Լրահոս
Օրվա լրահոսը

Որն է «Տնտեսի կիրակի»-ի խորհուրդը

Փետրվար 29,2016 11:30

Փետրվարի 28-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է մեծ պահքի չորրորդ` «Տնտեսի կիրակին», օրվա խորհուրդը վերցված է այն առակից, որը մի անգամ Հիսուս իրեն շրջապատող մարդկանց պատմեց: (Ղուկ. 16: 1-9) «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, եւ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան եւ ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին, տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող»: Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով` առաջինին ասում է` «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»։ Եվ սա ասում է` «Հարյուր տակառիկ ձեթ», եւ տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն»։ Ապա դարձյալ մյուսին ասում է` «Դու ինչքա՞ն պարտք ունես», եւ սա ասաց` «Հինգ հարյուր պարկ ցորեն»։ Տնտեսը նրան ասաց` «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարյուր»։ Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետեւ հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»։

tntesi-kiraki8-1
Այս առակի ասելիքը գեղեցիկ կերպով գալիս է շարունակելու նախորդ կիրակիների խորհուրդը: Եկեղեցու հայրերն առակի խորհուրդը նման կերպ են մեկնաբանում. «Տանուտերն Աստված է, տնտեսն էլ մարդն է։ Աշխարհի բոլոր բարություններն Աստուծո ունեցվածքն են: Մարդը դրանց տերը չէ, այլ՝ մատակարարող պաշտոնյան: Աստված աշխարհի բարությունները մարդուն է հանձնել, որ այս աշխարհում դրանք օգտագործելով, հանդերձյալ աշխարհի համար արդյունք եւ շահ պատրաստի։ Աշխարհի բարիքները մարդու ձեռքում ժամանակավոր են։ Մի օր դրանք այլեւս ձեռքի տակ չպիտի ունենա։ Աստված դրանք հանձնել է, որպեսզի նա որեւէ ձեւով օգտվի այդ բարիքներից, եւ երբ դրանք իր ձեռքից պակասեն, այսինքն` երբ մարդը մեռնի, իր ապագա կյանքում այս աշխարհի մատակարարությունից օգուտ քաղած լինի»։

Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում այս օրվա խորհրդի մեջ կարեւորեց. «Աստված մարդկանց որոշակի նյութական հնարավորություններ է ընձեռել` ոմանց շատ, ոմանց` ավելի պակաս: Այդ բազմազանությունը նրա համար է, որպեսզի մարդիկ ամեն մեկը իր չափով հնարավորություն ունենա ճիշտ օգտագործելու նյութական բարիքները:
Առակում, անիրավ տնտեսը ճիշտ էր հասկացել գուրմարը օգտագործելու եղանակը: Դրամը նրա համար ոչ թե միջոց դարձավ, այլ հնարավորություն` բարեկամներ գտնելու: Քրիստոս ուզում է, որ մենք էլ նույն կերպ վարվենք` դրամը, նյութը ճիշտ օգտագործենք, բարի գործեր կատարենք, ողորմություն տանք, հիվանդի համար դեղ գնենք»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29