Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների մինչև 25 %-ը քաղցած է մնում տանը սննդի անբավարարության պատճառով

Փետրվար 29,2016 17:40

Լոռու մարզի 5` Քարինջ, Դեբետ, Ձորագյուղ, Դսեղ և Թումանյան համայնքներում ու Արմավիրի մարզի 1 գյուղում՝ Դալարիկում, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) աջակցությամբ վերանորոգվել և վերազինվել է 6 դպրոցական ճաշարան:

Հիմնադրամը տրամադրել է անհրաժեշտ շինարարական նյութերը, կահույք, սարքավորումներ և սպասք, դպրոցներն էլ, իրենց հերթին, իրականացրել են վերանորոգումը: Դպրոցներն ընտրվել են մրցութային կարգով, որի հիմնական չափանիշներն են գործի կազմակերպման մեջ դպրոցի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը և ֆինանսական ներդրումը:

Ճաշարանների բացումը տեղի ունեցավ Քարինջում, որին ներկա էին բոլոր 6 համայնքների դպրոցների տնօրենները: Նրանք ներկայացրին իրականացված աշխատանքները, քննարկեցին ծրագրի հաջողությունները և մարտահրավերները:

Վերոնշյալ ճաշարանները համալրում են վերջին տարիներին COAF-ի աջակցությամբ վերանորոգված ճաշարանների ցանկը՝ ընդհանուր թիվը հասցնելով 13-ի, որոնցից 7-ն Արմավիրի մարզում են, 1-ը՝ Արագածոտնի, 5-ը՝ Լոռու մարզերում:

COAF-ը շարունակելու է աջակցել վերանորոգված ճաշարաններին՝ տրամադրելով թարմ սնունդ և պատշաճ հիգիենա պահպանելու անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաներ: Ծրագրի շնորհիվ ամեն օր առողջ սննդի հնարավորություն է ունենում, ընդհանուր առմամբ, շուրջ 1082 երեխա Հայաստանում:

Հիմնադրամը կարևորում է դպրոցական ճաշարաններին աջակցությունը՝ հիմք ընդունելով Հայաստանում իրականացված Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության զեկույցը, որում նշված է, որ դպրոցահասակ երեխաների 44-54 %-ը չի նախաճաշում, երեխաների մինչև 25 %-ը քաղցած է մնում տանը սննդի անբավարարության պատճառով, իսկ գյուղաբնակ երեխաների 60 %-ից ավելին սննդակարգում միրգ և բանջարեղեն չի օգտագործում:

Հիմնադրամի առողջապահական ծրագրի կողմից դպրոցներում առողջ սննդի կազմակերպումն ապահովում է գյուղական համայնքների տարրական դպրոցի աշակերտների առողջ սնունդը և դպրոցներում հիմնված «ատամնակայանների» միջոցով հնարավորություն տալիս ամեն օր ճիշտ մաքրել ատամները, ինչպես նաև ուտելուց առաջ և հետո պահպանել հիգիենայի ճիշտ կանոնները:

Դպրոցական ճաշարանների աջակցության ծրագիրն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ, որի շնորհիվ ապահովվում է ծրագրի շարունակականությունը:

COAF-ի առողջապահական ծրագրի անբաժանելի մաս են առողջ ապրելակերպի դասընթացներն ու խմբակների գործունեությունը, առողջությունը խրախուսող համադպրոցական միջոցառումների կազմակերպումը, ուսուցիչների վերապատրաստումները, համայնքային առողջապահական կրթության շրջանակներում տեղեկատվական նյութերի տպագրումն ու տարածումը, «Ատամների համապարփակ խնամք» ծրագրի իրականացումը և այլն:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29