Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի առջեւ խարույկ են վառելու ու գիշերելու են

Փետրվար 22,2016 22:40

Ոստիկաններն այսօր միջամտել են  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջեւ «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչների բողոքի ակցիային՝ պահանջելով չաղմկել:

Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ անցկացվող ակցիայի ժամանակ ակտիվիստները բարձրախոսով սկսեցին վանկարկել` «Գեւ-որգ», ինչից հետո ոստիկանները փորձեցին վերցնել բարձրախոսը:

«Ասացիք այս տարածքից դուրս եկեք, դուրս եկանք, հիմա ի՞նչ եք ուզում»,- ոստիկաններին հարցրեց ցուցարարը: Իսկ մեկ այլ ցուցարար դժգոհեց, որ ինչքան փորձում են ոստիկանների ասածները կատարել, այնքան շատ են իրենց նկատմամբ ոտնձգություններ արվում:

Հետո ցուցարարները սկսեցին վանկարկել` «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

«Մի՛ աղմկեք հիմնարկի մոտ»,- ոստիկաններից մեկը ընդհատեց վանկարկումները: «Դուք Սերժ Սարգսյանի կամակատարներն եք, բանդա եք»,- ասաց ակցիայի մասնակիցներից Գագիկ Եղիազարյանը:

Մեկ այլ ցուցարար էլ դժգոհեց. «Մենք խանգարում ենք այս իշխանություններին, ասում են՝ դուրս եկեք, խաղաղ ակցիա ենք անում, ասում եք՝ գնացեք»:

Գագիկ Եղիազարյանն էլ շարունակեց՝ դիմելով քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչին. «Այդ դուք եք խոչընդոտում մեր խաղաղ ակցիայի բնականոն ընթացքը: Ձեր քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները բռնաճնշումներ են իրականացրել մեր ընկերների նկատմամբ:  Այստեղ քաղաքական ակցիա ենք իրականացնում, ու դուք խոչընդոտում եք»:

«Նոր Հայաստան» ճակատի անդամներն այսօր քրեակատարողական հիմնարկի առջեւ մեկ օրյա նստացույց են անցկացնելու, իրենց հետ բերել էին դրոշներ, ջուր ու գիշերելու համար պարագաներ: Գագիկ Եղիազարյանի խոսքով` գիշերը կանցկացնեն խարույկի շուրջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29