Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում ավարտվեց գեներալների կառավարման ժամանակաշրջանը. ԱԱԾ գեներալին փոխարինեցին ֆինանսիստով

Փետրվար 24,2016 23:25

Քիչ առաջ պաշտոնապես հայտնի դարձավ Շիրակի նոր մարզպետի անունը. ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում մարզն անցավ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի կառավարմանը:

Այսօրվանից Շիրակում ավարտվեց այսպես ասած գեներալների կառավարման ժամանակաշրջանը. հիշեցնենք, որ արդեն վեց տարի է՝ այս մարզը կառավարում էին ուժային համակարգի գեներալներ՝ նախկին ոստիկանապետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, այնուհետ ԱԱԾ-ի գեներալ Ֆելիքս Ցոլակյանը:

Թե ինչպիսի մարզպետ կլինի դաշնակցական, մարզի երբեմնի գլխավոր ֆինանսիստ Հովսեփ Սիմոնյանը, այս պահին դժվար է ենթադրություններ անել. միայն ակնհայտ է, որ նա քաջածանոթ է բոլոր համայնքապետերին, քանի որ տարիներ շարունակ նրանց հետ շփումներ է ունեցել, բյուջեն թերակատարելիս քննադատել ու նկատողություններ է հնչեցրել, կամ էլ ընդհակառակը 100 տոկոսով կատարելիս՝ գովաբանել է նրանց: Կհաջողվի՞ Հովսեփ Սիմոնյանին իրեն նախորդող գեներալների պես մեկ զանգով մայրաքաղաքում հարցեր լուծել ի օգուտ մարզի, ցույց կտա ժամանակը, սա էլ կդառնա նրա աշխատանքի գնահատականներից մեկը:

Նշենք, որ Շիրակի մարզի գյուղապետերը չէին ուզում Ֆելիքս Ցոլակյանի պաշոնաթող լինելը հենց այդ պատճառով, որ վերջինս ի զորու էր հեռախոսով հարցեր լուծել:

Ինչեւէ, կարծում ենք տխուր օրեր են սպասվում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, քանի որ Հովսեփ Սիմոնյանը 2012 թվականի ՏԻՄ ընտրություններում նրա գլխավոր մրցակիցն էր, իսկ Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբը պարոն Սիմոնյանին հաճախակի էր հիշեցնում նրա գյումրեցի չլինելը: Հիշեցման կարգով մեջբերենք մի հատված Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի ղեկավարի, այժմյան փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի՝ 2012 թվականի ՏԻՄ ընտրությունից հետո Aravot.am-ին տված հարցազրույցից, որով, ըստ էության, պատասխանում էր Հովսեփ Սիմոնյանին:

«Հովսեփ Սիմոնյանը այնքան անկարող մարդ է, որ ունենալով տարբեր կուսակցությունների ու քաղաքի տարբեր կլանների աջակցությունը՝ հավաքեց ընդամենը 10 հազար ձայն: Վերջը նա ֆինանսիստ է, եթե այդ ձայները բաժանի իրեն սատարող կլանների մեջ, երեւի ես չգիտեմ՝ 100 ձայն էլ չունենա, էնպես որ՝ թող էդ կլաններն էլ իմանան, Սիմոն Հովսեփյանն էլ իմանա՝ ես գյումրեցի եմ ու գիտեմ Գյումրին, իսկ ինքը իր Լեռնակերտ գյուղում արդեն իսկ ավագանի չի կարող անցնել, առաջ կարող էին նրան ընդունել, բոլորին հիասթափեցրեց ինքը: Նա մի արտահայտություն էլ էր արել, թե՝ եթե այսպես շարունակվի, էստեղ կմնանք մենք մեր ընտանիքներով, բոլորը կարտագաղթեն: Ճիշտ է ասել՝ մենք մեր ընտանիքներով կմնանք, հաստատ թող համոզված լինի, բայց ինքը հաստատ չի մնա, ինքը այստեղ անելիք չունի, մենակ թողնես դեմքին վշտալի արտահայտություն տված ման գա, ինքը, վերջապես, պետք է հասկանա, որ ժողովուրդը իրեն չի ընդունում»,- ասել էր Ռուբեն Սանոյանը:

Ի դեպ, այսօր համացանցում հայտնվեց Հովսեփ Սիմոնյանի՝ 2012 թվականի կարգախոսը. նա որպես քաղաքապետի թեկնածու՝ գյումրեցիներին խոստանում էր վառել անցյալի լույսը: Այդ ժամանակ նրա անմիջական ղեկավար, մարզպետ Աշոտ Գիզիրյանը նույնպես թերահավատությամբ էր արտահայտվում Հովսեփ Սիմոնյանի քաղաքապետ դառնալու մասին՝ հայտարարելով՝ դու ձայներ չես հավաքի: Գեներալ Գիզիրյանն ամենայն հավանականությամբ չէր էլ պատկերացնում, որ իր սարքած շքեղ առանձնասենյակը տարիներ հետո հենց Հովսեփ Սիմոնյանին է փոխանցվելու: Գյումրեցիներն արդեն իսկ սկսել են համացանցում պարոն Սիմոնյանի կարգախոսի տակ կատակել, թե «քաղաքապետի համար կպայքարեր, կեցած տեղը լատարեն մարզպետ խաղցավ, խաղացեք ու շահեք, ժողովուրդ ջան, արդար է, արդար»:

Պարոն Սիմոնյանին ճանաչող գյումրեցիները նրան բնութագրում են որպես կիրթ մարդու, միայն թե դեռ չեն պատկերացնում նրան մարզպետի պաշտոնում: Ամեն դեպքում, Հովսեփ Սիմոնյանը, երկար տարիներ ապրելով Գյումրիում, վստահ ենք, որ քաջածանոթ է այս քաղաքի բնակչության հոգեբանությանը ու ղեկավարների թույլ տված սխալների շուրջ յուրատեսակ կատակներ հորինելու ու սերնդեսերունդ փոխանցելու բնավորությանը: Այնպես որ, նրա ընդունված, սիրված կամ չսիրված լինելը բացառապես կախված է իրենից, հատկապես որ շիրակցիները նրա մասին խոսելիս ասում են՝ «Մեր Հովսեփն է»:

Նոր մարզպետին ամենայն հավանականությամբ կներկայացնեն ուրբաթ օրը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Nvard says:

    Այս մարզպետի գլխավոր խնդիրը ոչ միայն այն է,որ նա թույլ մադ է և իրեն հովանավոր է փնտրելու,ալև այն,որ նրան ֆինանսական առումով շատ լավ գիտեն բոլոր համայնքապետերը:երևի հասկանալի է,թե ինչ անկյունից գիտեն:Ու դա բավական թուլացնում է նրա մանևրելու հնարավորությունները:Հանրապետական գյուղապետերը պահը չեն բացթողնի,որ նրան հիշեցնեն,թե ինքը ով է:

  2. Սարգիս Բ. says:

    ամեն դեպքում ոչ մի մարզպետից Շիրակը չի շահել, ոչ գեներալներից, ոչ հարկայինի պետից, ոչ էլ սարատակցի Ռոմիկից, ոչ մի գլոբալ խնդիր չի լուծվել մարզում, եթե ինչ-որ բան արվել է , ապա ոչ թե մարզպետների պահանջով, այլ վերևեների կողմից տրվող փշրանքների հաշվին:Հեչ չլսեցինք, որ Գիզիզրյանը, որը շաբաթը երկու անգամ էր գործի գալիս Երևանից,մեծ հարցեր լուծեր, ոչ էլ Նանյանը կամ Ռոմիկը, ով էլի դաշնակ էր, ոչ էլ Ցոլակյանը մեծ խնդիրերը չտեսան, չպահանջեցին լուծում,սաղն էլ ձմռան նման եկան ու գնացին,իսկ մարզը մնաց սոված, անտեսաված ու լքված:Կարող է Հոսոն կարողանա բան էնե, թեև ասում են մեկ-մեկ անհավասարակշիռ բաներ է անում

  3. Karlen says:

    Զարմանալ կարելի է ՀՅԴ ղեկավարության վրա, որ իրենց դաս չեղավ խոփանչի Ռոմիկի օրինակը, որը չորս տարվա ընթացքում ոչ միայն թալանեց մարզը այլ տկար դարձրեց մարզի դաշնակցական կառույցը,իսկ հիմա առաջ են քաշում նույն տեսակին պատկանող մի ուրիշ մարդու,որը նույն խոփանի ճանապարհին հեռավոր արևլքից ֆիզիկոսի դիպլոմ է բերել,գործի բերումով աշխատում է ֆինասիստ:Մի գուցե ՀՅԴ ղեկավարությանը պետք է հիմնովին քանդել կառույցը,արդյոք նրանք չեն լսում արտասահմանյան դաշնակցության ձայնը:

  4. Կիրիլ says:

    Հոսոյի վրա դրած է խոփանչի Ռոմիկը:Սերժը շատ ուժեղ քայլ կատարեց:Մարզը տվեց դաշնակներին,որ լռիվ փչանան ու պախարակվին ընտրողների աչքում:Շնորհավորում եմ:Հաջորդ ընտրություններին ՀՅԴ էլ չի լինելու ԱԺ-ում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29