Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեւորված Բալասանյանը, 23 միլիոն եվրոյին սպասող գյումրեցիները ու այդ քաղաքի ձեռքից գնացող փողոցները. (Ֆոտոշարք)

Փետրվար 29,2016 19:50

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երկու օր առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահական հրավիրելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին,  խոստացավ  հաստատել 23 միլիոն եվրոյի վարկը՝ Գյումրու փողոցաշինության ու լուսավորության համար: Ավելին, նախագահը խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որր Սամվել Բալասանյանին հրավիրել է հենց այդ հարցին հիմնավոր լուծում տալու համար:

«Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենալով առաջին կարգի ճանապարհ՝ Գյումրի-Երևան, շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու՞ Գյումրիի փողոցները բարեկարգ չեն և, ընդհանրապես, ինչո՞ւ Գյումրին վերջնական բարեկարգ տեսք չի ստանում, չնայած վերջին տարիներին, այդ թվում նաև Ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո, մենք մեր հանրապետության չափանիշներին համապատասխան, մեծ գումարներ ենք տրամադրել Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը:

Այս առումով, կարծում եմ, որ անհրաժեշտ է և ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը: Շատ կարճ ժամանակ հետո պետք է ձևավորել ծրագրի իրականացման գրասենյակ, և այդ աշխատանքներն ավարտել: Սկսել և ավարտել այն հաշվով, որպեսզի, երբ մենք 2018թ. ավարտենք Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, Գյումրիում ևս լինի բարեկարգ վիճակ»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

Նախագահի այս խոստումը, բնականաբար, առաջին հերթին ոգեւորել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որն այդ խորհրդակցության ազդեցության տակ երկար ժամանակ միայն այս հաջողությունից էր խոսում: Նա տարբեր հյուրերի հետ հանդիպման ու ասուլիսների ժամանակ կրկնում էր, թե վերջապես Գյումրին կփրկեն ցեխերից, գյումրեցին էլ կսկսի մարդավայել ապրել:

Չնայած այս ամենին՝ գյումրեցիները շարունակում են ցեխոտ փողոցների մեջ բառի իսկական իմաստով՝ խեղդվել, իսկ երկու օր առաջ խայտառակ եղան, քանի որ դրսից եկած հյուրերը «Ֆանտաններ» թաղամասում աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի  համերգին մասնակցելու համար ստիպված էին ցեխերի միջով ցատկել: Օրի-օրի կյանքը Գյումրիում անտանելի է դառնում. մշակութային մայրաքաղաքի բնակիչները հատկապես մարտ-ապրիլ ամիսներին ստիպված իրենց տնային կալանքի են դատապարտում, քանի որ շատերը ցեխերին դիմակայելու կոշիկներ չունեն:

IMG_2278 IMG_2287 IMG_2291 IMG_2314 IMG_2315 IMG_2293

Ի վերջո, ինչո՞ւ տեղ չի հասնում վարկը, մի՞թե դա պարզապես խոստում էր, որ հնչեցվեց սահմանադրական փոփոխություններին ընդառաջ՝  գյումրեցիներից «այո» կորզելու կամ  մայր օրենքի փոփոխությունների ֆոնին այս քաղաքի բնակիչների խիստ քննադատությանը չարժանանալու համա՞ր:

Շիրակի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ դա լինելով վարկային ծրագիր, պարտադիր պետք է հաստատվի Ազգային ժողովում, քանի որ վարկի երաշխիքը տալիս է պետությունը: Այնուհետ պետք է հաստատվի այն կազմակերպության անվանումը, որը տնօրինելու է այն, դրանից հետո  պետք է ընտրվեն փողոցները: Այս ընտրությունից հետո նախագծման  հայտարարություն պետք է արվի, դրանք ներառում են նաեւ ջրահեռացման, մայթերի բարեկարգման, լուսավորության նախագծերը, նոր միայն մրցույթ հայտարարվի աշխատանքները կազմակերպելու համար:

«Դա երկար ճանապարհ է պահանջում, այնպես չէ, որ նստում, ասում ենք՝ նախագահն ինչի՞ չտվեց փողը: Եթե այսօր նախագահը փողը տվեց, դա վաղը հասարակական քննարկման պետք է ներկայացվի. ո՞ր փողոցը պետք է սարքվի՝ Սայաթ-Նովա՞ն կամ  Շիրակացի՞ն, ընտրեցի՞նք այս փողոցները, ուրեմն պետք է հայտարարենք Շիրակացու նախագծման մրցույթ, որի մեջ պետք է լինեն ջրահեռացում, լուսավորություն, մայթ, կանաչապատում, ծառապատում: Ով որ հաղթեց այս նախագծի համար հայտարարված մրցույթը, նախ որակը, ճաշակը ու  ամենակարեւորը գինը, նախագիծը ունենալուց հետո նոր միայն պետք է հայտարարել կառուցողի մրցույթ, իսկ այս ամենը ժամանակ է պահանջում: Եթե հենց այսօր սկսենք, մենք սեպտեմբերին նոր կարող ենք շինարարություն սկսել: Այս բոլորն իր կատարման կարգը ունի, իրականացման կարգ կա, օրենք կա, բոլորս էլ շտապում ենք, բայց սա է կարգ»,-մեզ պարզաբանեցին  մարզպետարանից:

Նկատենք, որ  Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկն էր պատրաստակամություն հայտնել  դրամաշնորհ ու վարկեր տրամադրել ՀՀ կառավարությանը՝ Գյումրիի փողոցաշինության, ժամանակակից լուսավորության ու ջրահեռացման համակարգ ունենալու համար: Նախատեսված գումարից ավելի քան 5,3 միլիոն եվրոն դրամաշնորհ է, այսինքն` անհատույց գումար, մնացածը տրամադրվելու է չնչին տոկոսադրույքով՝ տարեկան 1.8 տոկոսով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Derenik says:

    Շիրակացի փողոցը սարքվեց երկու տարի առաջ, էլի պետական փողերով ու հիմա ցեխը նորից ելել հասել է մարդկանց բկներին, ասֆալտը կոֆեյի պես հալվել գնացել է, այսինքն , նոր սարքած փողոցը չդիմացավ երկու տարի, գուցե սա էր պատճառոը , որ Սերժ Սարգսյանը Բալասանյանին հարցրեց.՞ Խոստանո?ւմ ես, որ ամեն մի ցենտ իր նպատակին է ծառայելու՞Այ այստեղ փնտրեք շան գլուխը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29