրումից ազատվելով վաղաժամկետ։

Սույն դեպքը քաղաքացուն անհիմն ազատազրկելու ակնառու օրինակ է, որն առաջացել է փոքր պատահարից և ոստիկանության միջամտության պատճառով վերածվել է վեճի։ Վերը նշված դեպքում մեղադրական վճռի հիմքում դրվել են միայն ոստիկանների ցուցմունքները։

Անհամաչափ պատիժ

Բռնություն գործադրելու կամ դա անելու սպառնալիքի համար 316-րդ հոդվածով սահմանված պատիժը մինչև 10 տարվա ազատազրկում է։ Արդյունքում հոդվածի կիրառումը բերում է անհամաչափ պատիժների նշանակման: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՔՕ 316-րդ հոդվածով դատապարտված անձանց ճնշող մեծամասնության գործողությունները մանր վարչական իրավախախտումներ են, որոնք որևէ իրական վտանգ չէին ներկայացնում ոստիկանության համար, հետևաբար, արժանի չէին այդչափ լուրջ պատժի, ինչպիսին ազատազրկումն է։

2015թ.-ին քննված քրեական գործերից մեկով Կ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով, որի համար նա դատապատրվել է հինգ տարվա ազատազրկման։ Ըստ գործի փաստական հանգամանքների՝ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո վթարի մասնակիցների միջև սկսվել է վիճաբանություն։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, և վեճի մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Մեղադրյալը, որը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մեկ անգամ բռունցքով հարվածել է քաղաքացիական հագուստով մի տղամարդու՝ փոքր-ինչ վնասելով նրա շրթունքը։ Հետագայում պարզվել է, որ տուժածը ոստիկան է։ Մեղադրյալը պնդել է, որ տեղյակ չի եղել, որ քաղաքացիական հագուստով այդ անձը ոստիկան է եղել, քանի որ վերջինս չի ներկայացել որպես այդպիսին և մինչև դեպքը վկայական ցույց չի տվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ գրավով ազատվելու միջնորդությունը մերժվել է։

Եզրակացություն և առաջարկություններ

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2009թ.-ին ընդունած 1677 (2009)3 բանաձևով լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում միայն ոստիկանության ցուցմունքների հիման վրա անձանց մեղադրանք առաջադրելու կամ մեղադրական դատավճիռ կայացնելու պրակտիկայի առնչությամբ: Տվյալ դեպքում չի ապահովվում կողմերի հավասարության սկզբունքը և խարխլում է հանրության վստահությունը պետական արդարադատության համակարգի հանդեպ։ Անձի մեղադրանքը պետք է հիմնավորվի նաև այլ ապացույցներով։ Ավելին, ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի կիրառումը հանգեցնում է Հայաստանում արդարադատության համակարգի հետ կապված այլ լուրջ խնդիրների, ինչպիսին, օրինակ, կալանավորման համատարած կիրառումն է։ Բացի այդ, ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածը կարող է օգտագործվել քաղաքական ակտիվիստների գործունեությունը պատժելու համար, ինչը լրջորեն խախտում է խաղաղ հավաքների մասնակցության իրավունքը։

FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին՝

փոխել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով, նրան անհապաղ ազատ արձակել և իրականացնել գործի արդար և բազմակողմանի քննություն,

կատարել օրենսդրական փոփոխություն և ապահովել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով սահմանված սանկցիաների համաչափությունը,

ապահովել ապացույցների համակողմանիությունը և բացառել միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա քրեական հետապնդում իրականացնելը և դատապարտելը,

ապահովել կողմերի հավասարության սկզբունքը և համակողմանի ապացույցների անաչառ գնահատումը,

ապահովել, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվի միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային միջոցները արդյունավետ չեն և մեղսագրվող հանցագործությանը համաչափ չեն։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29