Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ որբերի ամառային ճամբարը. «Մեր Ատլանտիդան»

Փետրվար 26,2016 22:22

«Մեր Ատլանտիդան». այսպես է կոչվում ռեժիսոր Արթուր Սուքիասյանի առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի փակ ցուցադրությունն այսօր տեղի ունեցավ «Ակումբ»-ում (“The Club”):

Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները ներկայացնող «Մեր Ատլանտիդան» հայ-ֆրանս-թուրքական համատեղ արտադրություն է։ 83 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է 2014-ին, Հայաստանում և Թուրքիայում։

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արթուր Սուքիասյանն է, օպերատորը՝ Թամմամ Համզան, երաժշտության հեղինակը՝ Վարդան Հարությունյանը, գրաֆիկ դիզայները՝ Սերգեյ Նավասարդյանը:

«Մեր Ատլանտիդան» Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան՝ «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի մասին է, որը 1960­-ական թվականներին կառուցել են հայ որբերը, և որը հետագայում խլվեց թուրքական իշխանությունների կողմից: Բարեբախտաբար, նախորդ տարվա հոկտեմբերին այն վերադարձվեց հայ համայնքին: Ներկայումս կիսաքանդ, գրեթե ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը, որտեղ 1500 հայ մանուկներ կարողացել են պահպանել իրենց ինքնությունը:

Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007 թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:

Ի դեպ, ռեժիսորը «Մեր Ատլանտիդան» անվանումը Հրանտ Դինքի՝ «Ակօսում» տպագրված հոդվածներից մեկից է վերցրել, որտեղ Դինքը գրել է. «Ճամբարը մեր տունն էր, մեր ամեն ինչը, մեր Ատլանտիդան»:

Ա. Սուքիասյանի բնութագրմամբ՝ ֆիլմը ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, և ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները: Նրանք մտովի տեղափոխվում են անցյալ, վերհիշում ճամբարում անցկացրած իրենց տարիները: Ամեն հերոս իր հիշողություններն ունի:

Այդ հիշողություններից բացի, ֆիլմում անդրադարձ կա նաև Ստամբուլում այսօր ապրող հայերի մտահոգություններին: Հերոսներից մեկի՝ Կարապետի խոսքով՝ թվում է, թե թուրքական կառավարության ներկայիս քաղաքականությունը բաց է, բայց «նորեն փայտը ձեռքն է, և երբեմն այդ փայտն անկյունեն կցուցնե ու կհիշեցնե՝ բարի կեցիր»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29