Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական արժեքն ու սեփականության իրավունքը Հայաստանում հակասության մեջ են»

Փետրվար 29,2016 14:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ճարտարապետ Հրաչ Պողոսյանը եւ արվեստագետ Սահակ Պողոսյանը: Թեման Երեւան քաղաքի պատմամշակութային միջավայրի աղավաղումն ու վտանգված հուշարձաններն են:

Գոհար Հակոբյան- Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում հանուն հանրային գերակա շահի Երեւան քաղաքի այն տարածքների իրացմանը, որտեղ կան հուշարձաններ, շինություններ, որոնք մեր քաղաքի դիմագծի մաս են: Արդյոք հանրային գերակա շահ ասվածը մի՞շտ է արդարացված:

Հրաչ Պողոսյան– Գերակա շահ ասվածը միշտ էլ արդարացված չէ, գերակա շահը հանրության, հանրապետության շահը պետք է լինի, մինչդեռ այսօր գերակա շահերը միտված են առանձին մարդկանց շահերին: Կարծում եմ, որ տվյալ պարագայում լավ կլինի, որ ոչ թե դեպքերի հետեւից գնանք, երբ հերթական շենքն է քանդվում, այլ մտածենք, թե ինչից է, որ հանրությունը բողոքում է: Ընդ որում, հանրության մի փոքր մասն է բողոքում, որովհետեւ շատերի համար թեման էդքան էլ ավելի կարեւոր չէ: Օրինակ՝ «Ծածկած» շուկայի պարագայում էլ բողոքողներն ավելի քիչ էին, քան Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: Բնական է, որ շատերը փոքր-մոքր շահեր ունեին Ալեքսանյանից… Պետք է հետադարձ հայացք գցենք մեր պատմության էջերին, հասկանանք՝ ինչո՞ւ է ամեն ինչ հասել այս վիճակին: Չգիտեմ միտումնավոր, թե առանց խորը մտածելու՝ մեզ մոտ ոչնչացվում է ոչ միայն շենքը, այլեւ հիշողությունը, մեր ժողովուրդը հետզհետե դառնում է նման այն մարդուն, որը կորցրել է հիշողությունը եւ անցյալ չունի:

Գ. Հ.- Պարոն Պողոսյան, Դուք Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի անդամ եք, այդ խորհուրդը խորհուրդ չի՞ տալիս համապատասխան պաշտոնյաներին ավելի խելամիտ որոշումներ կայացնել:

Հ. Պ.- Խորհուրդն ընդամենը խորհրդատվական ձայնի իրավունք ունի, որոշման մեջ այդպես էլ գրված է, իսկ քաղաքապետը կարող է այդ խորհուրդն ընդունել կամ չընդունել, այնպես որ՝ խորհրդի վրա այդքան հույս դնել չարժե: Մի խոսքով՝ եթե քաղաքապետը բարի կամք ունենա, կլսի խորհրդին, եթե ոչ՝ կանի այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարում: Այստեղ խորհրդի խնդիրը չէ, խնդիրն այն է, որ ես էլ, դուք էլ, քաղաքապետն էլ, բոլորն էլ նույն ժողովրդի մասնիկն ենք, եթե մեկը սխալ բան է անում, չպետք է ասենք՝ այս քաղաքապետը վատն է, մյուսը լավն է լինելու: Ամենավատն այն է, որ մեր ժողովրդի համար հուշը արժեք չէ:

Գ. Հ.- Պարոն Պողոսյան, Դուք կիսո՞ւմ եք Հրաչ Պողոսյանի տեսակետը, որ շենքերի քանդելն ավելի փոքր թվով մարդկանց է հետաքրքրում, հանրությունը պասիվ է, շահ ունի, դրա համար էլ լռում է:

Սահակ Պողոսյան- Ես այսպես կձեւակերպեմ՝ ընդհանրապես համաձայն չեմ գերակա շահ հասկացության հետ, գերակա շահի մեջ արդեն բռնության հստակ էլեմենտ կա, դա բռնության ակտ է: Մի օրինակ բերեմ, թե երբ պետք է գերակա շահը աշխատի հանուն հանրության: Ես 22 տարի ապրել եմ Լոս Անջելես քաղաքում, որտեղ հսկա ճանապարհ կար, որը պետք էր միացնել մեկ այլ հատվածի: Քսան տարվա ընթացքում այդ հատվածն անհնար եղավ միացնել, որովհետեւ այդտեղ մարդիկ էին ապրում, սեփականություն ունեին, որը տնօրինում էին, ինչպես իրենք էին ուզում, իսկ պետությունը, որ տարածքը գերակա շահի գոտի էր հայտարարել, ամեն անհատի հետ պետք է համաձայնության գար, վճարեր, սակայն դա քսան տարվա ընթացքում հնարավոր չեղավ: Ասածս այն է, որ ժողովուրդը կարողանում էր պաշտպանել իր սեփականության իրավունքը, թեկուզ դա խարխլված տուն է, բայց դա իր պատմությունն է, մարդիկ կային, ասում էին՝ այստեղ իմ պապն է ծնվել… Հայաստանում, ցավոք, պատկերն այլ է…

Գ. Հ.- Արամի 30 հասցեի շենքը գիշերով քանդվելուց հետո մի խումբ մտավորականներ միացան եւ ստեղծեցին «Երեւան» նախաձեռնությունը, որով ընդդիմանում էին շենքերի «սպանդին», ինչպե՞ս եք վերաբերվում նման նախաձեռնություններին:

Ս. Պ.– Դրական եմ վերաբերվում, վերջին իրադարձությունները մտավորականության խնդիրն են, քաղաքի ու պատմության խնդիրը, եւ բոլոր այն մարդիկ, որոնք մտավորական են համարվում կամ ընդհանրապես մտածելու ունակություն ունեն, բնականաբար՝ պետք է ընդվզեն: Ցավոք, մտավորականության մի հատվածն էլ Արամի 30-ը ձեւակերպեց որպես «սարայ»՝ այն դեպքում, երբ այդ «սարայը» քաղաքի կենտրոնում էր, էլիտար տուն է եղել, պատմություն է կերտվել, մարդիկ են ապրել, դրանք եղել են քաղաքացիներ: Մեր օրերում այդ շենքը գաղտնի, հանցագործի պես գիշերով քանդեցին: Ավանդույթ է ձեւավորվել՝ ինչ էլ որ արվում է, ակնհայտ, բաց չի արվում, ժողովրդին մարդու տեղ չեն դնում, ասում են՝ ինչ ուզում ենք, անում ենք:

Գ. Հ.– Պարոն Պողոսյան, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, թե ժամանակին էլ Հին Երեւանի նշանավոր եկեղեցիներից մեկի՝ Գեթսեմանի մատուռի տեղում է Թամանյանը կառուցել օպերայի շենքը։ Այն ժամանակ էլ Թամանյանին էին քննադատում, բայց արդյոք այսօր ունե՞նք Թամանյանի տրամաչափի ճարտարապետներ, որ այսօրվա քանդումները արդարացվեն:

Հ. Պ.– Նման ճարտարապետների պետք չի թվարկել, թեեւ կարող եմ անուններ ասել, բայց Թամանյանը Թամանյան է: Երբ Թամանյանը գլխավոր հատակագիծը արեց, նա ընդունեց այն փողոցային ցանցը, որ կար Հին Երեւանում, եւ այդ փողոցներն ունեին անուններ: Առաջին Հանրապետության ժամանակ ընդամենը մեկ փողոցի անուն փոխվեց, դա Ցարսկայա փողոցն էր, որը հիմա Արամի է կոչվում: Այսօր բոլոր փողոցներն են փոխվել, ես հին երեւանցի լինելով՝ դժվարությամբ եմ կողմնորոշվում, թե որը որ փողոցն է: Երբ մարդու հիշողությունը վերացնում ես, նա ուրիշ մարդ է դառնում: Հիմա որ Արամի 30-ը քանդեցին, այսօրվա սերունդը չգիտի, թե այդ շենքը որ փողոցի վրա է կառուցվել, որովհետեւ Արամը էն ժամանակ չի եղել… Այսինքն՝ այդ պատմության մի մասն էլ փողոցի անունն էր:

Գ. Հ.– Երեւանի գլխավոր հատակագծով Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է ստեղծել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը՝ կորսված ու քանդված պատմության եւ մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվելու է այդ փողոցներից կազմաքանդված շենքերով: Օրինակ՝ գիշերով բուլդոզերով քանդված Արամի 30-ը հնարավո՞ր է վերականգնել «Հին Երեւանում»: Եվ արդյոք հավատո՞ւմ եք այդ նախագծի կյանքի կոչվելուն:

Հ. Պ.- Նախագիծը կարող է եւ կյանքի կոչվել, բայց արդյոք դա լա՞վ կյանք է, այդ է խնդիրը: Հին Երեւանի շենքեր կան այդ փողոցների վրա, եւ որոշել են, որ քանդվածներն էլ պետք է բերեն դրանց շուրջը հավաքեն, բայց որպեսզի ինչ-որ մեկը այդ նախագիծը ֆինանսավորի, պետք է որ օգուտ ունենա: Նախագիծն իրատեսական է, բայց վատն է՝ իմ կարծիքով:

Ս. Պ.- Ես կուզենայի, որ որոշ ժամանակ արգելք դրվեր Թամանյանի անվան վրա, այլապես ինչ որ արվում է, արդարացվում է Թամանյանի անունից, Թամանյանի անունը շիրմա են սարքել, ինչ ուզում՝ անում են: Այն, որ շենքերը վերականգնվելու են, անիմաստ բան է, երկրորդը՝ այն տները, որ քանդվել են, դրանց համարակալված քարերի մեծամասնությունը, վստահ եմ, այլեւս չկա, գտնելու դեպքում էլ իրար վրա չեն շարվելու: Բացի այդ, այսօր գտնել 100-150 տարվա հոգեբանությամբ վարպետ, որը ձեռքով քարը մշակել է, քարը քարի վրա դրել, իր սերն է դրել շենքի հիմքում, հնարավոր չէ, լավագույն դեպքում կստացվի բուտաֆորիա, ինչպես Հյուսիսային պողոտայի դեպքում եղավ: Կանգնեցվել են Դիսնեյլենդական կառույցներ, հնարավոր է այսօրվա պահանջը դա է, բայց երեկվա պահանջը չենք էլ կարող ձեւակերպել: Ընդհանրապես մեր քաղաքից վերացել է ազատ հասարակական տարածք հասկացությունը, նույնիսկ մայթերը ազատ չեն, բոլորը օրինական սեփականաշնորհված տարածքներ են: Պատմական արժեքն ու սեփականության իրավունքը, փաստորեն, Հայաստանում հակասության մեջ են, բայց այստեղ միայն օրենսդրության հարց չէ, հարցի նաեւ բարոյական կողմը կա:

Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Մանրամասները՝

«Առավոտ» օրաթերթ
27.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29