Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Պետք չէ վախենալ «էլիտար» լինելուց

Փետրվար 29,2016 15:30

«Շուստրիների» պարզունակ մտածողությանը
պետք է հակադրվի այլ մտածողություն

Վերջերս «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ինձ ասաց, որ Հայաստանում միջինը վաճառվում է ամեն մի հրատարակած գրքից 40 օրինակ: Վրաստանում 19 անգամ ավելի շատ: Ոմանք կասեն՝ «դե, գրքի ի՞նչ ժամանակն է, մարդիկ ուտելիքի համար փող չունեն. այ, երբ տնտեսական խնդիրները լուծվեն, այդ ժամանակ էլ կսկսեն կարդալ»: Բայց դա, կարծում եմ, պատրանք է: Ճիշտ հակառակը՝ մինչեւ չսկսեն 20 անգամ ավելի շատ կարդալ, մինչեւ կարդացած լինելը հարգի չդառնա, մինչեւ «հաջողության հասած» եւ բարձր ամբիոններից խոսացող մարդկանց աչքերում մենք չտեսնենք «գրքի լույսը», ոչ մի տնտեսական խնդիր չի լուծվի: Որովհետեւ այդ խնդիրները պայմանավորված են պետության՝ չկայացած լինելով, իսկ պետության հիմքերից մեկը իսկական «էլիտա» ունենալն է:

Խնդիրն, իհարկե, վերաբերում է ոչ միայն այսօրվան եւ ոչ միայն Հայաստանին: «Նույնիսկ այն բարդ խնդիրները, որոնք ամբողջությամբ վերաբերում են նյութական, տնտեսական ոլորտին, կարող են լուծվել միայն համոզմունքների էթիկացման միջոցով: Հասարակական կյանքի հիմունքների ամենանպատակահարմար վերակազմակերպումը կարող է միայն որոշ չափով առաջ մղել, բայց ամբողջությամբ ի վիճակի չէ լուծել խնդիրները: Մեզ համար միակ իրատեսական ճանապարհն է՝ նախեւառաջ հին պայմաններում նոր մարդ դառնալը, ձեւափոխվել նորացված մտածողությամբ հասարակության, այնքան մեղմել հակասությունները ժողովուրդների միջեւ ու ժողովուրդների ներսում, որ կրկին հնարավոր լինի ապրել մշակույթի պայմաններում»,- 1960 թվականին գրում էր գերմանացի հումանիստ Ալբերտ Շվեյցերը: Թվում է, թե դարձյալ մտավորականի դատարկ երազանքներ են՝ ոչ Գերմանիան, ոչ էլ աշխարհը այդ դեղատոմսին չեն հետեւել եւ, ըստ ամենայնի, չեն պատրաստվում հետեւել:

Եթե 56 տարի առաջ լիներ համացանց եւ Շվեյցերը նման գրառում աներ «Ֆեյսբուքում», ապա դժվար թե նա բազմաթիվ «լայքեր» հավաքեր: Հակառակը՝ շատ հավանական է, որ տակը «ջղային» մեկնաբանություններ անեին՝ վկայակոչելով իրենց դարդերը եւ իրենց դժգոհությունները այս կամ այն մարդուց: Բայց չկրկնել այն պարզ ճշմարտությունը, որ վերացնել արատները հնարավոր է միայն բուժելով հասարակությունը, եւ որ հասարակությունը հնարավոր է բուժել միայն բարձր եւ «էլիտար» ստանդարտներ դնելով նրա առջեւ՝ չասել դա նույնպես սխալ կլիներ: Սխալ է վախենալ ծիծաղելի, չհասկացված, չափից դուրս «իդեալիստ» երեւալուց, սխալ է մտահոգվել, թե ո՛ր «աբիժնիկը» ո՛ր պատճառով է իր նեղվածությունն արտահայտելու:

Այդ ամենը հաշվի առնելով՝ ես սկզբունքային եմ համարում, որ այսօրվա Հայաստանում մարդիկ շարունակեն հրապարակավ խոսել կյանքի իմաստի բարդ եւ «վերացական» խնդիրների մասին, որ շարունակեն հայերեն (անպայման հայերեն, անպայման մեսրոպյան տառերով) լույս տեսնել հայ եւ արտասահմանցի հեղինակների լուրջ, մտածելու տեղիք տվող գրքեր, որ գրվի եւ կատարվի նման երաժշտություն, բեմադրվեն նման ներկայացումներ, ստեղծվեն նման կտավներ: Այո, այդ ամենը զանգվածային սպառման համար նախատեսված չէ, բայց վստահ եմ՝ անուղղակիորեն ազդում է զանգվածների վրա. նրանք ինչ-որ մի անկյունում տեսնում են լույսի շող, որը գուցե չեն հասկանում, շատ հավանական է՝ մերժում եւ հեգնում են, բայց նրանք գիտեն, որ դա լույսի շող է, եւ ենթագիտակցաբար հաշվի են նստում դրա գոյության հետ:

Ես համոզված եմ, որ պետականության կայացման կարեւորագույն նախապայմաններից է «էլիտայի», ազնվականության, արիստոկրատիայի կայացումը: Այդ եզրերի մեջ պետք չէ պարտադիր դրական իմաստ տեսնել. էլիտան կարող է լինել նացիստական կամ ստալինյան՝ այո, հրեշավոր, հանցավոր, բայց ոչ ոք, կարծում եմ, չի հերքի, որ այդ պետությունները կայացել էին եւ ունեին իրենց «էլիտան»: Շատ ավելի ցանկալի է, որ էլիտան լինի ժառանգական, տոհմական: Մենք հեգնանքով ենք վերաբերվում այն փաստին, որ Վրաստանում ամեն երկրորդն իրեն «կնյազ» է համարում, բայց արի ու տես՝ երբ այդ ինքնագիտակցությունն արթնանում է, պետական շինարարությունը շատ ավելի բարեհաջող է ընթանում, ինչի վկայությունն է ժամանակակից Վրաստանը: Մեր 25 տարվա «վերնախավի» ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ նրանք ոչ անհատապես, ոչ էլ տոհմական առումով «էլիտա» չեն՝ պարզապես «աչքաբաց», «շուստրի» տղերք են եւ այդքանով արտահայտում են տասնամյակների (ոչ միայն վերջին 25 տարվա) զանգվածային մտածողությունը:

Թիրախը պետք է լինի այդ մտածողությունը, ոչ թե դրա կրողները: Իսկ մտածողությանը կարելի է հակադրել միայն մտածողություն՝ այնպիսի մտածողություն, որը մենք պայմանականորեն «էլիտար» ենք համարում: Այնպես որ՝ պետք չէ վախենալ «էլիտար» լինելուց: Ինչպես ասել է մեկ այլ հումանիստ՝ Լեւ Տոլստոյը՝ «արա, ինչ որ պետք է, եւ թող լինի այն, ինչ լինում է»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
27.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Էլի սկսվեց գովազդը…

  2. Նարեկ says:

    Լավ եք գրել: Ձեր մի երկու օր առաջվա նյութում էլ գրել եք. «Ճշտով» ապրելու», քեզնից տարբերվողներին փնովելու եւ վանելու, «շուստրի եւ աչքաբաց» լինելու մշակույթին պետք է փոխարինվի համագործակցելու, օգնելու, կիսվելու, ամեն մեկի անհատականությունը, տեսակետը, ապրելակերպը հարգելու, օրենքի եւ իրավունքի առաջ պատկառելու մշակույթը:

    Լավ: Այդ դեպքում սրան ինչ կասեք. A1+ հեռուստաընկերությունը փետրվարի 23-ին ռեպորտաժ է հեռարձակում 84-ամյա Աշոտ Կիլիկյանի մասին, որը ապրում է Պուշկին 4/5 հասցեում եւ պնդում, որ իր տունը խլել է ուզում Սամվել Մայրապետյանի «Լոկալ Դեւելոփըրզ» ընկերությունը: Դուք էլ կարդում եք ռեպորտաժի բացումը: Կրկնեմ` փետրվարի 23-ին; Իսկ փետրվարի 26-ին Առավոտ թերթում նույն թեմայով թղթակցություն է` առանց A1+ -ին հղում անելու: ՈՒր մնաց օրենքի եւ իրավունքի առաջ պատկառելու մշակույթը???:

    Եվ սա ձեր հեղինակ Նելլի Բաբայանի առաջին նման վարքը չէ: Թեմա չունի, ուրիշներից է թխում ու հղում չի անում:
    ՈՒր մնաց օրենքի եւ իրավունքի առաջ պատկառելու մշակույթը???:
    ՈՒր մնաց օրենքի եւ իրավունքի առաջ պատկառելու մշակույթը???:
    ՈՒր մնաց օրենքի եւ իրավունքի առաջ պատկառելու մշակույթը???:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Նույն խնդրին անդրադարձող «Ա1+»-ի եւ «Առավոտի» տեքստերը տարբեր են: Մոդերատորներին` ինձ թվում է, այս մեկնաբանությունը վիրավորանք եւ հերհուրանք է պարունակում Նելլի Բաբայանի հասցեին:

  3. Կիլիկյանի հետ հարցազրույցին մասանկցել եմ Ա1+-ի եւ մեկ այլ լրատվամիջոցի լրագրողների հետ: Նույն տեղեկությունը միաժամանակ ստանում են մի շարք լրատվամիջոցներ:Եթե որեւէ լրատվամիջոց մի թեմայի մասին գրում է, ապա դա չի կարող մյուսների համար նույն խնդրին անդրադառնալու արգելք հանդիսանա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29