Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է Առաքել Մովսիսյանն էլ «կբռնաբարեմ» ասելով է սաստում (Տեսանյութ)

Փետրվար 29,2016 15:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշել է կարճել ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ բողոքը՝ հիմնավորելով, որ Շուշան Պետրոսյանի կողմից «լակո՛տ, աչքերդ կհանեմ» արտահայտությունը պետք է ընկալել ոչ թե սպառնալիք, այլ՝ որպես խրատ:

Ընդ որում, հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը բացատրում էր, թե Շուշան Պետրոսյանը հաստատ չէր գնա ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի աչքերը հաներ, հետեւաբար՝ սպառնալիք չէ, էթիկայի խախտում չկա:

Լրագրողները հարցրեցին՝ փաստորեն, երբ Առաքել Մովսիսյանն ասել էր՝ կբռնաբարեմ ու դա խախտում էր դիտվել՝ հավանականություն կար, հա՞, որ կբռնաբարեր՝ Խոսրով Հարությունյանը կարկամեց. «Դա…ես չեմ եղել էդ ժամանակ, հավանականություն կար, թե չէ, բայց կար սպառնալիք: Եթե խախտում են նկատել, ուրեմն դա համարել են էթիկայի կանոնների խախտում: Ես այն ժամանակ հանձնաժողովում չեմ եղել»:

Հարցին՝ ի՞նչ տարբերություն, աչքերդ կհանեմ, թե՞ կբռնաբարեմ՝ երկուսն էլ ֆիզիկական բռնություն են այնուամենայնիվ, մի դեպքում ճանաչում են խախտում, մյուս դեպքում չեն ճանաչում, միգուցե նա է՞լ էր սաստում, խրատում՝ ասելով, որ կբռնաբարեմ՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե, հարկավոր էր պարոն Առաքել Մովսիսյանին հարցնել: Կարող է նա էդպես է սաստում»:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ամեն մի կոնկրետ դեպքում պետք է դիտարկել դեպքը, հետո դիմեց լրագրողներին. «Ձեր հայրն էլ կարող է ձեզ անվաներ լակոտ, ուրեմն դա պետք է դիտել սպառնալի՞ք: Ձեր հայրը կարող էր ասել՝ լակո՛տ, հիմա կգամ ականջներդ կկտրեմ, դուք դա կդիտեիք սպառնալի՞ք, հա՛րց եմ տալիս»:

Լրագրողները պատասխանեցին՝ Շուշան Պետրոսյանը կարծես ֆեյսբուքյան օգտատիրոջ մայրը չի եղել: Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Չնայած հիմա եվրոպական օրենսդրությունը հոր ապտակն էլ է դիտում որպես խախտում»:

Խոսրով Հարությունյանը նեղսրտեց, որ ԶԼՄ-ներն ուզում են Լինչի դատաստանի ենթարկել Շուշան Պետրոսյանին, բայց չեն ուզում ոչ մի խոսք ասել օգտատիրոջը, որ շատ կոշտ ու կոպիտ էր արտահայտվել, ասել էր՝ նողկում եմ իշխանություններից, ՊՆ-ից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29