Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարի. ««Նուբարաշենը» ոչ թե կալանավայր է, այլ՝ սպանդանոց»

Փետրվար 26,2016 20:45

«Բողոքի իմ, առավել եւս՝ իմ պաշտպանների գործողությունները բոլոր եղել են օրինականության շրջանակներում»,- փետրվարի 26-ին տեղի ունեցած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:

Հիշեցնենք, որ առավոտյան Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Գասպարիի փաստաբանների բողոքը, եւ կալանավորելուց 1 շաբաթ անց նրան ազատ է արձակել: Ազատության մեջ սա Գասպարիի առաջին հարցազրույցն է:

Նա նշեց, որ քանի դեռ Մարտի 1-ին սպանություն կատարած ոստիկաններին ոստիկանությունը չի հանձնել եւ պահում է իր թեւերի տակ, «մարդասպաններ» պիտակը վերաբերվում է ոստիկանությանը. «Մարդիկ սպանել են, սպանության համար պատասխանատվության չեն ենթարկում, իսկ, քանի որ ես ասել եմ «մարդասպաններ» դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ: Ես կարծում եմ, որ այդ արտահայտությունները չանելը առավել անմարդկային է: Դատավորների կարգազանց լինելու, գործակալ լինելու մասին իմ հայտարարությունները նույնպես ուժի մեջ են, դա վերաբերվում է գերակշռող մասին, այդ թվում՝ նաեւ հենց այս դատավորին: Որովհետեւ ես ձեզ հիշեցնում եմ՝ ինչու է դատական նիստերը բոյկոտելու հարցը ծագել, որովհետեւ ոստիկան Սոնա Մելիքյանը դատարանում տվել է ակնհայտ կեղծ ցուցմունք, սուտ ցուցմունք, մենք միջնորդել ենք, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկեն, իսկ դատարանը մերժել է՝ առանց  պատճառաբանության, այսինքն՝ առանց օրենքի պահանջը հաշվի առնելու»:

Վարդգես Գասպարին մանրամասնեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր հետ կատարվածը. «Փետրվարի 23-ի գիշեր 24-ի առավոտյան ես հացադուլի եւ ջրադուլի մեջ էի, որ ես վերլուծում եմ, այդ ամենն արված էր, շատ մանրակրկիտ ծրագրած, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, պաշտոնյաները անում էին իրենց դերակատարությունը եւ կրիմինալի մարդիկ անում էին իրենց դերակատարությունը: Կոնկրետ ինձ տեղափոխեցին մի խուց, որը հացադուլի խուց չէր: Ես արդեն մեկ օր էր, ինչ հացադուլի եւ ջրադուլի մեջ էի, իրենք ինչ-որ խաղեր էին անում եւ այլն, հետո ինձ տարան մեկ այլ խուց, որը հացադուլի խուց չէր՝ մարդիկ կային, ընդամենը 5 հոգի էինք, ես կարծում եմ դա էլ ինձ մոտ կասկած առաջացրեց, որովհետեւ այդ կարանտին խցերը սովորաբար շատ ծանրաբեռնված են լինում՝ 10, 12 եւ այլն: Շատ հնարավոր է, որ դա ծրագրել էին, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ լինի, որ բռնությունների ականատեսները հնարավորության չափ քիչ լինեն»:

Գասպարիի խոսքերով՝ իր խցակիցներից երեքը հրահանգ են ստացել, որից հետո իրեն բռնության են ենթարկել եւ պահանջել են ուտել. «Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկի գործող իշխանության պահանջները, որ հացադուլավորը դուրս գա հացադուլից, որ այնտեղ հարց չբարձրացվի, որ այս ինչ անձնավորությունը հացադուլի մեջ է: Իրենք դա էին ռեալիզացնում, այնուհետեւ՝ խփելով, սեռական վերջին հայհոյանքներով: Հետո փորձեցին ձեռքս բռնել, ես պառկած էի մահճակալին, իրենք ոտքերով խփում էին ոտքերիս կողքին: Արդեն պրակտիկան շատերը գիտեն՝ խփեն այնպիսի տեղեր, որ հետքեր չմնան: Այնուհետեւ ես գոռում էի: Երբ գոռում էի եւ բավական բարձր այդ ցավերից միջանցքից մեկ մարդ հարցրեց, իմ կարծիքով՝ հսկիչ էր, որ ամեն ինչ նորմա՞լ ա, անունով դիմեց այդ խփողին, ես չեմ հիշում անունը, սա ասաց՝ հա՛, հա՛, նորմալ ա: Հետո կողքի խցից էլի մեկը ձայն տվեց, որ այդտեղ նորմա՞լ ա, էլի այս խփողներից մեկն ասաց՝ հա՛, վերեւի հետ համաձայնեցված ա: Այդ ամեն ինչը վկայում է այն մասին, որ սա համակարգված ժամացույցի պես աշխատող ադիմնիստրատիվ ղեկավարության եւ աշխատողների եւ քրեական պոլոժենիայի համատեղ իրականացված գործողությունն է»:

Նա համարում է, որ սա բացառիկ երեւույթ չէ, եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կեսը վախվորած վիճակում է ապրում. «Եթե իմ ձայնը լսող կա, իրենց ձայնը լսող չկա: Կորած մարդիկ են այդ մարդիկ: Եվ ես իմ դժգոհությունն էի հայտնել դիտորդական խմբին, որ իրենք բառացիորեն ոչ մի ներգործություն չունեն: Այդտեղ ոչ թե կալանավայր է, այլ՝ սպանդանոց, ամեն մարդ օրական հարյուր անգամ մեռնում կենդանանում է: Ես համար քսան խցում, որ եղել եմ՝ նախորդ օրը, երբ բռնությունները դեռ չեն եղել, այնտեղ տեսել եմ, թե մարդիկ ինչ հոգեվիճակի մեջ են՝ ամենաչնչին բանից հուզվում են, գոռգոռում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29