Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մարմինն արվեստ է. Բազե Ավետիս

Փետրվար 27,2016 23:09

Ավետ Բազե Ավետիսյանը, չնայած նրան, որ 2008 թվականից արդեն իսկ սկսել է ուսումնասիրել լուսանկարչությունը,  պրոֆեսիոնալ  սկիզբն էլ թվագրել 2011-12 -ից՝ աչքը սրելով ու «Բազե» կեղծանունը ստանալով, կարծում է, որ այդ գործով, իրականում, դեռ նոր է սկսում զբաղվել, քանի որ   ամեն նոր փուլից հետո նորովի է  հասկանում՝ ինչ է լուսանկարչությունը:

Իսկ փուլերը քիչ չեն: Ավետ Բազեն այն երիտասարդ լուսանկարիչներից է, որ կարողացել է «մերկ լուսանկարչությունը»  ցուցադրել հենց արվեստի շրջանակում՝ ոչ մի պարագայում չխախտելով ու չհասնելով գռեհկության սահմանի՝ շատ բաց կադրեր որսալով հանդերձ: Բայց մարդկային մարմինները հմտորեն ներկայացնելուց բացի, Ավետը նաև սիրում է ցանկացած լավ ու հետաքրքիր պահ որսալ, կյանքի ռիթմը տեղափոխել լուսանկարչություն:

Լուսանկարիչն aravot.am-ին պատմեց՝ ինչպես է որոշել դառնալ ինքն իր լուսանկարների մերկ կերպարը, ինչպես է գնահատում հայաստանյան լուսանկարչությունն ու նաև՝ հետագա անելիքների մասին:

-Ավետիս, ո՞ւմ է  տեսնում Ձեր ֆոտոխցիկը, ո՞ւմ եք ֆոկուսացնում:

-Պատկերացումների՛ս, պատկերացումների՛ս ու ուղեղի տեսքով ունեցած օրգանիս վերապրումներին: Գուցե շա՜տ փիլիսոփայական հնչի, կփորձեմ չառանձնացնել բնորդներին ու ֆոտովավերագրական  նկարահանումները, ասելով որ իրենք բոլորն էլ այն են, ինչ են մեր ուղեղներում, մեր պատկերացումներում  (պայմանական «պատկերներ» ասեմ ֆոտոներիս):

Հաճախ չեմ նկարում: Չեմ նկարում, որովհետև հասկանում եմ, որ կա պահ, որ պիտի ներսումդ ֆիքսես,   պիտի մնա ներսում ու իմը լինի: Հա՛, շատ էգոիստ մոտեցում է ստացվում, սակայն այդ պահը իմ «երկխոսությունն» է: Նկարում եմ այն պատկերացումների տեսակները, որոնցով գուցե կկարողանամ հասնել նրան, որ հենց դո՛ւ կամ երրորդ ինչ-որ մեկը կունենա այն դիալոգը, որը որ մի պահ ունեցա ես, կամ չհասցրի ունենալ: Կամ էլ սարքը մոտս չի լինում, բայց կանգնում եմ, նայում պատկերին, հասկանում, որ ուղեղս սերտեց դա ու հիշողությանս դարակներում արդեն կա՝ որպես լուսանկար: Արդեն, փաստորեն, վաղուց իմն է: Էլ կարիք չկա նկարելու:
10462533_312778898908941_8072587428378403872_n

-Դուք այն եզակի երիտասարդ լուսանկարիչներից եքում ֆոտոներում ինքներդ էլ կաք՝ այն էլ երբեմն՝ մերկ: Ո՞րն է տվյալ ֆոտոների մեխը, ասելիքը:

-Ես բնության մասնիկ եմ՝ ինչպես մնացած բոլորը: Մեր իրականության մեջ արդեն վաղուց տարածում է գտել, որ ինչ-որ մի բան «ամոթ ա», կամ «վատ ա»: Չէ, մի բան, որ կենդանու կամ մարդու տեսքով ստեղծել է բնությունը, արդեն ամո՛թ չի: Ամոթը փախչելն է մեր մարմնից, մեր այն ներսի պատյանից, որ մեզ կյանք ու հաճույք է  տալիս: Ամեն բնորդի մեջ փորձում եմ դնել «ես»-իցս մի մասնիկ. շաբլոն մի արտահայտություն կա, չէ՞, «հոգի դնել»,  այ էդ հոգին եմ փորձում դնել: Այն, ինչ ես եմ: Այն, ինչ իմ գույներն են: Կարևոր չի, որ դա անպայման լինի սիրուն, կարևոր է, որ դա անպայման երկխոսության մեջ մտնի քո հետ ու դու ինչ-որ մի բան վերցնես դրանից: Իսկ թե ինչքանով է ստացվում, արդեն ժամանակը համ հաջորդ՝ լուսանկարչական փուլերի գործերը ցույց կտան:1919582_473662859487210_6105226614093629677_n

         -Առհասարակ  «մերկ ֆոտոն», ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում է Հայաստանում:

– Ես շա՜տ փոքր եմ, որ մասսայական հատվածի համար խոսք ասեմ,  ինքս էլ այդ նույն վիճակագրության սանդղակների մեջ գտնվող մեկն եմ: Բայց կարծիքս կփորձեմ արտահայտել՝ առանց  առանձնացնելու մերկն ու ոչ մերկը: Ինքս ինքնուս եմ: Երբե՛ք չեմ սովորել ինչ-որ մի տեղ ու վերջերս հասկացա մի կարևոր բան: Հիմա ասածս շատ պաթետիկ գուցե հնչի, բայց մարդկանց համար թրենդային դարձած «արվեստը» հեշտ հասանելիության պատճառով ինչ-որ պլատֆորմներ է ստեղծում: Մանավանդ մեր երկրում: Այն, ինչ ես եմ անում. ուղղակի պատկերն եմ սերտում նախ և առաջ ինքս ինձ համար, արժեվորում եմ իրականությունը, թե ինչքանով պիտի դա ուղեղիս մեջ ու ներսս պահեմ, թե որպես լուսանկարիչ, թե որպես ռեժիսոր:

Խոսում եմ զգացողության մասին: Մեզ շատերը կարող են սովորեցնել ֆոտոխցիկի տեխնիկական կողմը: Հեռու չգնամ, «Գուգլի» ամենաառաջին բաժիններն էլ կարող են դա սովորեցնել, լավ դասընթացները, որի համար կվճարենք, նույնպես, բայց ո՞վ կսովորեցնի պահը զգալը: Պահի զգացողությունը: Իրականությունը զգալ է պետք, դա է  ամենակարևորը: Այսօր 4 րոպե կանգնած սպասում էի սառելով, թե երբ պիտի հեռախոսով խոսող մամայի ձեռքից փուչիկները թռչեն օդ: Իսկ երեխան կամ լացի, կամ էլ՝ ուրախանա:  Չէի նկարելու, չէի նկարելու նրա համար, որովհետև մութ էր, անորակ բան կստանայի, բայց նախ և առաջ չէի նկարելու, որովհետև դա իմ էմոցիան էր ու իմ ցանկությունը, իմ երկխոսությունն էր, մատրիցայի վրա ֆիքսելու կարիք չկար: Ինձ պետք էր կյանքից  այդ պահը որսալ ու վայելել: Ի դեպ, ցանկությունս իրականացավ ու ժպտալով շարունակեցի ճանապարհս: Ինչ վերաբերում է «նուդ ֆոտոյին», կարճ լինեմ: Հաճախ կատակում եմ,  որ արվեստի պատմության գրքերում խոսելու են 21-րդ դարում նոր առաջ եկած «անդեմ նուդի» մասին: Կամ «դիմակավոր նուդ» («Նուդ»-ը nu ֆրանսերեն և  nude անգլերեն բառի հայատառացումն է,-հեղ.): Անդեմ «նուդն» առաջ եկավ կովկասյան տարածաշրջանից: Աղջիկները ուզում էին նկարվել, լուսանկարիչներն էլ ուզում էին նկարել, սակայն մենթալիտետը թույլ չէր տալիս (ծիծաղում է,-հեղ.): Դե, անկեղծ հայ աղջիկներին էլ եմ հասկանում, լիովին հասկանում եմ: Կնշեմ, որ ցավալի է, բայց այս մշակույթը պիտի մաքրվի ու նախ մեր, հետո էլ հույս ունեմ՝ նոր եկող սերունդը ինչ-որ մի բան կկարողանա անել: Մենք, վերջիվերջո, պիտի հասկանանք, որ մեր մարմինը արվեստ է: Բնության ամենագեղեցիկ հատվածն ենք:  Մերկ լինելն  ամոթ չի: Ինչպես ամոթ չեն շա՜տ-շա՜տ այլ բաներ, որ մեր հասարակության մեջ անընդունելի են: Հուսամ, մի օր կկարողանանք ինքներս մեր աչքերի մեջ անկեղծ նայել ու դիմացինին էլ ասել դրա մասին:12715602_488953461291483_1092305228737055417_n
  -Ձեր լուսանկարներում իմպրովիզն ու բեմադրութունն ի՞նչ հարաբերակցությամբ են, որի՞ն եք նախապատվություն տալիս և ինչո՞ւ:

-Դժվարանում եմ պատասխանել այս հարցին: Եթե նպատակ հանդիսացող պատկերները մտքումս են, արդեն իրավիճակից ու կյանքի տված հնարավորություններից է պետք օգտվել: Մերկ աղջիկ Շաքեի ջրվեժի տակ դժվար թե ամեն օր տեսնես. կողակցուհուս խնդրեցի, որ պիտի ֆիքսեմ Շաքեի ջրվեժի ծիածանը կնոջ մարմնի հետ: Դա բեմադրությո՞ւն էր, այն դեպքում եթե նա այսպես թե այնպես թրջված էր: Կամ դժվար թե կյանքում 2-րդ անգամ կարողանամ ֆիքսել Արենի գյուղի փոքրիկներին, երբ չորս հոգով լցված էին քանդված մեքենայի մեջ, իսկ 5-րդը՝ ավելի փոքր, նրանց դիմացով անցնում էր հեծանիվով: Աչքերի բարի մանկական նախանձը: Սերը փոքրիկի նկատմամբ: Նույն հաջողությամբ Բերդաշենում ապրող Սիրակ պապիկի թախիծը: Նման մաքուր թախիծ հնարավոր չի բեմադրել:12208556_463604630493033_3092711653572093462_n

         -Լուսանկարի լույսն ու ստվերը, սևն ու սպիտակը Ձեր գործերում տեխնիկա՞ են, թե՞ հոգեվիճակ, դրանց հետ հաճա՞խ եք խաղում:

– Իրականությունից 5 պակաս վիճակ: Այ սրա մասին եմ ասում, երբ խոսում եմ նոր փուլերի մասին, առաջս դրված, որոնց մասին ինքս էլ պատկերացում չունեմ: Չառանձնացնեմ կինոն կամ ֆոտոն, ուղղակի ասեմ, որ 2 տարբերակում էլ պիտի փորձեմ մաքսիմալ հասնել նրան, որ տամ այն, ինչ որ նկարել է ուղեղս ու սիրտս: Տամ այն, ինչ ես եմ զգում: Այդ ժամանակ գուցե իսկապես արածիս նայելով հնարավոր լինի հասկանալ, թե ինչ եմ ապրել: Կարևորը ինչ որ պետքական բան զգալն է: Ո՜նց են մարդիկ մեր կյանքում հայտնվում ինչ-որ մի բան փոխելու, տալու կամ վերցնելու համար: Նույն հաջողությամբ ուզում եմ, որ պատկերները տան կամ հասկացնեն ինչ-որ մի բան: Շատ բեմադրված լույսեր ու ահավոր սիրուն վիճակն է, որ չեմ սիրում: Իսկ մնացածը բնությունը ինքը կանի: Վերջիվերջո, էդ ես չէ, այլ արևն է նկարում, էդ պահին պատկերի մեջ ֆիքսվածը:10293745_346560395530791_5553434956681312419_o

Կարող եմ խոսել սիրելի գույներիցս, դրանք դեղինն ու կապույտն են: Դեղինը առանձնակի կշեշտեմ:1926849_351271038393060_5724331728446897815_n (1)

Ավետիս, Ո՞րն է Ձեր երազանքի լուսանկարը, որը դեռ արված չի, ո՞ւմ, կամ ի՞նչ եք ուզում ֆիքսել:

– Այս հարցին կյանքիս վերջում նոր կպատասխանեմ, կարող եմ փիլիսոփայել, բայց պետք չի, անկեղծ, այս մեկին՝ կյանքի վերջում:

Սյունե ՍԵՎԱԴԱ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29