Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատահեց Նորայր Եփրեմյանին, երբ Սերժ Սարգսյանին կոչ արեց փոխել ինքն իրեն, ոչ թե Սահմանադրությունը

Փետրվար 23,2016 21:44

Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի հետ վիճաբանած Նորայր Եփրեմյանը, որը նախագահին կոչ էր անում փոխել ինքն իրեն, ոչ թե Սահմանադրությունը, կրկին հանդիպել է նախագահին, իր խնդրի շուրջ զրուցել նրա հետ:

Նորայր Եփրեմյանն արդեն տասը տարի է իր տուն տանելու ճանապարհ է  փորձում գտնել, հարեւանը փակել է իր տուն տանող ճանապարհը: Նա  հաջողություններ չի գտել ոչ նախագահականում, ոչ դատական ատյաններում: Ամիսներ առաջ, երբ նա նախագահի առանձնատան մոտ բռնացրեց նախագահին, անձամբ ներկայացրեց իր խնդիրն ու պահանջը, այդ միջադեպից հետո իր պատմելով, կարծես թե, որոշ փոփոխություններ եղան:

«Մեր վեճից հետո, երբ իրեն ասացի՝ դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը թղթի վրա, անմիջապես ինչ է կարգադրել, ինչ է ասել՝ չգիտեմ, բայց, ի դեպ, շնորհակալ եմ նախագահին, անմիջապես գործի լծվեցին իր անվտանգության աշխատակիցները՝ պետով, տղերքով տարան ինձ ներս, բացատրություն գրել տվեցին, թե ինչ է կատարվել ինձ հետ, ինչից եմ բողոքում, ես պատմեցի, որ տասը տարի է մոտեցել եմ, դիմում եմ տվել, դատարան եմ դիմել, ոչ ոք տեր չի կանգնում: Նախագահականի աշխատակիցները նստեցրին ինձ մեքենան, տարան ինձ մեր տուն, նայեցին, նկարեցին, որ երկու ճանապարհ մեր տուն բերող փակված է արդեն տասը տարի»,- Aravot.am-ին պատմեց Նորայր Եփրեմյանը:

Անցավ ժամանակ, բայց խնդիրը մնաց չլուծված: Նորայր Եփրեմյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց նաեւ Ս. Հովհաննես եկեղեցում ու կրկին առիթը բաց չթողեց հիշեցնելու իր տան հարցը. «Ասացի՝ պարոն նախագահ, ձեր հանձնարարությունները, ձեր որոշումները ձեր ստորադասները չեն կատարում, ոչ թե չեն կատարում, այլ ոտնահարում են ու թքած ունեն իմ մարդկային սեփականության պաշտպանության, շահերի վրա: Նախագահն ասաց՝ ես այսքան բան չգիտեի, որ քեզ այդ օրն են հասցրել, ինձ ասաց՝ դու գնա, ես տղամարդու խոսք եմ տալիս, արխային տանդ մեջ նստիր ու մի վրդովվիր, քո վնասը կվերականգնեն տասնապատիկ, շուկայական գներով կհաշվարկվի ամեն ինչ տեղը տեղին:  Դու քո յոթ պորտով ինձ շնորհակալ կլինես: Հավատա ինձ»:

Նորայր Եփրեմյանը դեռ սպասում է` «նախագահի տղամարդկային խոստումին»:

Մանրամասները` շուտով տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29