Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Անկախ նրանից՝ այդ արտահայտությունը կոնկրետ հասցեատեր ունի, թե ոչ, խոսքը վերաբերում է բառապաշարին». Սաքունց

Փետրվար 29,2016 21:03

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարճել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիմումի ընթացքը ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ՝ «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտության հետ կապված: Հանձնաժողովը գտել էր, որ պատգամավորը էթիկայի կանոնների խախտում թույլ չի տվել:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամները քննադատեցին, որ Արթուր Սաքունցը դիմում է գրել, հրավիրել են նիստի՝ չի եկել:

Մեզ հետ զրույցում Արթուր Սաքունցը պարզաբանեց. «Հանձնաժողովի կողմից իրազեկվել ենք, որ նիստ է լինելու, պատասխանել ենք, որ իմաստ չենք գտնում նիստին մասնակցել, որովհետեւ դա դատական գործընթաց չի, որ մենք փաստարկներ ներկայացնենք՝ արդյոք նման արտահայտություն եղե՞լ, է, թե՞ ոչ: Արտահայտությունը եղել է սոցցանցերում, հանրությանը դա հայտնի է, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին եւ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում: Հանձնաժողովն ինքը պետք է գնահատեր դա էթիկայի կանոնների խախտո՞ւմ է, թե՞ ոչ՝ ելնելով էթիկայի իր պատկերացումներից, ԱԺ պատգամավորի վերաբերյալ գոյություն ունեցող իրավական պահանջներից: Ինքը պետք է գնահատեր: Ես գնայի իրենց սովորեցնեի, թե ինչպե՞ս պետք է գնահատեն: Ես անելիք չունեի»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, եթե Շուշան Պետրոսյանը լակոտ, աչքերդ կհանեմ ասեր ակադեմիկոսի, վաստակաշատ մեկի, դա վիրավորական կլիներ, իսկ տվյալ դեպքում վիրավորանք չկա: Արթուր Սաքունցի խոսքերով՝ «Անկախ նրանից՝ այդ արտահայտությունը կոնկրետ հասցեատեր ունի, թե ոչ, խոսքը վերաբերում է բառապաշարին՝ ընդունելի՞ է արդյոք ԱԺ պատգամավորի կողմից նման բառապաշարով կարծիք արտահայտելը: Հիմա, փաստորեն, ԱԺ էթիկայի հանձնաժողովը փաստում է, որ դա թույլատրելի է»:

Խոսրով Հարությունյանն ասել էր, որ խորհրդակցել են մի քանի փաստաբանների հետ, վերջիններս էլ ասել են, որ Շուշան Պետրոսյանի խոսքերը սպառնալիք չեն կարող դիտվել:

Արթուր Սաքունցի խոսքերով՝ «Ես չգիտեմ ինչ փաստաբանների հետ են խոսել, անուններն էլ չեն հրապարակում, Փաստաբանական պալատում 1000-ից ավելի փաստաբան կա՝ ամեն որակի, ամեն տեսակի, տարբեր բովանդակության: Բայց Քրեական դատավարության օրենսգրքով սպառնալիքներ տեղալն արդեն իսկ քրեորեն հետապնդելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29